Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵԽ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ Մասնավորապես նրանք էին, որ հոկտեմբերի 20-ի ՏԻՄ-ընտրությունները, նախնական տվյալներով, գնահատեցին՝ որպես իջազգային չափանիշներին համապատասխան: Եւ միայն լրագրողների դիտարկումներից եւ կեղծիքների փաստեր մատնանշելուց հետո նրանք տեղի տվեցին՝ հայտարարելով, թե այդ կարծիքը դեռեւս վերջնական չէ, եւ որ իրենք դեռ պաշտոնապես չեն հայտարարել ընտրությունների ազատ եւ արդար լինելու մասին: Նրանք նաեւ հավաստիացրին, թե կողջունեն, եթե եղած խախտումների մասին նրանց տվյալներ տրամադրվեն, ինչը եւ կփորձենք անել՝ հիմնվելով մեր ձեռքի տակ եղած եւ քաղաքացիների կողմից ներկայացված բողոք-դիմումների, թեկնածուների վստահված անձանց ու տեղական դիտորդների կազմած արձանագրությունների վրա: Ու քանի որ մեր նախորդ համարում խոստացել էինք ներկայացնել մասնավորապես Կենտրոն համայնքում տեղ գտած կեղծիքների եւ օրինախախտումների մասին, ուստի՝ սկսենք հենց դրանցից: Ահավասիկ Տիգրան Մեծ 53 շենքի բնակիչ Ռուզաննա Գալստյանն էլ էր հասցեագրել թիվ 15/33 տեղամասային հանձնաժողովի նախագահ Ա.Առուստամյանին եւ վստահված անձ Ա.Զոհրաբյանին իր դիմում-բողոքը, որում մասնավորապես ասված է. «լինելով վերը նշված տեղամասում եւ կատարելով ընտրողի իմ իրավունքը, նկատեցի, որ քվեաթերթիկ հատկացնող անձը արդեն ստորագրել է սկեսուրիս՝ Դադոյան Թերեզայի անվան դիմաց», որն, ի դեպ, բնակչի պնդմամբ՝ անկողնային հիվանդ է եւ քվեարկության չի էլ գնացել: Անդրադառնանք նաեւ վստահված անձանց կազմած արձանագրություններին, որոնք մեծ մասամբ այդպես էլ տեղամասերում հանձնաժողովականները հրաժարվել են մուտքագրել գրանցման մատյան: Կենտրոն. թիվ 15/02 Այստեղ թեկնածուներ Ա.Զուրաբյանի, Ա.Աղինյանի, Ռ.Բոյնագրյանի վստահված անձինք արձանագրել են՝ «…19:20-ի սահմաններում ժամանած ընտրողը հայտնաբերեց, որ ընտրացուցակում իր անվան դիմաց արդեն լրացված է: Մոտ 15 րոպե անց մեկ այլ ընտրող՝ տեսնելով, որ իր որդու անվան դիմաց լրացված է, հայտարարեց, որ վերջինս հանրապետությունում չէ», իսկ հանձնաժողովը հրաժարվել է դրանք քննարկել՝ պատճառաբանելով, թե ժամանակ չունեն: Թիվ 15/08 տեղամաս Թեկնածուներ Ա.Աղինյանի, Ա.Զուրաբյանի եւ Ռ.Բոյնագրյանի վստահված անձինք դիմում-բողոք են ներկայացրել առ այն, որ «ընտրացուցակում Միրզոյան ազգանվան դիմաց թույլ են տվել ստորագրել եւ քվեարկել անձնագրով Միրզախանյան չորս հոգուն»: Թիվ 15/09 տեղամաս Այստեղ քվեարկություններից հետո ձայների հաշվառման ժամանակ թաղապետի թեկնածու Ա.Զուրաբյանի օգտին քվեարկված թերթիկները անվավեր են համարվել, իսկ Գ.Բեգլարյանի անվավերները համարվել են վավեր: Թեկնածուներ Ա.Զուրաբյանի եւ Ռ.Բոյնագրյանի վստահված անձանց թույլ չեն տվել տեսնել Ա.Զուրաբյանի անվավեր համարված քվեաթերթիկներում արված նշումը, մինչդեռ վերջիններս կարծիք են հայտնել, թե դրանք միտումնավոր են անվավեր հաշվվում: Նույնաբովանդակ բողոք են ներկայացրել նաեւ թիվ 15/10 ընտրատեղամասի վստահված անձինք՝ ընդգծելով, թե դա «Ընտրական օրենսգրքի» 139 հոդվածի խախտում է: Թիվ 15/21 տեղամաս «Մարդու իրավունքների հայկական կենտրոնի» դիտորդ Ս.Խեկոյանի եւ 3 թեկնածուների վստահված անձինք արձանագրություն են կազմել՝ փաստելով, որ այս տեղամասում ժամը 18-ին հանձնաժողովը հայտարարել է, թե ընտրություններին մասնակցել է 760 ընտրող, «մինչդեռ տարբեր թեկնածուների վստահված անձանց հաշվարկով՝ նույն պահի դրությամբ քվեարկել է 648 ընտրող»: Արձանագրություն կազմած անձինք կասկած են հայտնել «հանձնաժողովի անաչառության վերաբերյալ»: Նույն տեղամասում վերջիններս նաեւ դիմում-բողոք են ներկայացրել. «Ժ.18:35-ի սահմաններում, երբ Ա.Զուրաբյանի վստահված անձ Ա.Քոչարյանը փորձեց ստուգել որոշ ընտրողների գրանցումների իսկությունը, հանձնաժողովի նախագահ Դ.Այվազյանը եւ քարտուղար Ա.Ղազարյանը ոչ միայն թույլ չտվեցին նրան օգտվել օրենքով վերապահված իրավունքից, այլեւ՝ փորձեցին ՆԳ աշխատակիցների օգնությամբ սկզբից համոզել, որ չդիմի այդ քայլին, այնուհետեւ դուրս հրավիրեցին նրան: Խառնաշփոթի ժամանակ արկղ լցվեց մի քանի տասնյակ քվեաթերթիկ»: Թիվ 15/23 տեղամաս Հիշյալ տեղամասում վստահված անձինք՝ Ռ.Քոչարյանն ու Մ.Եղիազարյանը, իրենց դիմում-բողոքում արձանագրել են. «…նկատել ենք «Ընտրական օրենսգրքի» մի շարք խախտումներ, որոնք ազդում են ընտրությունների արդյունքների վրա: Համաձայն ԸՕ 30, 56, 61/7 հոդվածների եւ ԿԸՀ 11.05. 99թ. արձանագրություն 22-ի կետ 10-ով մեզ հնարավորություն չի ընձեռվել տեսադաշտում վերահսկել քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքը: Ուստի, խնդրում ենք, համաձայն ԸՕ հոդված 62-ի, կետ 10-ի, բաց անել տվյալ տեղամասի թեկնածուների օգտին տրված ձայների, ինչպես նաեւ՝ անվավեր քվեաթերթիկների փաթեթը, որից պարզ կլինի ընտրությունների իրական պատկերը»: Ահավասիկ, սրանք արձանագրված խախտումների, դիմում-բողոքների միայն «անմեղ» դրվագներն են: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ Շարունակելի