Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՉԷ, ՈՐ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԷԻՆՔ»

Հոկտեմբեր 23,2002 00:00

«ՄԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՉԷ, ՈՐ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԷԻՆՔ» Ասում է Արարատ Զուրաբյանի նախընտրական շտաբի ղեկավար, ՀՀՇ վարչության անդամ Վահագն Հայոցյանը: -Կենտրոնում ընտրությունների արդյունքները դատարանում չվիճարկելու վերաբերյալ ՀՀՇ որոշումը հասկանալի է, եթե նկատի առնենք դատական համակարգի կախյալության մասին վկայող փաստերը, բայց այնուամենայնիվ՝ չե՞ք պատրաստվում օրինախախտումների մասին վկայող փաստերը եւ արձանագրությունները դարձնել հանրության սեփականությունը: – Դատական մարմիններին դիմելը համարում եմ ժամանակի կորուստ. որեւէ լուծում չենք ստանալու՝ բացի նրանից, որ դատարանների միջոցով օրինականացվելու են կատարված կեղծիքները: Մի երեք փաթեթ կբացեն, կհայտնաբերեն որոշ թերություններ ու կասեն, թե կան չնչին խախտումներ: Դե, դատարաններն էլ իշխանությունների նույն ծառան են՝ ինչ ընտրական հանձնաժողովները: Առջեւում նախագահական ընտրություններն են՝ կարելի է ավելի լուրջ բաներով զբաղվել, քան դատարաններն են ու թղթեր սեւացնելը: Մեր տրամադրության ներքո իրոք կան բազմաթիվ բողոքներ, արձանագրություններ: Եվ դրանք հիմք են՝ համոզված պնդելու, թե բոլոր 51 ընտրատեղամասերում էլ եղել են խախտումներ: Կարող եմ նշել մի քանի օրինակներ, եւ եթե իրավապահները հետաքրքրություն ունեն այս գործի նկատմամբ՝ այս փաստերը կարող են հիմք հանդիսանալ քննության, ստուգումների համար: Շատ կոպիտ ձեւով իրականացվել է «կարուսել» կոչվածը. մեր վստահված անձինք կարողացել են նույնիսկ մի քանի անձնագրեր վերցնել (դրա հետեւանքով քաշքշուկ է առաջացել, իսկ մի քանիսին էլ տարել են ոստիկանություն) եւ տեսել են, որ Կենտրոնում քվեարկել են բաղրամյանցիներ, էջմիածինցիներ…եւ սա դեռ ամբողջը չէ: Հնարավոր չէ, որ Կենտրոնում 35 հազար հոգի մասնակցեն քվեարկությանը՝ կարծեմ նույնիսկ նախագահական ընտրությունների ժամանակ այստեղ չի մասնակցել այդքան ընտրող: Ֆիզիկապես անգամ չէինք հասցնում կանխել «կարուսելը», քանի որ շատ գրագետ էին կազմակերպել: Ասենք. ահազանգ էինք ստանում Կիլիկիայի ընտրահանձնաժողովներից մեկից, թե սեւ հագնված տղաներն իրենց մոտ են: Ու մինչ հասնում էինք Կիլիկիա, Կենտրոնի մեկ այլ վայրից՝ Հերացու փողոցում գտնվող դպրոցներից էինք ստանում նույն ահազանգը, թե այդ տղաները մտել են իրենց մոտ: – Սակայն ե՛ւ Ձեր թեկնածուն, ե՛ւ կուսակցությունն ունեն ընտրություններին մասնակցելու բավական մեծ փորձ, մի՞թե չէիք կարողանում որեւէ կերպ հակազդել քվեաթերթիկներ լցնելուն կամ այդ «սեւ հագնված» տղաներին: – Բացի այն, որ չէինք հասցնում կանխել՝ չէինք էլ կարողանում, քանի որ ոստիկանությունը բացահայտ աջակցում էր նրանց: Ըստ էության, չկար որեւէ տեղամաս, որի դիմաց հավաքված չլինեին այդ տղաները, եւ եթե փորձեինք այդ ուղղությամբ որեւէ քայլ ձեռնարկել՝ արդեն կվերածվեր ֆիզիկական առճակատման: Եվ նման դեպքեր կային էլ, որոնք մենք զսպել ենք, քանի որ դեմ էինք, չէինք ցանկանում առճակատում: Ի վերջո, մենք պատերազմի չէ, որ պատրաստվել էինք, որ գնայինք այդ մարդկանց հետ կռիվներ տալու: Եվ գիտեինք, որ կռիվ տալով էլ չէինք շահելու, քանի որ ոստիկանությունը պատրաստ սպասում էր նման բանի, որ ձերբակալեն ու տանեն, ինչպես նախընտրական շրջանում էր: Ի՞նչ կարող էինք անել: Մեր վստահված անձինք ավելի շուտ վերածվել էին գերիների՝ չունեին որեւէ քայլի իրավունք: Փորձեցինք նույնիսկ ներգրավել հայտնի մարդկանց՝ Ալեքսանդր Արզումանյանին, Վիգեն Խաչատրյանին, Վահագն Խաչատրյանին, Դավիթ Շահնազարյանին եւ այլոց: Նրանք մնացին հանձնաժողովներում՝ որպես վստահված անձինք կամ դիտորդներ, որ գոնե իրենց ներկայությունն ունենա զսպող դեր: Սա առաջին պահին ինչ-որ չափով իրոք օգնեց, բայց հետո Աշոտ Բլեյանին էլ քաշքշեցին, ինչպեսեւ՝ ԿԸՀ նախկին քարտուղար Արմենուհի Զոհրաբյանին, որին ոստիկանների ուղեկցությամբ հեռացրին ընտրատարածքից: Հանձնաժողովների նախագահները բանեցնում էին ուժային փոխնախարարների իրավասություններ: Մեկն, ասենք, գնդապետին էր հրամայում՝ «Արագացրո՛ւ, քեզ ասում եմ, դրան դո՛ւրս հանի», եւ նա արագ կատարում էր: Մեկ ուրիշ հանձնաժողովի նախագահ ոստիկանության կապիտանին հրահանգում էր՝ «Չե՞ս տեսնում, որ սիգարետ չկա, գնա-բե՛ր»: Այս ամենը բավական բացահայտ էր, եւ արդեն ժամը 16-ի մոտերքը մենք հասկացանք, որ իմաստ չունի պայքարել, վազվզել՝ ոչ էլ լծակ ունեինք, ասենք՝ հանձնաժողովներում գոնե մեկ ներկայացուցիչ՝ ընտրությունները բոյկոտելու համար: Եթե բոյկոտեինք էլ՝ նրանց համար շատ ավելի լավ կլիներ: Որոշեցինք պարտվել քաղաքակիրթ ձեւով: – Պարտության քաղաքակիրթ կանոններն այնուամենայնիվ չեն պարտադրում, որ լռության մատնեք ընտրակաշառքները եւ «Ընտրական օրենսգրքին» հակասող այլ փաստերը: Ինչո՞ւ դրանց որեւէ կերպ չարձագանքեցիք: – Բոլորի աչքի առջեւ, առանց թաքցնելու գումարներ էին բաժանվում, եւ արձագանքելու իմաստն էլ էր կորել: Բայց մենք արձագանքել ենք, մի քանի դիմումներ ուղղել մարզային ընտրահանձնաժողովին՝ նրանք պիտի զբաղվեին: Շատ էլ չեմ մեղադրում նրանց անգործության համար. չէին կարող մարդիկ, որոնք մի երկու շաբաթ առաջ էին նշանակվել, ծանոթանալ օրենքին եւ տիրապետել իրավիճակին: Բացի այդ՝ նստած հղկում-շտկում են այն բոլոր բացթողումները, որոնք եղել են ընտրությունների օրը: Իրոք, շա՜տ են ծանրաբեռնված, այնպես որ՝ ժամանակ չեն ունենա քննել մեր բողոքները: – Ձեր պատճառաբանություններն այլ են, սակայն «Միասնություն» խմբակցության ղեկավարն ազդարարեց, թե չեք վիճարկում ընտրությունների արդյունքները, քանի որ դա անիմաստ է՝ ձայների նման տարբերության պայմաններում: Այդ հանգամանքն իրո՞ք դեր խաղում է: – Եթե թվերից ենք խոսելու, կարող եմ պատասխանել Գալուստ Սահակյանին, որ Գագիկ Բեգլարյանը Կենտրոնում միշտ ունեցել է 5 հազարից պակաս ձայն: Նա այստեղ քվեարկվում էր արդեն 4-րդ անգամ եւ հաղթեց առաջին անգամ: 1995-ին եւ 1999-ին փորձել էր այստեղից ընտրվել ԱԺ պատգամավոր եւ չէր անցել, 1996-ին փորձել էր դառնալ թաղապետ, եւ ամենաշատ ձայները, որ նա երբեւէ ստացել է՝ 4400 էր կամ 4600: Ոչ մեկին չես համոզի, թե ոչինչ չանելով՝ կարող ես 4600-ը դարձնել 21000 ձայն: – Նախորդ ընտրությունների համեմատ՝ Արարատ Զուրաբյանի ձայներն էլ էին այս անգամ ավելացել: – Պետք է նախ նշել, որ 1996-ին Զուրաբյանն ուներ 17 հազար ընտրող: 1999-ին նրա հիմնական մրցակիցը Լեւոն Հարությունյանն էր, որը նույն թիմից էր, վայելում էր նույն ընտրախավի համակրանքը, եւ ձայները կիսվեցին. Զուրաբյանը ստացավ 7 հազար ձայն, իսկ Հարությունյանը՝ 6 հազար: Այս անգամ էլ, եթե հաշվի առնենք «V» նշանի պատճառով անվավեր դարձած քվեների քանակը՝ նա էլի ստացել է իր կայուն ընտրազանգվածի՝ 15 հազարի ձայները: – Պարտության մեկ այլ պատճառ էլ այն համարվեց, որ այս ընտրությունները քաղաքականացվեցին, դարձրին իշխանության եւ ՀՀՇ-ի հարց: – Մենք չէ, որ քաղաքականացրինք այս ընտրությունը: Քաղաքական էր այնքանով, որ Արարատ Զուրաբյանի ազգանվան դիմաց գրված էր՝ «ՀՀՇ» եւ եթե մեր մրցակիցների ազգանունների դիմաց գրված էր՝ «անկուսակցական», չի նշանակում, թե նրանք կուսակցականներ չէին: Այլ հարց է, որ իշխանամետ մամուլն անընդհատ Կենտրոնն անվանում էր՝ «ՀՀՇ-ի վերջին բաստիոնը» կամ «ՀՀՇ-ի կերակրատաշտը»: Փորձեցին կուսակցության անունն անընդհատ կրկնելով, շահարկելով՝ ազդել մեր ընտրողների վրա, բայց կարծես չստացվեց, քանի որ, այնուամենայնիվ, մենք հավաքեցինք այնքան, ինչքան ենթադրում էինք եւ որքան հարկավոր է համայնքապետ ընտրվելու համար: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել