Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Իսկ ճանապարհ դեռ կա

Հոկտեմբեր 22,2002 00:00

Իսկ ճանապարհ դեռ կա «Ժողովրդական երգերն իմ յուրովի մատուցմամբ աշխատում եմ ներկայացնել ժամանակին համահունչ ռիթմերով՝ միաժամանակ փորձում եմ հավատարիմ մնալ դրանց բնօրինակներին»,- ասում է Երգի պետական թատրոնի մեներգչուհի Զարուհի Բաբայանը։ Ի դեպ, նա մասնագիտությամբ կենսաբան-էկոլոգ է, այժմ էլ սովորում է կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնի 4-րդ կուրսում։ Աշոտ Բզնունու երգչախմբից հետո որպես մեներգչուհի նա հանդիսատեսին առաջին անգամ ներկայացել է «Ասուպ 91»-ին՝ Ջորջ Բրաունի երգացանկի ջազային երգերից մեկով։ Երգչուհու նախընտրելի երաժշտաոճերն են ռետրոն, ջազայինը եւ ժողովրդականը։ Նրա երաժշտական այցեքարտն է «Կիլիկիա» երգը։ Ունի մի շարք զուգերգեր Արսեն Սաֆարյանի, Տիգրան Պետրոսյանի, Արա Մարտիրոսյանի, Քրիստ Մանարյանի, Անդրեի հետ։ – Վերջերս երաժշտասերներին նվիրեցիր «Ճանապարհ դեպի…» անվանումը կրող քո անդրանիկ ձայնասկավառակը։ Ի՞նչ ոճի երգեր են նրանում ներառվել եւ ովքե՞ր են հեղինակները։ – Սկավառակում ընդգրկված է ժողովրդական եւ էստրադային 10 երգ, որոնցից մի քանիսը՝ «Շալախո», «Յարիմո», «Կիլիկիա», «Երգ ճանապարհի», «Երեւան», հուրախություն ինձ՝ արդեն իսկ մեծ սեր եւ ճանաչում են վայելում հանդիսատեսի կողմից։ Նշեմ, որ սկավառակում տեղ գտած էստրադային հինգ երգերի հեղինակներն են Կոնստանդին Օրբելյանը, Արթուր Գրիգորյանը, Քրիստ եւ Հայկ Մանարյանները։ – Ինչո՞ւ «Ճանապարհ դեպի», դեպի ո՞ւր… – Երեւի թե դա իմ երկար սպասումներն էին՝ կապված անդրանիկ ձայնասկավառակիս թողարկման հետ, որն, ի դեպ, կարեւոր ճանապարհի սկիզբն է ինձ համար։ Չգիտեմ, թե ճանապարհ դեպի ուր, քանզի երբ ինչ-որ բանի հասնում ես, ձգտում ես այլ ցանկությունների իրականացման եւս եւ չես կարող կոնկրետ նշել, թե ուր ես գնում… – «Սայաթ-Նովա-2000»-ում արժանացար առաջին մրցանակի։ Ուրիշ ի՞նչ մրցույթների ես մասնակցել։ – Մասնակցել եմ «Տարվա երգ- 2000»-ին, որտեղ «Շալախո» երգի համար արժանացել եմ «Ժողովրդական երգի լավագույն մեկնաբանում» մրցանակի։ Մասնակցել եմ նաեւ «Կռունկ- 2001»-ի եզրափակիչ փուլին, ինչպես նաեւ «Սայաթ-Նովա-2001»-ին, որից հետո էլ հենց հաստատապես որոշեցի այլեւս չմասնակցել հայաստանյան մրցույթներին, որովհետեւ, ըստ իս, նրանցում շատ բան անարդար է… – Իսկ ինչո՞ւ մինչ օրս չես մասնակցել միջազգային որեւէ մրցույթ-փառատոնի։ – Երկու անգամ հրավեր եմ ստացել մասնակցել միջազգային մրցույթ- փառատոների, սակայն ինչ-ինչ պատճառներով չեմ մեկնել։ Առաջիկայում միջազգային մրցույթի հրավերի դեպքում կաշխատեմ իմ մասնակցությամբ լավագույնս ներկայացնել Հայաստան երկիրը։ – «Ճանապարհ դեպի» սկավառակից բացի ուրիշ ի՞նչ նոր անակնկալներ են սպասվում երաժշտասերներին։ – Շուտով նրանց դատին կհանձնեմ «Ադանայի ողբը» երգի հիման վրա նկարահանված իմ երկրորդ տեսահոլովակը։ Ի դեպ, մինչ տարեվերջ կամ հաջորդ տարվա սկզբին հանդիսատեսին կներկայանամ նաեւ վաղուց սպասված իմ մենահամերգով։ Կլինեն հաճելի այլ անակնկալներ եւս, իսկ 2003-ին սկսեմ աշխատել իմ երկրորդ ձայնասկավառակի վրա, որտեղ անպայման կլինեն հետաքրքիր նորություններ։ ԳԱՅԱՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ Հ. Գ. Ընթերցողին տեղեկացնենք, որ Զարուհի Բաբայանը Երգի թատրոնի հետ օրերս էր վերադարձել ամերիկյան հյուրախաղերից։ Իսկ այս օրերին նա հյուրախաղերով գտնվում է Թեհրանում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել