Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«ԱՐԱՐԱՏ»-«ՉԵՌՆՈՄՈՐԴԵՑ»՝ 1:2

Հոկտեմբեր 22,2002 00:00

«ԱՐԱՐԱՏ»-«ՉԵՌՆՈՄՈՐԴԵՑ»՝ 1:2 Ազատ եւ անկախ Հայաստանում տեղի ունեցած ամենատարբեր մակարդակների ընտրությունների փորձը ցույց է տալիս, որ միջազգային դիտորդների ներկայացրած զեկույցները՝ այդ ընտրություններին վերաբերող «ազատ», «արդար», «թափանցիկ», «եվրոպական չափանիշներին համապատասխան», «առաջընթաց» բնորոշումները սովորաբար չեն համապատասխանում այն իրողությանը, որին ականատես է լինում հայաստանցին: Այդպիսին է եղել օտարերկրյա դիտորդների գնահատականը ՀՀ անկախացումից ի վեր, այդ թվում՝ 95-99թթ. տեղի ունեցած բոլոր ընտրությունների առնչությամբ: Սա արդեն օրինաչափություն է: Ահավասիկ հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ վերջիններիս գնահատականը նախորդներից ոչնչով չտարբերվեց, թեեւ՝ լինելով կոնկրետ ընտրատեղամասերում, համոզվում էիր, որ նման ընտրությունները Հայաստանից անդին՝ ԵԽ անդամ երկրներում, դժվար թե արդար ու ազատ, առավել եւս՝ միջազգային չափանիշներին համապատասխան գնահատվեին: Իսկ հոկտեմբերի 20-ին Հայաստանում տեղի ունեցած այդ ընտրությունները կարելի է այսպես ամփոփել. բոլոր ընտրատարածքներում, ընտրատեղամասերում «հաղթեցին» այն թեկնածուները, որոնք վայելում էին իշխանությունների աջակցությունը՝ դրա ամենալայն իմաստով: Գործող ռեժիմի անցկացրած ընտրությունների իրական պատկերն ավելի ցայտուն դրսեւորվեց հատկապես Երեւանի Կենտրոն համայնքում, որովհետեւ դա այն եզակի ընտրատարածքներից մեկն էր, որտեղ առաջադրված էր ընդդիմության ներկայացուցիչ Արարատ Զուրաբյանը: Ի սկզբանե հայտնի էր, որ իշխանությունները հնարավոր բոլոր միջոցներով աջակցելու են վերջինիս մրցակից Գագիկ Բեգլարյանին: Դա գաղտնի չէր ոչ նախընտրական շրջանում, ոչ դրանից հետո՝ քվեարկության օրը: Հայտնի էր նաեւ, որ Կենտրոնում, այսպես կոչված, «ամենածանր տեղամասը» լինելու է թիվ 39 դպրոցում տեղակայված 15/33 եւ 15/34 ընտրատեղամասերում եւ նախորդ ընտրություններից կեղծիքների մասին մեզ հայտնի եւ անհայտ բոլոր տեխնոլոգիաներն այստեղ կարող են կիրառվել: Բանն այն է, որ թեկնածու Գ.Բեգլարյանը բնակվում է հենց այդ տեղամասերի հարեւանությամբ եւ, ըստ կանխատեսումների, որոնք, ի դեպ, իրականացան, նրա թիմակիցները ամենաշատը հենց այդ տեղամասերում էին փորձելու կեղծիքների դիմել՝ այդ տեղամասի հաշվին Գ.Բեգլարյանի ընտրության համար անհրաժեշտ քվեն ապահովելու համար: Քվեարկության օրն արդեն ժամը 14-ին ահազանգեր եղան հենց այդ տեղամասերից, ուր եւ մեկնեցին լրատվամիջոցների ներկայացուցիչները: Հիշյալ երկու տեղամասերում էլ իրավիճակն աղետալի էր: Այստեղ թեւ թեւի տված աշխատում էին հանձնաժողովի անդամները՝ ի դեմս իրենց նախագահների, եւ Գ.Բեգլարյանի վստահված անձինք՝ մեկը մյուսի «թերացումները» լրացնելով, չեզոքացնելով խախտումներ արձանագրող վստահված անձանց ու տեղական դիտորդներին, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Այս տեղամասերում Ա.Զուրաբյանի վստահված անձինք ու տեղական դիտորդներն ասացին, թե մինչ ժ.14-ը որոշակի կեղծիքներ արդեն եղել են. քվեաթերթիկներ են լցվել քվեատուփ, ու հիմա հանձնաժողովի անդամները քվեատուփ լցված քվեաթերթիկների քանակությունն աշխատում են համապատասխանեցնել ընտրացուցակներում գրանցվող ստորագրություններին. կամ մարդիկ գալիս, ընտրացուցակում ստորագրում եւ առանց քվեարկելու գնում էին, կամ ընտրողի քվեարկության փոխարեն հանձնաժողովի անդամներն էին ստորագրում: Հանձնաժողովի անդամները, որոնցից երկուսն, ի դեպ, Գ.Բեգլարյանի եղբայրներն էին, խախտումների մասին արձանագրությունները սկզբում գրանցել են, հետո հրաժարվել նունիսկ դա անել: Քվեարկության ավարտից մեկ ժամ առաջ հիշյալ տեղամասերի հանձնաժողովի անդամներն ու Գ.Բեգլարյանի վստահված անձինք սկսեցին նյարդայնանալ, որովհետեւ լրագրողների ներկայությունը, վստահված անձանց պնդմամբ, կեղծիքները զսպող հանգամանք էր դարձել: Ի վերջո, հանձնաժողովն ու Գ.Բեգլարյանի վստահված անձինք՝ միավորելով իրենց եւ ոստիկանական ուժերը, արդեն ժամը 19:30-ից, հանձնաժողովի աշխատանքներին խանգարելու պատրվակով, Ա.Զուրաբյանի եւ մյուս թեկնածուների վստահված անձանց տեղամասերից պարզապես վռնդեցին, արգելեցին նաեւ տեղական դիտորդների եւ լրագրողների մուտքը տեղամասեր: «Առավոտի» թղթակցին եւս, որն ավելի քան 4 ժամ գտնվել էր տեղամասում եւ արձանագրել կեղծիքները, մինչեւ տեղամասի փակվելը Գ.Բեգլարյանի վստահված անձինք եւ 15/33 տեղամասային հանձնաժողովի անդամ, Գ.Բեգլարյանի եղբայր Հակոբ Բեգլարյանը, կոպտորեն դուրս հրելով շենքի մուտքից՝ հայտարարեցին, թե տեղամասը փակված է, քվեարկությունը՝ ավարտված: Ինչեւէ: Այն ամենը, ինչ տեղի է ունեցել Կենտրոնի ընտրական տեղամասերում եւ մասնավորապես 15/33-ում եւ 15/34-ում, «Ընտրական օրենսգրքի» երկրորդ մասով նախատեսված՝ վարչականից մինչեւ քրեական պատասխանատվություն ենթադրող խախտումներ են: Կենտրոնի ընտրատեղամասերում արձանագրված բազմաթիվ օրինախախտումներին ավելի կոնկրետ եւ փաստացի մենք դեռ կանդրադառնանք: Բայց ասօր արդեն ոմանք փորձում են համոզել, թե կոնկրետ Կենտրոն համայնքում կեղծիքներ չեն եղել, կամ դրանք էական չեն եղել, եւ վկայակոչում են այն հանգամանքը, թե Ա.Զուրաբյանը Գ.Բեգլարյանից շուրջ 11 հազար ձայն պակաս է ստացել, իսկ այդքան կեղծել հնարավոր չէր: Մենք այլ կարծիքի ենք եւ դա կարող ենք փաստարկել հիմնվելով հենց թիվ 15 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գ.Քյալյանի ստորագրությամբ եւ հանձնաժողովի կնիքով ներկայացված՝ «ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության դինամիկան» պատկերող տվյալների վրա: Ըստ այդմ, ասենք՝ թիվ 15/34 տեղամասում ընտրողների եւ հանձնաժողովի անդամների «արագաշարժության» ռեկորդային ցուցանիշ է գրանցվել. ընտրությունները սկսվելուց հետո, արդեն ժ. 14-ի դրությամբ՝ քվեարկողների թիվը եղել է 350: Հաջորդ երեք ժամվա ընթացքում՝ արդեն ժ. 17-ի տվյալներով՝ դարձել 950: Ստացվում է, որ երեք ժամվա կամ 180 րոպեի ընթացքում այս տեղամասում ամեն 20 վայրկյանը մեկ քվեաթերթիկ է գցվել քվեատուփ: Թե որքանով է դա բանականությանը մոտ, առավել եւս, ընտրություններին 30-35 տոկոս մասնակցության պարագայում՝ թողնում ենք ընթերցողի դատողությանը: Երեկ ԿԸՀ-ն արդեն հայտարարել է տեղական ինքնակառավարման ընտրությունների նախնական արդյունքը, ըստ որի՝ մայրաքաղաքում Կենտրոն համայնքի թաղապետ է ընտրվել Գագիկ Բեգլարյանը: Ա.Զուրաբյանի նախընտրական շտաբի պետ Վահագն Հայոցյանը՝ գնահատելով տեղի ունեցածը, հայտարարեց, թե դրանք, ըստ էության, ընտրություններ չէին, եւ ավելի ճիշտ կլիներ, որ բիրտ միջոցներով ընտրություն կազմակերպելու եւ իշխանության թեկնածուին անցկացնելու փոխարեն՝ թաղապետերը պարզապես «վերեւից» նշանակվեին: Նա նաեւ նկատեց, թե Գ.Բեգլարյանը, ըստ ներկայացվող տվյալների՝ Կենտրոնում ավելի շատ ձայն է հավաքել, քան 98-ին՝ նախագահ Քոչարյանը: Այնպես, որ նա շատ հանգիստ կարող է նաեւ նախագահ ընտրվել: Ինչ վերաբերում է ընտրությունները բողոքարկելուն, ապա Ա.Զուրաբյանի նախընտրական շտաբն ու ՀՀՇ-ն՝ լուրջ կեղծիքների եւ այլ օրինախախտումների մասին անսպառ փաստեր ունենալով հանդերձ, առայժմ վերջնական որոշում չեն կայացրել: Ընդհանուր առմամբ ՏԻՄ ընտրությունները՝ նախագահական ընտրությունների համար իբրեւ փորձաքար լինելով՝ ապացուցեցին, որ առաջիկա «նախագահականը» ճիշտ այս եւ ավելի բիրտ մեթոդներով է անցկացվելու: Սա օրինակ պետք է լինի ընդդիմության համար՝ իր գլխի ճարն արդեն այսօր տեսնելու համար: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել