Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՀՀՇ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

Հոկտեմբեր 22,2002 00:00

ՀՀՇ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների եւ հատկապես Երեւանի Կենտրոն համայնքի ղեկավարի ընտրությունները մեկ անգամ եւս ապացուցեցին, որ քոչարյանական վարչակարգը ձգտում է կենտրոնացնել պետական բոլոր լծակներն իշխող կլանի ձեռքում: Ակնհայտ է ապագա նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում իշխանության գլխավոր գործելակերպը` արհամարհելով ընտրողների իրավունքները եւ խախտելով «Ընտրական օրենսգրքի» պահանջները, ապահովել իր դրածոների «հաղթանակը»: Այս առումով նախորդ օրերի Ռ. Քոչարյանի հավաստիացումները` թե պետական իրավասու մարմինները չեն միջամտելու ընտրություններին, պարզապես ընտրակեղծիքների համակարգը գործի դնելու հրահանգ էին: Ընտրություններում ակնհայտ դարձավ, որ պետական ողջ մեքենան, թաղային հեղինակությունները եւ քրեական տարրերը միաձուլված ապահովում էին կեղծիքների եւ անօրինականությունների իրականացումը: Նրանք գրեթե բոլոր ընտրական տեղամասերում իրավապահ մարմինների աջակցությամբ միջամտում էին ընտրական գործընթացին՝ հօգուտ իշխանության թեկնածուի, յուրովի մեկնաբանելով օրենքը, ուժի կիրառմամբ՝ վստահված անձանց, դիտորդներին հեռացնում ընտրատեղամասերից, զրկելով նրանց ընտրությունները վերահսկելու առանց այն էլ օրենքով սահմանափակված իրավունքից: Ի սկզբանե ընտրական տեղամասերի հանձնաժողովների կազմավորման հակաժողովրդավարական բնույթը անհնար էր դարձրել օրինախախտումների դեմ արդյունավետ պայքարի հնարավորությունը: Կենտրոն համայնքում ըստ էության իշխանությունները փորձարկեցին այն մոդելը, որը օգտագործվելու է առաջիկա ընտրություններում: Այս իրադրության մեջ, ունենալով օրինախախտումների բազմաթիվ փաստեր եւ արձանագրություններ, մենք, այնուամենայնիվ, ձեռնպահ ենք մնում Կենտրոն համայնքի ընտրությունների արդյունքները վիճարկել դատարանում, հաշվի առնելով դատարանի անօրինական վճիռների եւ որոշումների բազմաթիվ նախադեպերը եւ արդարադատության բացակայությունը Հայաստանում այս վարչակարգի օրոք: ՀՀՇ-ն շարունակելու է պայքարել ընտրողների կամքով իշխանություններ ձեւավորելու, Հայաստանում օրինականություն եւ անշրջելի ժողովրդավարություն հաստատելու համար: ՀՀՇ վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել