Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՆԵՐԿԱՆ ՈՒ ԱՊԱԳԱՆ

Հոկտեմբեր 19,2002 00:00

ՀԱՅ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՆԵՐԿԱՆ ՈՒ ԱՊԱԳԱՆ Միայն հարցեր եւ տարիների պարտքեր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում երեկ հերթական սեմինարն էր «Հայաստանի քաղաքացիական ավիացիայի զարգացման հեռանկարները» թեմայով, որին մասնակցում էին Ազգային ավիացիոն միության նախագահ Դմիտրի Ադբաշյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի Տնտեսագիտական վարչության խորհրդատու Արտաշես Բախշյանը, տնտեսագետ Էդվարդ Աղաջանովը, ՀԱՈՒ մարկետինգի բաժնի պետ Սամվել Յավրյանը, ՔԱԳՎ ներկայացուցիչ Ռուբեն Գրիգորյանը, «Սեդ-Մարսեդ» խորհրդատվական ընկերության գործադիր տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, «Գլոուբ թրավելի» տնօրեն Վահան Հարությունյանը, «Տեր-Տաճատյան» իրավաբանական ծառայության տնօրեն Արմեն Տեր-Տաճատյանը, ՀՀ սոցիալ-տնտեսական փորձագիտական խորհրդի անդամ Գարիկ Մկրտչյանը եւ այլք: Սեմինարի օրակարգի հարցերն էին՝ «Զվարթնոց» օդանավակայանի այսօրն ու վաղը, ՀԱՈՒ մրցունակության բարձրացման խնդիրները, Հայաստանի քաղաքացիական ավիացիայի զարգացման նախադրյալները: Մեկնաբանությունների եւ վերլուծությունների տեսական ծավալուն դատողությունները կանգ առան առավել հետաքրքրություն ներկայացնող փաստերի վրա, այն է՝ ՀԱՈՒ, «Զվարթնոց» օդանավակայանի բոլոր պարտքերը ըստ կոնկրետ թվերի, Է.Էրնեկյանի մինչ օրս կատարած ներդրումները: Ավիացիայի բնագավառում ՔԱԳՎ ներկայացուցչի տվյալներով ճապոնական մի ընկերության կողմից շուրջ 3,5 մլն դոլարի սահմաններում վարկ է տրամադրվել, ներդրվել է օդային երթեւեկության կառավարման նոր համակարգ, եւ այդ վարկի մարումը նախատեսվում է 2005թ.: Սեմինարի ընթացքից պարզվեց, որ Ա 320 օդանավը ՀԱՈՒ-ն վարձակալում է նորաստեղծ Հայկական միջազգային ավիաուղիներից՝ 2450 ԱՄՆ դոլարով: ՀԱՈՒ մարկետինգի բաժնի պետ Ս.Յավրյանի ասելով՝ դա նորմալ շուկայական գին է, եւ. «Չվճարված աշխատավարձերը փորձում ենք մինչեւ տարվա վերջ վճարել: 8230Ներկայիս «Զվարթնոց» օդանավակայանին ՀԱՈՒ-ն գրեթե պարտքեր չունի: Իսկ նախկին պարտքը, եթե չեմ սխալվում, կազմում էր գրեթե 2 մլն դոլար»: Ընդ որում, պարզվեց նաեւ, որ Հայկական միջազգային ավիաուղիներին հատկացված է 36 օդային երթուղու շահագործման թույլտվություն: «Տվյալ դեպքում՝ Հայկական միջազգային ավիաուղիները ունի նշանակումներ այն երթուղիների վրա, որտեղ միջկառավարական համաձայնագրերը թույլ են տալիս հայկական կողմին ունենալ մեկից ավելի փոխադրողներ»,- ասաց ՔԱԳՎ ներկայացուցիչը: «ՀԱՈՒ ներկայիս պարտքը կազմում է 20 մլն դոլարի կարգի գումար։ ՀԱՈՒ-ն 2001 թ. աշխատել է վնասով՝ շուրջ 2 մլն դոլարի։ Ներկայումս ՀԱՈՒ-ն պլանավորում է 2003 թ. աշխատել շահութաբերությամբ»,-պարտքերի պատկերը ներկայացրեց Ս. Յավրյանը։ Իսկ Հայկական միջազգային ավիաուղիներից օդանավի ՀԱՈՒ-ի վարձակալության փաստը Յավրյանը մեկնաբանեց նրանով, իբրեւ թե ՀԱՈՒ-ն ժամանակի կորուստ կունենար բուն արտադրողից, առանց միջնորդի վարձակալելու պարագայում։ Այնուամենայնիվ, բոլոր ներկաները համաձայնեցին, որ ՀԱՈՒ-ի պարտքերի իրական չափերը ոչ ոք չգիտի, քանի որ դրանց մեծ մասը արտաքին են եւ լուրջ հաշվարկ չի արվել մինչ օրս։ Այսինքն՝ ստեղծվել է նաեւ մի իրավիճակ, որ այդ հսկայական պարտքերի պատճառով այժմ ցանկացած ղեկավարի դժվար թե հաջողվի շահույթով աշխատել, հաղթահարել ստեղծված վիճակը։ Սեմինարի վերջին ելույթը Դ.Ադբաշյանինն էր, որն անդրադարձավ ավիացիայի խնդիրներին՝ նշելով, որ ինքը կարող է առաջարկել իր ծրագիրը, որով կշտկվի իրավիճակը։ Նա մասնավորապես անդրադարձավ հայ օդաչուների անգործ, ֆինանսական ծանր վիճակին՝ հիշեցնելով օդաչու Ֆիլատովի ինքնասպանությունը։ Ըստ Դ. Ադբաշյանի, մեր օդաչուների մեծ մասը նույն վիճակում է՝ ինքնասպանության եզրին։ Սեմինարի թեման շատ ընդգրկուն էր, այդպիսով գրեթե բոլոր հարցերը շոշափվեցին առանց եզրահանգումների, ցաքուցրիվ։ Սեմինարիստները բաժանվել էին երկու մասի՝ մի կողմը ներկայացնում եւ քննադատում էր հայ ավիացիայի ներկան ու ապագան՝ սկսած նախկին ղեկավարներից, իսկ ՀԱՈՒ ներկայացուցիչները պաշտպանվում էին։ Սա այնքան շարունակվեց, որ Ռ. Գրիգորյանը ստիպված նկատեց, որ իրենք էլ են ամեն ինչ անում, որպեսզի հայ ավիացիան այս ճգնաժամից դուրս գա։ Ընդ որում, բոլոր այդ արդարացի քննադատությունները թափվեցին ոչ թե ՔԱԳՎ, ՀԱՈՒ ղեկավարության, այլ՝ ներկայացուցիչների գլխին, եւ բոլորն էլ նորանշանակներ են։ Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել