Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ԱՐՁԱՆՆ ԱՌԱՆՑ ՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ

Հոկտեմբեր 22,2002 00:00

ԱՐՁԱՆՆ ԱՌԱՆՑ ՄԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ «Հայտնի մարդկանց անուն-ազգանունները իմաստ չունի գրել նրանց հուշարձանների պատվանդաններին»,- կարծում է գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը։ Պրն Տեր-Գուլանյանը գտնում է, որ ժողովուրդը ճանաչում է իր արժանավոր զավակներին։ Նույն կերպ նա մտածում է նաեւ Առնո Բաբաջանյանի արձանի վերաբերյալ, որն օրերս ապամոնտաժվել է՝ ինչ-ինչ փոփոխություններից հետո կրկին իր տեղը վերադարձվելու պայմանով։ «Ես քաղաքապետարանին ու քանդակի հեղինակին առաջարկում եմ ժամանակավորապես «Առնո Բաբաջանյան» մակագրությունը հանել։ Թող այն դիտվի իբրեւ երաժշտի արձան։ Վստահ եմ, ժողովուրդը կսովորի նրա ներկայությանը ու մի քանի ամիս հետո անուն կդնի։ Եվ այդ անունն անպայման կլինի Առնո Բաբաջանյան»,- համոզված է Մ. Տեր-Գուլանյանը։ Ըստ նրա, բոլոր տեսակի գեղխորհուրդները (հատկապես հուշարձանի մրցույթ անցկացնող ու տեղը որոշող) պիտի կազմված լինեն արտիստներից (գրողներից, դերասաններից, նկարիչներից, երաժիշտներից, քանդակագործներից), քանի որ վերջիններս իբրեւ ինքնատիպ մտածողության կրողներ, ոչ միայն ճիշտ որոշումներ կընդունեն, այլեւ կկարողանան հանրությանը ճիշտ ներկայացնել, թե ինչու է տվյալ արձանը լավը կամ հակառակը։ Ի տարբերություն նեղ մասնագետներից բաղկացած պաշտոնական հանձնախմբի՝ նման գեղխորհուրդը ունակ կլինի ընկալելու անսովորն ու ավանգարդիստականը։ Ա. Բաբաջանյանի արձանի շուրջ ծագած վեճերը Մ. Տեր-Գուլանյանի մեջ երկու զգացողություն են առաջացնում։ Առաջինը՝ նա դրական եւ նույնիսկ ուրախալի է համարում այն հանգամանքը, որ քաղաքականությունից հոգնած ու չարչրկված հասարակությունը վերջապես սկսել է հետաքրքրվել մշակույթի գործով։ Ու այս առումով կենդանի աշխուժություն է ծավալվել։ Մյուս կողմից, պարոն Տեր-Գուլանյանը ցավում է, որ հիմնական քննարկումները ոչ թե վերաբերում են «կոնկրետ ստեղծագործության օբյեկտին, այլ մոտիվներին, փոխանակ բուն նյութը քննարկելու՝ մարդիկ հետաքրքրվում են, թե ո՞վ է փողը կամ պատվերը տվել, նույնիսկ հարձակվում են քաղաքապետի կամ գլխավոր ճարտարապետի վրա»։ Անձամբ Մ. Տեր-Գուլանյանին Բաբաջանյանի արձանը դուր է գալիս։ Ըստ նրա, Դ. Բեջանյանի քանդակը տարբերվում է մայրաքաղաքում եղած բազմաթիվ շաբլոն «մահարձաններից». «Պարզապես Դավիթը չափը մի քիչ անցել է՝ բառի գեղեցիկ իմաստով՝ իր առջեւ խնդիր դնելով ներկայացնել Բաբաջանյանի ոգեղեն էությունը։ Եվ պատահական չէ, որ նրա կերտած Բաբաջանյանը դուրս է գալիս դաշնամուրի միջից»։ Մ. Տեր-Գուլանյանը բնական է համարում կոմպոզիտորի արձանի մասին զվարճալի անեկդոտների ի հայտ գալը, որոնցում հաճախ ծաղրվում են քանդակի հսկայական քիթը կամ մագիլները։ Այս առիթով նա նույնիսկ հիշեց նման մի դեպք։ Տարիներ առաջ, երբ ինքը «Գարուն» ամսագրում էր աշխատում, Իսահակյանի 100-ամյակի կապակցությամբ գնացել էր Գյումրի՝ բանաստեղծի արձանի բացման արարողությանը մասնակցելու. «Դեռ նոր էին սավանն իջեցրել, երբ կողքիս կանգնած մի գյումրեցի ընկերոջն ասաց. «Ծո, հլա աշե, ինչ խոր կոշիկը վրովը մեծ ըլնի»։ Այնպես որ, նրան չեն զարմացնում Առնո Բաբաջանյանի արձանի կերպարի տպավորությամբ ծնված անեկդոտները։ Իսկ Դ. Բեջանյանի Բաբաջանյանը ասես «այն բարի ջինը լինի, որ դուրս է գալիս շշի միջից»։ Մ. Տեր-Գուլանյանը ոչ միայն չի արդարացնում «հարձակումը» այս ստեղծագործության վրա, այլեւ նման զուգահեռներ է տեսնում նախկինում։ Նա հիշում է, որ ժամանակին այդպես են վարվել Նալբանդյանի արձանի հետ, որն այժմ դարձել է Երեւանի խորհրդանիշերից մեկը, «հարձակվել» են Մահարու «Այրվող այգեստաններ» վեպի վրա, հետո պարզվել է՝ Մահարին ճիշտ է։ Մ. Տեր-Գուլանյանը ավելի քան վստահ է, որ Բեջանյանի քանդակը եւս նույն ճակատագրին կարժանանա՝ լավ իմաստով ու կդիմանա բոլոր փորձություններին։ Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել