Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՑԱՐՁԱԿ ՕՐԻՆԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ

Հոկտեմբեր 22,2002 00:00

ԲԱՑԱՐՁԱԿ ՕՐԻՆԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ Մեր տրամադրության ներքո են բազմաթիվ փաստեր Կենտրոնում կատարված խախտումների վերաբերյալ, որոնց ականատես ենք դարձել կամ վկայել են վստահված անձինք: Բայց նախ ներկայացնենք ընտրական տեխնոլոգիաներին քաջատեղյալ անձանց գնահատականը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկին քարտուղար Արմենուհի Զոհրաբյանը հոկտեմբերի 20-ին թիվ 39 դպրոցում տեղակայված 15/33 ընտրատեղամասում հետեւում էր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին՝ որպես համայնքապետի թեկնածու Արմեն Աղինյանի վստահված անձ: Եվ դեռ ընտրությունների ընթացքում հայտնեց մեզ, որ այդ տեղամասում եղել են մեծ կուտակումներ. «Վստահված անձինք եւ դիտորդները վկայում են, թե կան մարդիկ, որոնք մեկից ավելի անգամ են քվեարկում: Հանձնաժողովի նախագահին տեղյակ ենք պահել: Եղել են նաեւ դեպքեր, երբ թույլ չենք տվել, որ քվեաթերթիկները գցեն: Բայց եղել են նաեւ դեպքեր, որ մեր տեսադաշտը փակել են եւ արդեն հասցրել են գցել»: Վստահված անձանց ու դիտորդներին զանգվածաբար անտեսելու մի օրինակ դարձած այս ընտրությունների արդեն ավարտից հետո Արմենուհի Զոհրաբյանը հայտնեց մեզ. «Հանձնաժողովի 9 անդամներ ստորագրեցին «Ընտրական օրենսգրքին» հակասող արձանագրություն եւ ինձ «դուրս հրավիրեցին»՝ ՆԳ աշխատակիցների միջոցով: Ես եւ Արարատ Զուրաբյանի վստահված անձը ձայն բարձրացրինք, թե՝ ինչ հիմքով եք հանում դուրս, նրանք պատասխանեցին՝ «Մեր աշխատանքներին խոչընդոտում եք»: Իսկ ես միմիայն հանձնաժողովի նախագահի իմացությամբ եմ մոտեցել՝ եթե կասկածներ են եղել, որեւէ ընտրողի փաստաթղթերը ճշտելու անհրաժեշտություն: Չեք գտնի իրենց մատյանում եւ ոչ մի գրանցում, թե ես խանգարել եմ աշխատանքներին: Պարզապես նրանց դուր չեկավ, որ ես նկատել էի եւ արձանագրել մի շարք մարդկանց անուններ, որոնք գալիս էին ընտրության ու ցուցակում տեսնում, որ իրենց համարի դիմաց արդեն ստորագրված է, անձնագրային տվյալները գրված: Մասնավորապես, եղավ մի դեպք, երբ քաղաքացին եկավ ու տեսավ, որ իր սկեսրոջ անվան դիմաց նշում է, թե նա քվեարկել է, երբ նա անկողնային հիվանդ է (հայտնի դարձավ, որ նույնը եղել է նաեւ Վիկտոր Դալլաքյանի հարեւանի հետ, դա արձանագրվել է, եւ այդ մասին հայտարարվեց ԱԺ-ում.- Ա. Ի.): Բացահայտ բաց քվեարկություն էր կատարվում: Հանձնաժողովի քվեաթերթիկ հատկացնող անդամին՝ Լուսինե Հովհաննիսյանին նախագահի ներկայությամբ մի շարք դիտողություններ արեցինք, թե՝ քվեաթերթիկների վրա պատահական համարներ եւ ստորագրություններ մի դրեք: Եկել եմ այն եզրահանգման, որ նրանք արդեն լցրել էին քվեաթերթիկները եւ իրենց ստորագրություններով ուզում էին հավասարեցնել դրանց եւ ցուցակներում եղած ստորագրությունների թիվը: Մինչեւ իմ գնալը բոլոր վստահված անձանց նստեցրել էին մի տեղ, եւ նրանք շարժվելու իրավունք չունեին: Ինձ հետ մինչեւ 19:00-ը շատ նորմալ էին վարվում: Ես էլ մի քանի անգամ նույնիսկ չեմ գրանցել խախտումները՝ միայն զգուշացնում էի: Բայց փաստորեն այդ ամենը նշանակություն չունեցավ: 19:58-ին Հակոբ Բեգլարյանը (Գագիկ Բեգլարյանի եղբայրը) ձեռքս բռնեց, եւ ՆԳ աշխատակիցների ուղեկցությամբ ինձ հանեցին դուրս վերջին պնդումիցս հետո, երբ պահանջեցի, որ արձանագրության մեկ օրինակ տան, թե ինչ հիմքով են վստահված անձանց հանում դուրս»: Մեր հարցին, թե կա՞ «ԸՕ» որեւէ դրույթ, որը թույլ կտար սահմանափակել վստահված անձանց եւ դիտորդների ներկայությունը ձայների հաշվելու ընթացքում՝ Արմենուհի Զոհրաբյանը պատասխանեց. «Վստահված անձը կարող է ծանոթանալ ընտրական բոլոր փաստաթղթերին: Այն, ինչ որ նրանք արեցին, օրենքի բացարձակ եւ լիարժեք խախտում էր»: Երեւանի մարզային ընտրական հանձնաժողովի նախկին նախագահ Անահիտ Բալասանյանը եղել էր 15/23 եւ բազմաթիվ այլ տեղամասերում, տեսել խմբերով կուտակված մարդկանց տեղամասերի ներսում, պահանջել, որ նրանց հրավիրեն դուրս. «Մի հանձնաժողովի նախագահն ի պատասխան ասաց՝ «Աստիճաններից վերեւ են կանգնած, դա տեղամաս չէ»: Ինքներս ականատես դարձանք, որ կուտակումներ կային ոչ միայն տեղամասերում, այլ անմիջապես դրանց դիմաց. ընտրությունների ընթացքին հետեւող տղամարդիկ էին, որոնք տեղում ցուցումներ էին տալիս ընտրողներին, բջջայիններով հրահանգներ փոխանցում ընտրողների նոր խմբաքանակ ապահովելու վերաբերյալ եւ այլն: Նման մի խումբ մեզ շրջապատեց Միքայել Նալբանդյանի անվան դպրոցի դիմաց, երբ ձայնագրում էինք 15/32 ընտրատեղամասից դուրս եկած վրդովված կնոջը՝ Մարիամ Հակոբյանին. «Բնակվում եմ Նար-Դոսի 50 հասցեում: Սրանից մի 15 օր առաջ դպրոցի 3 աշխատողներ եկել էին մեր տուն, ցուցակագրել՝ անուն, ազգանուն, հեռախոսի համար, անձնագիր: Մի անձնավորության մասին ասացի, թե ոչ ապրում է այստեղ, ոչ էլ գրանցում ունի՝ հանկարծ նրա անունը չգրեք: Ասացին՝ լավ: Ու նաեւ ասացին՝ կընտրեք Գագիկ Բեգլարյանին: Լավ, ասացի, դրան կընտրեմ: Դե անձնագիրս չէի տվել, որոշել էի, որ ում կուզենամ՝ կընտրեմ, դրանց ասելով հո չի՞: Հիմա եկել եմ, որ ընտրություն կատարեմ, տեսնում եմ, որ ում անունը որ ասել էի, թե գրանցում չունի՝ ցուցակում է: Այս ի՜նչ խայտառակություն է: Հիմա ես ոչ մեկին էլ չեմ ընտրելու՝ հիասթափված հեռանում եմ: Սա ընտրություն չի՝ խաբեբայություն է»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել