Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՊԱՆՅԱԼԸ ՀԱՇՎԻ ՀԱՄԱՐ Է ԲԱՑՈՒՄ

Հոկտեմբեր 22,2002 00:00

ՊԱՇՏՊԱՆՅԱԼԸ ՀԱՇՎԻ ՀԱՄԱՐ Է ԲԱՑՈՒՄ Պաշտպանը փող չուներ՝ հրաժարվեց «Հոկտեմբերի 27» քրգործով երեկ դատարան էին հրավիրվել տուժողներ, ԱԺ պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Հակոբ Հակոբյանը (Երեւանից), նախորդ նիստում իր ցուցմունքը չավարտած Սուրեն Խաչատրյանը։ Անհրաժեշտ եղավ ժամը 11-ին նշանակված նիստը հետաձգել մինչեւ 14-ը, սակայն արդյունքում տուժողները չներկայացան եւ դատավոր Սամվել Ուզունյանը հայտարարեց, որ բերման որոշումներ կկայացվի նրանց նկատմամբ եւ տուժողների չներկայանալը գնահատեց իբրեւ անհարգալից վերաբերմունք բոլորի նկատմամբ։ Մեզ նույնպես մտահոգում է այս գործով տուժող ճանաչվածների (91-ն են) վարքագիծն ընդհանրապես։ Պատգամավորների եւ կառավարության անդամների իրավական տգիտությունը սահման չի ճանաչում։ Նրանց այնպես է թվում, որ իրենք կոչված են միայն դատարան ներկայանալ ցուցմունքներ տալու օրերին, մինչդեռ, չիմանալով իրենց իրավունքները, անգրագիտությունն այնտեղ է հասել, որ դատարանի դահլիճում են փորձում ճշտել, թե ինչ ասել է քաղհայց։ Արդյունքում, ամբաստանյալները լկտիացել են։ Օրեր առաջ Վանաձորում մահապատժի դատապարտվածները տուժողների քաղհայցի արդյունքում կորցրին իրենց ինչքը, ունեցվածքը, դատարանը դատավճռով առգրավեց նրանց ողջ ունեցվածքը։ Իսկ քանի որ տուժողները պատերի տակ ընդամենը վայրահաչում են, հետեւաբար, Նաիրի Հունանյանը, օգտվելով պատեհ իրավիճակից, ոչ միայն երեկ հայտարարեց, թե նախընտրական գրավի համար հաշվեհամար է բացում, այլ նույնիսկ կոչ արեց մեղադրող Հակոբ Մարտիրոսյանին առաջին մուծումներն անել։ Նաիրի Հունանյանը հրաժարվեց իր պաշտպան, Հայաստանի փաստաբանների միության անդամ Բենիամին Մինասյանի ծառայություններից՝ «վստահության անհրաժեշտ չափի բացակայության պատճառով», իր հրաժարվելը հիմնավորելով, նա շարունակեց. «Պարոն Մինասյանին առանձնապես չեմ մեղադրում։ Նա պետական պաշտպանության կարգով նշանակվել է այս քրեական գործի շրջանակներում ինձ իրավաբանական օգնություն ցույց տալու եւ ոչ թե քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար։ Հուսալ, որ նա կարող էր ինձ օգտակար լինել, ժամանակը ցույց տվեց, որ նա չի կարող ինձ օգտակար լինել»։ Ամբաստանյալը բերեց օրինակներ, որ հոկտեմբերի 2-ին խնդրել էր իր պաշտպանից, որ նա դիմի դատարանին՝ իր թեկնածության առաջադրման հետ կապված, պահանջելով հոր հետ տեսակցություն։ Սակայն հոկտեմբերի 17-ին դատարանը հայտնել էր, որ դիմում է ստացել հորից, «բովանդակությունը, սակայն, այլ էր։ Պաշտպանին զգուշացրել էի, որ հատկապես այդ բովանդակությամբ չլինի»,- ասում էր նա՝ «խորացնելով» անվստահությունը պաշտպանի նկատմամբ։ Ամբաստանյալը հայտնեց նաեւ, որ հորից խնդրել էր իր անունով որեւէ բանկում հաշվի համար բացել՝ նախընտրական քարոզարշավը կազմակերպելու համար։ Ի դեպ, ամբաստանյալը իր ցինիզմը ներկայացնում է իբրեւ գերագույն արժեք։ Ահավասիկ այն. «Ես մտադիր էի կոչ անել մեր ժողովրդին այդ հաշվեհամարով հավաքել նախընտրական գրավի համար անհրաժեշտ գումարը։ Եվ միայն 20 օր հետո՝ այսօր, պաշտպանը հանձնեց այն։ Իմ եւ պաշտպանի միջեւ ավելացել են տարաձայնությունները եւ բացակայում է վստահությունը։ Օրեր առաջ պարոն Մինասյանը դատարանում խոսեց իր դեմ գործադրվող ճնշումների մասին։ Հոկտեմբեր ամսվա անցուդարձը, արդարադատության նախարարի հայտարարությունը, դատարանի հարուցած ապօրինի խոչընդոտները ենթադրել են տալիս, որ պաշտպանի վրա հնարավոր ճնշումներ են գործադրվել իշխանությունների կողմից։ Եթե նկատի առնենք, որ նախագահի պաշտոնի հավակնորդներից մեկն էլ գործող նախագահն է, ապա պարզ է, որ իմ թեկնածության առաջադրումը նախեւառաջ վտանգավոր է հենց Ռոբերտ Քոչարյանի համար։ Նպատակը պարզ է՝ խաբեություններով, ապօրինի արգելքների գործադրմամբ խոչընդոտել իմ թեկնածության առաջադրումը։ Ստեղծված իրավիճակում հրաժարվում եմ պաշտպան Մինասյանից եւ նրա գործունեությունը իմ շահերից չի բխում։ Ուստի հրաժարվելով պաշտպանից, վերահաստատում եմ իմ երկու դիմումները ուղղված դատարանին՝ հնարավորություն ընձեռել ինձ գործել լիազոր-ներկայացուցիչների միջոցով»։ Ի դեպ, արտադատարանական շրջիկ լուրերում նշվում է, որ լիազոր-ներկայացուցիչները կլինեն ՀՀ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովից։ Կա մեկ այլ լուր էլ։ Լրագրողները, որոնք չեն ճանաչվել նախաքննության մարմնի կողմից իբրեւ տուժող, տուժողների խայտառակ կեցվածքը տեսնելով, պատրաստվում են դիմել նախաքննության մարմնին՝ իրենց ճանաչելու տուժող, մասնակցելու համար դատաքննություններին։ Դատարանը շնորհակալություն հայտնեց պաշտպան Մինասյանին եւ, փաստորեն, ամբաստանյալ Ն. Հունանյանի այն հայտարարությունը, թե բեկում կլինի հոկտեմբերի 21-ին, ինչ-որ չափով իրականացավ։ Դատաքննությունը կշարունակվի հոկտեմբերի 23-ին։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել