Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ԱՐՑԱԽԻՑ ՀԵՏՈ՝ ԷԼԻ ԱՐՑԱԽ

Հոկտեմբեր 19,2002 00:00

ԱՐՑԱԽԻՑ ՀԵՏՈ՝ ԷԼԻ ԱՐՑԱԽ Արցախի գյուղերում բնակվողների հիմնախնդիրները սկսվում են գյուղերը շրջկենտրոններին կապող անբարեկարգ ճանապարհներից։ Այս անգամ ազատագրված տարածքներ այցելությունը ԵԿՄ վարչության նախաձեռնությամբ էր։ Տարեվերջին նշվելու է 5-րդ մոտոհրաձգային բրիգադի տասներորդ տարելիցը, ինչի առիթով բրիգադի մարտիկներն անցան այն վայրերով, որտեղ մարտնչել էին, իսկ պատերազմի ավարտից հետո նահատակված ընկերների հիշատակին հուշաքարեր տեղադրել։ Արցախ ուղեւորվող խումբն իր ուխտագնացությունը սկսեց 5-րդ բրիգադի առաջին հրամանատար Ռեմիկ Մարդանյանի հուշաքարի այցելությունից։ 5-րդ մոտոհրաձգային բրիգադը կազմավորվել է 1992թ. նոյեմբերի 28-ին, ՀՀ պաշտպանության այդ օրերի նախարար Վազգեն Մանուկյանի թիվ 147 հրամանով եւ, ինչպես բրիգադի մարտիկները պատմեցին, իրենք կոչված էին բեկում մտցնելու եւ փոխելու Մարտակերտում ռազմաճակատի ընդհանուր դիմագիծը։ Չնայած այսօր Արցախում հանգստություն ու խաղաղություն է տիրում, սակայն ազատագրված շրջաններում (եւ ոչ միայն) կան սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներ։ Կան գյուղեր, որտեղ դեռ էլեկտրականություն չեն ստանում, տները վերջնականապես վերակառուցված չեն, դպրոցահասակ երեխաները հարակից գյուղերում են ուսում առնում։ Բայց այս ամենի հետ մեկտեղ, Մարտակերտի շրջանում կային գյուղեր, որոնցում շինարարական աշխատանքներն արագ թափով իրականացվում են։ Կառուցվում են գյուղապետարաններ, դպրոցներ, բուժկետեր։ Ազատագրված Թալիշ գյուղում ՄԱԿ-ի արցախյան գրասենյակի հովանավորությամբ շինարարական աշխատանքներ էին ընթանում։ Գյուղն արդեն ուներ 160 ընտանիք եւ, ինչպես գյուղապետը հավաստեց, ծնելիությունն այստեղ բարձր ցուցանիշ է կազմում։ Գյուղի ժողովուրդը հիմնականում զբաղվում է հողագործությամբ ու անասնապահությամբ։ Իսկ տղամարդկանց մի մասն ընդգրկված է շինարարական աշխատանքներում։ Մարտակերտի Մատաղիս, Դրմբոն, Մեծ Շեն, Մաղավուզ գյուղերում խումբը նույնպես իջեւանեց՝ մարտական ընկերների հուշաքարերին այցելելու նպատակով։ 5-րդ բրիգադի մարտիկների հաջորդ կանգառը Հադրութի Ձորակում էր։ Անտառապատ սարերով ու ժայռերով հագեցած Ձորակն իր մեջ ներառում էր Էդիլլու, Դուդուկչի, Հախուլլու, Աղբուլաղ գյուղերը։ Այս եւ բոլոր մնացած գյուղերում տեղացիների կողմից ջերմ ընդունելության արժանանալով Ղարաբաղի թթի օղու, կարմիր գինու եւ ավանդական խոզի խորովածի շուրջ, բրիգադի տղաները հիշեցին այս կամ այն գյուղի դեպքերը։ Ի դեպ, նշենք, որ Հադրութին սահմանակից Ֆիզուլու եւ նրա 24 գյուղերի ազատագրումը եւս 5-րդ բրիգադի կամավորականներն են իրականացրել՝ փոխգնդապետ Մանվել Գրիգորյանի հրամանատարությամբ։ Ձորակցիների հետ զրուցելիս տեղեկացանք, որ նշյալ գյուղերի բնակիչները նույնիսկ պատերազմի տարիներին չէին լքել հայրենի գյուղը։ Այսօր էլ նրանց ընտանիքի հայրը դրսում չի գտնվում։ Աղբուլաղում քրիստոնեական միջազգային զորակցության միջոցներով դպրոց էր վերանորոգվում, իսկ մինչ այդ դասերը ժամանակավոր տնակներում էին ընթանում։ Ազատագրված տարածքներով անցնելիս մի բան եւս ակնհայտ էր, որ արցախյան պարարտ հողը մասամբ էր օգտագործվում։ Պատճառը հսկայական տարածքների ականապատված լինելն է։ Ինչը խոչընդոտում է գյուղատնտեսական աշխատանքներին։ Տարածություններով ձգվող նռան, խաղողի այգիները նույնպես ականապատված են եւ ենթակա չեն մշակման։ Այս խնդրի առնչությամբ պաշտպանության նախարարության լրատվության եւ քարոզչության վարչությունից հայտնեցին, որ արդեն մի քանի ամիս է, ինչ Էջմիածնում ամերիկացիների օժանդակությամբ գործում է Ականազերծման կենտրոնը։ Եվ որ անցյալ շաբաթ Տավուշի մարզում փորձնական աշխատանքներ են կատարվել։ Նրանց վկայությամբ, չնայած տարածքների ականազերծումը մեծ ծախսեր է պահանջում, այնուամենայնիվ, գործընթացը շարունակական է լինելու։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ Լուսանկարները՝ Գարիկ Արմենակյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել