Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ԱՄԵՆ ՈՔ ՈՒՆԻ ԻՐ MEA CULPA-Ն

Հոկտեմբեր 19,2002 00:00

ԱՄԵՆ ՈՔ ՈՒՆԻ ԻՐ MEA CULPA-Ն «Իմ մեղքը – Mea culpa» Պրեմիերան՝ 30 սեպտեմբեր, 2002 Սցենարի հեղինակ՝ Վահրամ Սահակյան Ռեժիսոր՝ Արթուր Սահակյան Նկարիչ՝ Գարեգին Եվանգուլյան Երաժշտությունը՝ Ռոբերտ Մլքեյանի Գլխավոր դերերում՝ Հրանտ Թոխատյան եւ Սամսոն Ստեփանյան Պրոդյուսեր եւ մտահղացման հեղինակ՝ Արմեն Համբարձումյան Իմ մեղքը – Mea culpa. հնագույն լեզուներով այս արտահայտությանը բոլոր մարդիկ առանձին, թե միասին ու միաժամանակ անդրադառնում են: Վաղուց արդեն մեր ասելու ժամանակն էր, որը եկավ, եւ այն էլ բեմական լեզվով: Արդեն քանի տարի տպավորություն կա, թե մեր մշակույթի գործիչների ստամոքսներով այս իրականությունը չի հոսում, թե մեզ շրջապատող աշխարհը իրենց զգայարանների վրա չի անդրադառնում, ցավը չեն վերապրում…8230 Բայցեւ, ի հակադրություն այս ամենի, նրանք ամեն օր բողոքում են ֆինանսների բացակայությունից, մշակութային, առօրյա, քաղաքական-հասարակական կյանքից եւ այլն, եւ այլն: Ի թիվս դրան, թատերական աշխարհը բողոքում է հանդիսատեսի բացակայությունից: Իսկ ինչո՞ւ են մեր թատրոնների դահլիճները կիսադատարկ: Իսկ ի՞նչ կան այդ թատրոնների խաղացանկերում: Ինչ խոսք, կտեսնենք գրականության բազում դասականների անուններ: Առաջ է գալիս «ինչպեսի» խնդիրը, եւ ոչ միայն: Մշակույթը եւ արվեստը նաեւ իրականության յուրօրինակ հայելի են, որոնց բովանդակությունը ձեւ է ստանում իրական աշխարհից: Պրոդյուսեր Արմեն Համբարձումյանի գաղափարը վերջերս «Իմ մեղքը-Mea culpa» բեմադրությամբ ներկայացավ հանդիսատեսին: Մինչ այդ նրանք ստեղծել էին «Խաթաբալադան»: Ըստ Արմեն Համբարձումյանի եւ ներկայացման համահեղինակ, գլխավոր դերակատար Հրանտ Թոխատյանի, սա սոսկ ներկայացում չէ, այլ մի ուրույն ակցիա՝ ուղղված մեր մռայլ իրականության, համատարած անտարբերության ու ամենօրյա անարդարությունների դեմ: Եվ, որ ամենակարեւորն է, ներկայացման հեղինակների կարծիքով այդ ամենի մեղավորը մենք ինքներս ենք: Դեպքերը կատարվում են Հայաստանում, 2015 թվին: Գլխավոր հերոսը /Ս. Ստեփանյան/ «վերեւիններից» մեկի պատվերով, ուշ գիշերով ճառ է պատրաստում, որպեսզի «վաղը» հանդես գա միջազգային ատյաններում՝ խնդրելու վերադարձնել մեր հողերը մեզ: Դիմում է Եվրամիությանը, Պայծառաշուք Դալայլամային, Մասոնական լոժային, Հռոմի Պապին, Սինագոգին: Իսկ գիշերը նրան երազում այցի են գալիս հերոսի ենթագիտակցական եւ գիտակցական կյանքի պատմական-քաղաքական հերոսները, տարբեր առաջնորդներ: Խառնվում է երազն ու իրականությունը, լույսն ու գիշերը, լեգենդն ու կիսիրականությունը, երեկն ու այսօրը: Որտեղից որտեղ՝ հայտնվում են Նապոլեոնը, Հիտլերը, Արա Գեղեցիկը, Տիգրան Մեծը, Գյոթեն ու Նոստրադամուսը, այլք ու ճառագրի հետ զրուցում ծովից ծով Հայաստանից, մեր մտավորականությունից, մեր քաղաքից, գրավյալ տարածքներից: Այն մասին, որ այդքան արյուն թափեցինք, պատերազմում հաղթանակեցինք, հողեր ազատագրեցինք, սակայն այդ հողերում քանի՞ «ծաղիկ տնկեցինք». իսկ որեւէ տարածք՝ երկիր ու հող է դառնում իր բնակչության ու կյանքի շնորհիվ: Ուրեմն ինչպես եւ ինչու ենք մեր հողերը ուզում վերադարձնել, որ ի՞նչ անենք: Մեր պատմության ողջ ընթացքում ասում ենք, թե մենք բարոյական հաղթանակներ ենք ունեցել: Պատերազմում բարոյական հաղթանակը ո՞րն է… իսկ փոխարենը չենք գնահատում մեր ռեալ հաղթանակը ղարաբաղյան պատերազմում:8230Մենք սկսել ենք եկեղեցիներ կառուցել-տեղադրել ամենուր՝ քանդելով մեր ներսի եկեղեցին: Ներկայացման ողջ ընթացքում շինարարները մի բիզնեսմեն պատգամավորի պատվերով խաչով օբյեկտ /եկեղեցի/ են կառուցում քաղաքի իր ուզած հատվածում, սակայն շենքը թեեւ կառուցվում է, պատերը կան, բայց օրերով փորձում են խաչը տեղադրել, որն անընդհատ ընկնում է,8230 որովհետեւ հավատքի հողը ամուր չէ, իսկ խաչը հավատքով է զորեղ: Ի դեպ, ներկայացման փորձերի քննարկումներին, մինչ պրեմիերան, հրավիրված էր Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր հայրերից մեկը: Վերջինիս խորհրդով սուրբ խաչի գործածությունը չխրախուսվեց, ասելով, թե ըստ հայ եկեղեցու ավանդույթների, անթույլատրելի է, թեեւ ներկայացումը մաքուր հավատքի, մեր մեղքերի գիտակցման մասին ուրույն խոսք է: Հետեւելով այս խորհրդին, ներկայացման հեղինակները ընտրեցին ութթեւանի աստղի միտքը: Ներկայացման գաղափարը եւ սցենարն իր արդիականությամբ բավական սուր է եւ հրապարակախոսական, սարկազմով ու քննադատությամբ լի: Թերեւս հրապարակախոսականի ավելի առկայությունը խանգարում է ներկայացմանը, դինամիկային՝ հասցնելով այն փոքր-ինչ նույնաբանության եւ երկարաբանության: Լեզուն եւ8217 բեմականն է, եւ8217 գրականը, եւ8217 փողոցային ժարգոնը, որ, ցավոք, դարձյալ մեր իրականությունն է: Սակայն հաճախ գործածվող այդ ժարգոնը խանգարում էր ներկայացման բուն գաղափարի ընկալմանը: Այն է՝ սպիտակը երբեմն խառնվում էր սեւին, գռեհիկն իր տեղը զիջում վսեմին: Սակայն բոլոր բացթողումները լրացվում էին դերասանական խաղով ու կերպարների վերապրումով, հատկապես՝ Սամսոն Ստեփանյանի, Հրանտ Թոխատյանի եւ Լեւոն Հարությունյանի: Հումորի եւ լրջության սահմանները մեկ հստակ եզրագծվում են, մեկ՝ խառնվում: Դժվար է ասել՝ երբ է սկսվում կատակերգությունը, եւ երբ՝ ողբերգությունը: Երկուսի մեջ էլ հավասարապես մեր օրերի ու երկրի նկատմամբ անկեղծ ցավը կար, այդ իսկ պատճառով երբեմն թվում էր, թե Հրանտ Թոխատյանը եւ Սամսոն Ստեփանյանը խաղում, սակայն չեն խաղում: Հատկապես առանձնանում էր Թոխատյանի խաղը, որ հատկապես արտացոլվում էր նրա հնչերանգի ու դիմախաղի մեջ՝ հասցնելով կերպարանափոխվել. մեկ նա իր ձիով, սակայն զորքով Նապոլեոնն էր, մեկ՝ Հիտլերը, մեկ՝ Արա Գեղեցիկը, մեկ՝ Նոստրադամուսը, մեկ՝ Վագրը: Վագրը, իր մանկական միամտությամբ ժամանակ առ ժամանակ հայտնվում-խառնում էր կեղծ իրականությունը, պատռելով միջազգային ատյանների համար գրված ամպագոռգոռ բառակույտերով բոլոր ճառերը: Վագրը գտնված ցայտուն կերպարներից է, որը լի է անսահման հումորով: Ներկայացումը ամփոփվում է բազում հարցադրումներով՝ արդյոք մինչեւ մեր հողերի հետ վերցնելը, մենք այլ հայկական հարցեր չունե՞նք այսօր, ինչո՞ւ տեր չենք կանգնում, չենք փայփայում մեր ունեցածը. ասում ենք՝ Նարեկացի, Չարենց, Քուչակ՝ առանց իմանալու, ճանաչելու նրանց ստեղծածը: Իսկ ավարտվում է Տիգրան Մեծի հայտնվելով, բնության զայրույթով, խաչով անհավատ ու տձեւ օբյեկտի փլուզմամբ, կեղծ արժեքների հերքմամբ, մեր կյանքում, մեր պատմության մեջ, մեր ամենօրյա մեծ ու փոքր խնդիրներում, մեր ամենօրյա հարաբերություններում մեր բաժին մեղքի գիտակցմամբ, եւ… 8230«Հայր մեր»-ով: Ամեն մեկս երեկվա ու այսօրվա իրականության առջեւ ունենք մեր մեղքը, եւ եթե դա չգիտակցենք ու չփորձենք մտորել այս մասին, վաղը նույնը կլինի: Թերեւս ավելի վատը: ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել