Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Քցող» տնօրենը՝ հանրապետությունից դուրս

Հոկտեմբեր 19,2002 00:00

«Քցող» տնօրենը՝ հանրապետությունից դուրս 2001թ. մայիսի 17-ին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը լսեց Նիկոլ Բաղդասարյանի, Հունիս Ավետիսյանի, Վոլոդյա Ղազարյանի հայցն ընդդեմ «Մալանչ» ձեռնարկության տնօրեն Միշա Դավթյանի «գումարի պահանջի մասին»։ Խոսքը մասնավորապես վերաբերում էր 2 հազար 300 հատ սեփականաշնորհման սերտիֆիկատների արժեքի՝ 46 մլն 4000 դրամ գումարին։ Դատարանը հայցը բավարարեց լիովին, վճռելով Միշա Դավթյանից բռնագանձել 46 մլն 920 հազ. դրամ ընդհանուր գումար, հօգուտ պետբյուջեի՝ 916000 դրամ «որպես պակաս վճարված պետտուրքի գումար»։ Դատավոր Վ. Հովհաննիսյանը հայցվորների փաստարկները համարեց համոզիչ։ Իսկ որ դա այդպես էր, երեւաց նաեւ հետագայում, երբ պատասխանողը վերաքննիչ բողոք նույնիսկ չբերեց, հետեւաբար վճիռը «մտավ» օրինական ուժի մեջ։ «Վանաձորի «Մալանչ» ԲԲԸ-ն սեփականաշնորհվել էր 1996թ. սեպտեմբերի 4-ին, աճուրդի կենտրոնում։ ԲԲԸ-ի տնօրեն Միշա Դավթյանը, որը Վանաձորի բամբակյա գործվածքային արտադրական միավորման ֆաբրիկայի տնօրենն էր, 1996-ին առաջարկեց մեզ՝ օգնել իրեն 2400 սերտիֆիկատներով (յուրաքանչյուրը 20 հազար դրամ անվանական արժեքով) իր ընկերությունը սեփականացնելու համար։ Իր խնդրանքը տնօրենը պատճառաբանեց նրանով, որ գումար չունի, քանի որ բանվորական ձեռնոցներ է ուղարկել Ռուսաստան վաճառելու, այնտեղից պետք է բերեն մոտ 30 հազար ԱՄՆ դոլար եւ ինքը անմիջապես կվճարի»։ Նախագահ Ռ. Քոչարյանին ուղղված նամակում գրել էին «Իմ կուսակցությունը ժողովուրդն է» «կուսակցության» անդամներ, ՀՀ քաղաքացիներ Ն. Բաղդասարյանը, տնօրենից մյուս «քաշվածները»։ «Տնօրենը» գործի դրեց մի փաստարկ էլ, որ այս գործում կան մի շարք հեղինակություններ, «որոնց համար են սերտիֆիկատները»։ Մասնավորապես, նա վկայակոչեց ՀՀ արդյունաբերության փոխնախարարին (նախկին), ԱԺ պատգամավոր Արմեն Կիրակոսյանին, «Ցանց» ՍՊԸ-ի տնօրեն Հովսեփ Սեֆերյանին, Մարալիկի ԲԳԱՄ-ի տնօրեն Գագիկ Հարությունյանին։ Ձեռք բերվեցին սերտիֆիկատները, որոնց Ն. Բաղդասարյանի պնդմամբ, ավելացվում է եւս 3500 հատ սերտիֆիկատ։ Վերջին սերտիֆիկատների համար (ճարվեց 2300 հատ) տրվեց ստացական («փոխարինաբար, 1 ամսով») եւ սակայն սերտիֆիկատի գները փոխվեցին, տոկոսները աճեցին, «մեր բարեկամական-ընկերական շրջապատը երես թեքեց մեզնից»։ Միշա Դավթյանը այդ ընթացքում 6 ամիս ժամանակով Վանաձորի «Հայէկոնոմբանկից» վարկ էր վերցրել եւ չէր վերադարձրել։ Բանկը լեթարգիական քնից չգիտես ինչու զարթնեց ոչ թե 6 ամիս հետո, այլ 4 տարի անց, երբ… Միշա Դավթյանը, «պարզվեց», որ Հայաստանում չէ (նույն այն ժամանակն է, երբ Մ. Դավթյանը Վանաձորի դատարանում մի դատ արդեն տանուլ էր տվել) եւ դատարանն էլ առանց «օֆ» անելու սնանկ հայտարարեց «Մալանչ» ԲԲԸ-ին (բանկն այսօր տնօրինում է «Մալանչի» գույքը)։ «Հաշվի չառնվեց, որ մեր գումարները, ըստ ստացականի, տրված էին գործարանի սեփականաշնորհման համար եւ մեզ գործարանի գույքի բռնագրավման պարտատեր չճանաչեցին»,- ասում է Ն. Բաղդասարյանը, որին հետաքրքրում է անչափ կարեւոր մի հարց էլ, թե «ո՞վ պիտի մարի մեր պարտքը, մեր պարտքերի աճած տոկոսները»։ Ն. Բաղդասարյանը մի ծանր կորուստ էլ ունեցավ. Սոչիում 2000թ. դեկտեմբերի 17-ին սպանվեց աշխատանք գտնելու հույսով այնտեղ հայտնված որդին. «Նրա մահվան հիմնական պատճառը Մ. Դավթյանի հանցագործ փախուստի հետեւանքով առաջացած լարված վիճակն էր»։ Ն. Բաղդասարյանը դիմել է տնտեսվարող դատարանի Լոռու մարզի դատավոր Արշակ Շահոյանին։ Վերջինս հայտնել է, որ ինքն իրավազոր չէ հարցը լսելու։ Այդ դեպքում ո՞ւմ դիմեն քաղաքացիները, ո՞վ պետք է կատարի Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանի վճիռը, որը իբր թե բարով-խերով «մտել է օրինական ուժի մեջ», այն էլ՝ 04.06.2001-ից։ Մի խայտառակ արձանագրություն էլ թողել է իր ետեւից (21.05.01թ.) հարկադիր կատարման մարզային ծառայությունը՝ կապված տնօրենի դրամական միջոցների եւ գույքի վրա արգելանք դնելու հետ։ «Ստուգումից պարզվել է, որ բնակարանը վաճառվել է դեռեւս 1998թ., իսկ գույքը՝ օտարվել։ Ինքը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, իսկ ընտանիքն ապրում է «ժամանակավոր կացարանում»։ Ու «խեղճ» տնօրենի օգտին, բնականաբար, կազմվում է «գույքի բռնագանձման անհնարինության մասին գիտաֆանտաստիկ ակտը»։ Կատարողական վայրույթը կարճելու մասին ընդունվում է որոշում (06.06.01թ.): Տնօրենն անհետացել է, իսկ նրանից տուժածները, տուժածների պարտատերերը մնացել են քաղաքում։ Եվ ոչ ոք ոչ միայն ականջալուր չի լինում կատարված մեծամասշտաբ խաբեությանը, այլ կոնկրետ իրավական լուծում չի գտնում մարդկանց համար, որոնց ներդրած գումարների հաշվին է սեփականացվել «Մալանչը»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել