Ինչո՞ւ Երեւան Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն առաջինն է, որ ամենաշատն է բնակեցված հայերով (2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցնում են Մոսկվան եւ Լոս Անջելեսը), ցավոք, ի տարբերություն Բեյրութի, որը մի ժամանակ համարվում էր Սփյուռքի մայրաքաղաք։ Երեւանն այդ կարգավիճակը ձեռք բերեց վերջին ութսուն տարում։ Մինչ այդ՝ եղել է հովեկների հանգստավայր, վկա՝ «Երեւան բաղ եմ արել» բառերը համապատասխան երգի մեջ։ Թեպետ Էրեբունի ունի իր դարավոր թիկունքին, սակայն կասկածից դուրս է, որ Երեւանն իր բնակչության ուրբանիստական կտրվածքով պատկանում է նոր քաղաքների թվին եւ նույն վիճակի մեջ է, ինչ միջնադարում Եվրոպայի շատ քաղաքներ, որոնք համալրվում էին գավառներից իմիգրացիայի ենթարկվող կադրերով։ Նախաքսանական թվականների Երեւանից մնացել են պատառիկներ, որոնք գնալով նվազում են՝ տեղի տալով արդիական ճարտարապետությամբ շենքերի, որոնք ոտք են մեկնում արեւմտյան ոճի շինությունների հետ։ Քաղաքի ծայրամասերը համարյա զուրկ են ուրբանիստական այնպիսի բաղադրիչներից, որպիսիք են սրճարանները, խանութների շարանը, ճեմելու տրամադրող փողոցները, համապատասխան գիշերային լուսավորությունը եւ պատահական չէ, որ այդտեղ են հայտնվում շրջիկ առեւտրականները՝ իրենց ծախու ապրանքը ազդարարող բարձրագոչ աղաղակներով՝ կաթ, մածուն, թթվասեր, ձուկ, կարտոֆիլ եւ այլն, մի բան, որից բարեբախտաբար զերծ են կենտրոնական թաղամասերը։ Ծայրամասի փողոցների, մայթերի եւ լանդշաֆտին համապատասխան աստիճանների վերանորոգումները չնչին են կամ բոլորովին անտեսված թաղապետարանների կողմից։ Մի վիճակ, որը նույնիսկ աղետալի է դառնում ձմռանը, ձյան եւ սառնամանիքի հետեւանքով։ Լքվածության մի զգացողություն պարուրում է արվարձանատիպ այդ քաղաքային պեյզաժը՝ ի տարբերություն եվրոպական շատ քաղաքների, որոնց ծայրամասերն այնքան կոնտրաստային բնույթ չունեն կենտրոնի հետ։ Վերջին տարիներին քաղաքի կենտրոնական հատվածները զարդարեցին գրավիչ ձեւավորումները, հատկապես սպասարկման նկատառումով, անհատական սեփականության ընդարձակման շնորհիվ, ինչպես եւ գեղատեսիլ շենքերը, որ չար լեզուներին հավատալու դեպքում, կառուցվել են կրիմինալ սկզբունքով, հարկերը պետությանը չվճարելու ջանքերով։ Ինչեւէ, քաղաքը տեսքի է գալիս դանդաղորեն, թեեւ ի հաշիվ մասսայական պաուպերիզացիայի։ Սոցիալ-հոգեբանական տեսակետից՝ ինչքան կենտրոնից հեռանում ենք, այնքան ակնհայտ է դառնում քաղաքացիների պատասխանատվության նվազումը շրջապատի, այն էլ ոչ այնքան բարվոք բարեկարգվածությունը պահպանելու հարցում։ Ինձ թվում է, որ դեռեւս չի հասունացել երեւանցու քաղաքացիական տիպարը, որ նա իր վարքագծով իրեն պատասխանատու զգա ողջ հայության համար, մանավանդ որ, եթե նկատի ունենանք օտարերկրացիների աննախադեպ հոսքը դեպի մեր մայրաքաղաք։ Կոմունիստների օրոք, ի պաշտպանություն սոցիալիստական ապրելակերպի, պետական աչալուրջ հսկողության շնորհիվ երեւանցիներն ավելի զգաստ էին հատկապես արտասահմանցիների ներկայությամբ։ Անկախության հետ այդ էլ վերացավ։ Որպես դրական երեւույթ պետք է արձանագրել այն, որ մեծացավ օտար լեզվին տիրապետողների տոկոսը մայրաքաղաքում, քաղաքավարությունը եւ սպասարկման կուլտուրան՝ առեւտրական օբյեկտներում։ Իհարկե, դա ավելի պակաս է արտահայտվում հասարակական տրանսպորտում։ Հարեւանների եւ շրջապատի հանդեպ երաժշտական աղմկարարությունը համարյա նույնն է մնացել, ինչ նախորդ տասնամյակներում, հատկապես, երբ խնդիրը վերաբերում է հարսանիքներին։ Շուկաներում առեւտրով զբաղվածները սեփական կոպտությունն արդարացնում են իրենց գեղջկական ծագումով ու դրանով իսկ վառ են պահում առանց այն էլ երեւանցիների ոչ այնքան ուրբանիստական վարվելակերպի անտաշությունը։ ՎԱՐՈՒԺԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ