Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Երբ բոլորը կասկածում են բոլորին

Հոկտեմբեր 19,2002 00:00

Երբ բոլորը կասկածում են բոլորին Վանաձորում վերջերս ավարտված դատաքննությունն իր տեսակի մեջ բացառիկ էր ոչ միայն նրանով, որ կարծես թե առաջին անգամ (առնվազն 10-13 տարվա ընթացքում) հանցավոր բանդայի նկատմամբ հարուցված քրեական գործ էր քննության առնվում, այլեւ, որ գործն իր բնույթով գրեթե նման էր «Հոկտեմբերի 27»-ի գործին. այն տարբերությամբ, որ ահաբեկչությունը տեղի էր ունեցել փողոցում։ Դատական նիստերի ընթացքում ԶԼՄ-ների կարգավիճակը քիչ էր տարբերվում այն քաղաքացիների կարգավիճակից, ում մասին սովորաբար «02» հեռուստառեպորտաժներում ասվում է. «Կասկածանքով բերման ենթարկվեցին ՆԳ բաժին եւ պարզվեց, որ նրա մոտ հայտնաբերվել է ափիոն տեսակի թմրանյութ»։ Դատական նիստերի մեծ մասն անցավ խստացված պայմաններում։ ԶԼՄ-ներն էլ, կասկածյալի նման, պետք է իրենց գրպաններն ու պայուսակները ներկայացնեին խուզարկության եւ «ձեռքերը վեր» կարգավիճակում ստուգվեին (չլինի՞ թե հանկարծ մոտները որեւէ պայթուցիկ լինի)։ Իսկ ՀՀ սահմանադրության 18 հոդվածում նշվում է, որ մարդուն չի կարելի խուզարկել այլ կերպ, քան օրենքով սահմանված կարգով։ 19-րդ հոդվածն էլ նշում է, որ մարդուն չի կարելի ենթարկել արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի։ Տվյալ դեպքում՝ ԶԼՄ-ների նկատմամբ նման «զգուշավորությունը» կարելի է համարել վիրավորանք եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք։ Այս ամենը արդյունք է վերջին 3 տարիներին երկրում ստեղծված ահաբեկչության մթնոլորտի, ուր բոլորը կասկածում են բոլորին։ Միաժամանակ հարց է ծագում. եթե իրավապահը չի վստահում լրագրողին, վերջինս ինչո՞ւ պիտի իրավապահ համակարգի հանդեպ առավել անվստահելիության մթնոլորտում վստահի օրինապահին. ի՞նչ երաշխիք, թե չեն գտնվի 2 վկաներ, որոնք հարկ եղած դեպքում կհաստատեն, թե իբր այսինչի մոտ հայտնաբերվել է «ափիոն տեսակի թմրանյութ»։ Էլ ի՞նչ դռնբաց դատավարության մասին կարող է խոսք լինել, եթե այդ ամենի հետեւանքով շարքային քաղաքացին էլ ամենեւին ցանկություն չի ունենա մտնել դահլիճ։ Պատահական չէ, որ վերոհիշյալ դատաքննությունն ընթանում էր կիսադատարկ դահլիճում, ուր գտնվում էին միայն օրվա ցուցմունքը տվող տուժողները, վկաներն ու ամբաստանյալների հարազատները, ինչպես նաեւ երկու տասնյակից ավելի ոստիկաններ։ Հարկ է նկատել, որ խորհրդային տարիներին դատական նիստերը մատչելի էին հասարակայնության ավելի լայն խավերին։ Եթե այն ժամանակ մարդիկ խուսափում էին դատաքննչական մարմինների հետ առնչվելուց, ապա այժմ պարզապես վախենում են. դրա համար հիմքեր կան։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել