Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Եկան, տեսան, գնացին

Հոկտեմբեր 19,2002 00:00

Եկան, տեսան, գնացին «Մեր սխալն այն էր, որ հենց սկզբից ցույց տվինք՝ ինչ ունենք-չունենք, եկան, տեսան, գնացին ու չմնացին սեմինարին»,- նեղսրտեց «բնական ակտիվ նյութեր արտադրող եւ արտահանող» կազմակերպության նախագահ Մ. Բաբախանյանը։ Նշենք, որ ծրագրով նախատեսված էր ցուցահանդեսի դիտումն սկսել զեկույցներից հետո, բայց, չգիտես ինչու, ամեն ինչ հակառակն արվեց։ Եվ եթե դա է պատճառը, որ սեմինարին հրավիրված բանկիրները, մարքեթինգի մասնագետներն ու խոշոր ձեռնարկատերերը «եկան, տեսան, գնացին», կնշանակի նաեւ, որ ապրանքը նրանց չհետաքրքրեց։ Այսինքն՝ որ մնային էլ՝ օգուտ չկար։ Ավելի ճիշտ՝ այդ մշտազբաղ մարդկանցից ոչ մեկն էլ այդքան ժամանակ ու «ներվեր» չէր ճարի լսելու այդքան ձանձրալի, ձգած ու գրեթե նոր բան չասող զեկույցները։ Ընդհանուր առմամբ, ասելիքն այն էր, որ ԳԱԱ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտը հետազոտել է մի շարք բիոլոգիապես ակտիվ նյութեր, ստացել հետաքրքիր արդյունքներ, որոնց իրացման համար պետք է փող եւ շուկա։ Դե, պետությունն իրենը չի համարում այդ խնդիրը եւ հույսը պատահական հովանավորներն են։ Թե ինչից ինչ կարելի է ստանալ՝ ներկայացված էր ցուցահանդեսում, ասենք՝ «լոշտակ» բույսից՝ երկարակեցության պրեպարատ, դաղձից՝ սրտանոթային համակարգի անբավարարությունը թեթեւացնող միջոց եւ այլն։ Առանձնահատուկ կարեւորությամբ ներկայացված էին նաեւ մեղրն ու ակնամոմը՝ իրենց բուժիչ հատկանիշներով։ Ակադեմիկոս Կոնստանդին Կարագյոզյանը, որպես հավաստումն այն բանի, թե համաշխարհային գիտական միտքը ինչքանով է հետաքրքրված իրենց հետազոտություններով, ներկայացրեց Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր Լյագերին, որը «թողել է իր բարձր վարձատրվող աշխատանքն ու եկել է մեր աշխատանքներին ծանոթանալու եւ մասնակցելու»։ Ինչպես ցուցահանդեսում, այնպես էլ զեկուցման թեմաներում մեծ տեղ ու դեր տրված էր մեղրին, մեղվապահությանն ու մեղվամթերքի արտադրությանը։ Եվ այստեղ էլ նույն խնդիրն է՝ մասնագետ կա, մեղր կա, իրացում չկա։ Սեմինարի նպատակն էր միավորել գիտնականների եւ բնական ակտիվ նյութեր արտադրողների ու արտահանողների ջանքերը եւ ստեղծել նախադրյալներ այդ եկամտաբեր բնագավառի զարգացման համար։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել