Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր բանակին պե՞տք է այսպիսի զինվոր» հոդվածից հետո

Հոկտեմբեր 22,2002 00:00

«Մեր բանակին պե՞տք է այսպիսի զինվոր» հոդվածից հետո ՀՀ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը մինչ զորակոչվելը Արամի զինծառայությունը վեց ամսով հետաձգեց եւ վեց անգամ ուղարկեց մայրաքաղաքի տարբեր հիվանդանոցներ՝ հիվանդությունն ախտորոշելու համար։ Բոլորն էլ պատասխանում էին. «Մեր հիվանդը չես»։ Միայն ՀՀ ուռուցքաբանության դիսպանսերի մասնագետներն ասացին. «Սխալ ես ծնվել» եւ որպես զինծառայության պիտանի զինակոչիկի՝ «համապատասխան ակտ կազմեցին, փակ ծրար տվեցին Արամին, որ հանձնի մարզի զինկոմիսարիատ։ Զինվորական հավաքակայանում «փակ ծրարի» եզրակացությունը բժշկական հանձնաժողովի համար փաստ հանդիսացավ եւ տղային ուղարկեցին Արցախ՝ իր զինվորական պարտականությունները կատարելու։ Զորամասի ղեկավարները շուտով նկատեցին տղայի անճարակությունը եւ նրան հանգիստ թողեցին։ Մյուսների պես, նա էլ երդվեց ծառայել հայրենիքին… բայց հենց նույն գիշերը ծանր վիճակով նրան տեղափոխեցին Մարտունի, ապա Ստեփանակերտի հիվանդանոց։ Ահա այսպես զինվորը հայտնվեց զինվորական հոսպիտալում։ Ես հաճախ էի այցելում տղային, քանի որ նրա հիվանդ (2-րդ կարգի հաշմանդամ) մայրն ու ծեր տատը դժվարանում էին գյուղից Երեւան գալ՝ սոցիալապես անապահով լինելու պատճառով։ Հոսպիտալում հոգատարությամբ շրջապատեցին տղային, սկսած ղեկավարությունից, բժիշկներից, վերջացրած հավաքարարով։ Արամի հիվանդության ախտորոշումը հետաքրքրություն էր առաջացրել բժիշկների շրջանում։ ՀՀ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նյարդաբան, 30 տարվա աշխատանքային փորձ ունեցող, փորձագետ, կապիտան Մանուշակ Ջավադյանը ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրեց տղայի հիվանդությունը. աշխարհ գալու պահից մինչեւ հոսպիտալ հասնելը։ Նա Արարատի մարզի հիվանդանոցից (ծննդատուն) պահանջեց Արամի հիվանդության պատմությունը։ Որ տղան բնածին արատով էր ծնվել, դա փաստ էր, միայն թե էպիկրիզը չէր համապատասխանում իր եզրակացությանը։ Նրա ախտորոշումը այլ էր։ Կապիտան Մանուշակ Ջավադյանը ուներ իր սեփական կարծիքը։ Նա սխալվել չգիտի եւ Արամին ուղարկեց համակարգչային նկարահանման։ 37 հազար դրամ արժողությամբ այդ գործողությունը զինվորի համար արվեց անվճար։ Համակարգիչն ասաց իր վերջնական եզրակացությունը, այն նույն էպիկրիզը, ինչին հանգել էր կապիտան Մանուշակ Ջավադյանը։ Տղան բնածին արատով էր ծնվել։ Այցելեցի հոսպիտալ, բայց Արամն այլեւս այնտեղ չէր։ Հանձնաժողովը նրան ազատել էր զինծառայությունից։ Գնացի գյուղ։ Տխուր էր Արամը։ Իմացա, որ նրա ոսկի ձեռքերով շինարար հայրը զրկվել է ձախ ձեռքի չորս մատներից։ Շուտով նա կվերադառնա Ռուսաստանից ու Բարաքաթյանների ընտանիքում կավելանա երրորդ հաշմանդամը։ Երբ դուրս եկա տնից, ինձ շրջապատեցին Արամի համագյուղացիները։ Նրանք շնորհակալություն հայտնեցին «Առավոտ» թերթի խմբագրությանը, զինվորական հոսպիտալի կոլեկտիվին, ՀՀ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովին, հատկապես փորձագետ Մ. Ջավադյանին, որ որպես մասնագետ սխալվել չգիտի։ ԺԵՆՅԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել