Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհաքաղաքական խաչմերուկներ

Հոկտեմբեր 19,2002 00:00

Աշխարհաքաղաքական խաչմերուկներ Որ ազդեցության ոլորտների բաժանմանն ուղղված գերտերությունների ծրագրերն անուղղակի եւ հաճախ՝ նաեւ ուղղակի կերպով ազդում են մեր տարածաշրջանում եւ մասնավորապես Հարավային Կովկասում ծավալվող իրադարձությունների վրա՝ հստակ է: Այդ իմաստով նոր հեծանիվ հայտնագործելու կարիքն անգամ չկա: Բայց որ մեր տարածաշրջանի պետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությունն էլ կարող է ազդել գերտերությունների «ախորժակի» վրա՝ դա էլ է ակնհայտ: Այդ համատեքստում կարեւորն այն է, որ մասնավորապես Հարավային Կովկասի պետությունները, այդ թվում՝ Հայաստանը, կարողանան այնպիսի արտաքին քաղաքականություն վարել, որ հնարավորինս զերծ լինեն գերտերությունների միջեւ պայքարի փլատակների տակ մնալու հեռանկարից: Իսկ թե ինչպիսի գործընթացներ կարող են ծավալվել աշխարհում, որոնք կշոշափեն նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի շահերը, փորձել է կանխատեսել Թուրքական աշխարհի ուսումնասիրության ռազմավարական կենտրոնի ղեկավար Ալի Չանկայը: Վերջինիս համոզմամբ՝ «Մերձավոր Արեւելք, Պարսից Ծոց եւ Կասպից ծովի ավազան. այդ տարածաշրջաններում տեղի ունեցող գործընթացները սերտորեն միահյուսված են»: Ա. Չանկայը, որ 31 տարի ծառայել է թուրքական բանակում, եղել այդ բանակի շտաբի գնդապետ, իսկ 1998-2000թթ. ծառայել է Ադրբեջանում եւ զբաղվել այդ երկրի բանակաշինությամբ, մասնակցել Բոսնիայում իրականացված KFOR խաղաղարար գործողությանը, ադրբեջանական «Էխո» թերթին տված հարցազրույցում շարադրել է տարածաշրջանի ապագայի մասին իր դիտարկումները: Թուրք գնդապետը հայտարարել է, որ ինչպես Կասպիցի արեւմուտքում, այնպես էլ արեւելքում ԱՄՆ-ը իր հստակ շահերն ունի: Առաջինի դեպքում Ադրբեջանի եւ Վրաստանի մերձեցման քաղաքականություն է վարվում, խոչընդոտներ հարուցվում ռազմական գործողությունների վերսկսման համար, ինչպես օրինակ՝ Ղարաբաղում, Աբխազիայում եւ այլն: Կասպիցի արեւելյան հատվածում, ըստ Ա.Չանկայի, ազդեցության ոլորտները գերտերությունների միջեւ որոշակիորեն բաշխված են. ԱՄՆ-ը վճռորոշ գործոն է Կասպիցի «էներգիայով» Արեւմուտքին ապահովելու հետ կապված հարցերում, Ռուսաստանն ու Թուրքիան՝ տարածաշրջանային ուժերի վրա ազդելու համատեքստում: «ԱՄՆ-ը, բնականաբար, մտադիր է իր ազդեցության ոլորտը տարածել նաեւ Կասպիցի հարավում: Դրա համար անհրաժեշտ է, որ Իրանում կառավարի մի ռեժիմ, որն ընդունակ է պայմանավորվել Արեւմուտքի հետ»,- նկատել է թուրք զինվորականը: Անդրադառնալով վերջին ժամանակաշրջանում ակտիվորեն քննարկվող Ղազախստան-Իրան-Պարսից Ծոց՝ հարավային նավթամուղի անցկացմանը, նա հայտարարել է՝ «Հարավային նավթամուղի անցկացումն անհրաժեշտ է ԱՄՆ-ի շահերն ապահովելու համար: Բայց դրան այսօր խոչընդոտում է Իրանի ռեժիմը»: Ըստ նրա, հենց այդ է պատճառը, որ Իրանը «չարի առանցք» հայտարարելու հիմքում ընկած է այն փլուզված տեսնելու ԱՄՆ-ի ցանկությունը: «Կարելի է նույնիսկ մոտավորապես ասել, թե դա երբ տեղի կունենա,- հայտարարել է վերջինս՝ շեշտելով,- միայն այն բանից հետո, երբ ավարտվեն Իրաքում ծավալվող գործընթացները: Իրաքի անկումը ԱՄՆ-ի գերխնդիրն է, եւ միայն այդ ծրագիրը կենսագործելուց հետո ԱՄՆ-ը ավելի գործնական քայլեր կանի Իրանի դեմ»: Նրա դիտարկմամբ՝ «Իրանում բազմաթիվ գործոններ կան, որոնք կարելի է օգտագործել: Առաջին հերթին այդ երկիրը ժողովրդավարության, մարդու իրավունքների, սոցիալական հիմնախնդիրների համատեքստում ետ է մնում շատ այլ պետություններից: Բացի այդ, գոյություն ունի նաեւ էթնիկ փոքրամասնությունների խնդիր, որը զսպվում է միայն շարիաթի գործոնի ազդեցությամբ: Եթե ենթադրենք, որ Իրաքի դեմ գործողությունը կտեւի 2-3 տարի, ապա հենց դրանից հետո Իրանում առկա հիմնախնդիրները կսկսեն խորանալ: Իրանը ստիպված կլինի ժողովրդավարության ճանապարհը բռնել եւ իր երկրում ֆեդերացիաներ ձեւավորել: Հակառակ դեպքում՝ Իրանում սոցիալական պայթյունն ինքը ֆեդերացիայի ձեւավորման պատճառ կդառնա: Դա, անշուշտ, կառնչվի նաեւ Ադրբեջանին, քանի որ գործոններից մեկը, որ ԱՄՆ-ը կօգտագործի, կդառնա ադրբեջանցիների ազատագրական շարժումը: Բացի այդ, Ադրբեջանը կկարեւորվի նաեւ Իրանին հարեւան լինելու, ուստիեւ՝ ռազմաստրատեգիական առումով: Նա պետք կգա ճիշտ այնպես, ինչպես պետք եկավ Թուրքիան՝ Իրաքում գործողություն իրականացնելու պարագայում»: Թուրք գնդապետը կանխատեսում է, որ 2005-2007թթ. մեր տարածաշրջանում տեղի կունենան հենց այդպիսի զարգացումներ, որոնց պարագայում պետք կլինի ուժեղ Ադրբեջան՝ ուժեղ բանակով, զարգացած տնտեսությամբ, կայուն քաղաքական իշխանությամբ: Իսկ հարավային նավթամուղի անցկացման ուղղությամբ աշխատանքները, ըստ նրա, կարող են սկսվել «իրանյան ծրագրերը» կենսագործելուց հետո: Պատասխանելով ադրբեջանցի լրագրողի այն հարցադրմանը, թե մինչեւ Իրանի դեմ գործողություններին աջակցելն ու «հարավային ադրբեջանցիների» վրա ուժեր վատնելը, Ադրբեջանին նախ պետք է լուծել իր երկրում առկա ղարաբաղյան խնդիրը, Ալի Չանկայը նկատել է. «Թուրքիան երկար տարիներ փորձել է լուծել քուրդ անջատողականների խնդիրը, բայց գործնականում հաջողության է հասել միայն այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը սկսել է գործողություններ ծավալել Իրաքում»: Ադրբեջանական բանակում ծառայած թուրք գնդապետը կարծիք է հայտնել, թե այդ բանակն այսօր ավելի լավն է, քան՝ 97-98 թվերին եւ այսօր էլ կարող է հաղթել իր թշնամուն, բայցեւ վստահեցրել է. «Չի կարելի մոռանալ այն հեռանկարը, որում կարող է հայտնվել պատերազմող երկիրը պատերազմից հետո: Կկարողանա՞ արդյոք նա իր երկրում կայունություն ապահովել եւ պատերազմի հետեւանքով թուլացած կառավարման համակարգի պայմաններում չեզոքացնել պատերազմական նոր, հնարավոր օջախները: Ավելի լավ կլինի սպասել հարմար պահի, երբ ԱՄՆ-ը կզգա Ադրբեջանի օգնության կարիքը եւ իր հերթին կօգնի վերջինիս լուծել Ղարաբաղի հիմնախնդիրը»: Պատրաստեց ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել