Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՖԻԼՄԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՂԱՔԱՐՏ ՉԷ

Հոկտեմբեր 19,2002 00:00

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՖԻԼՄԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՂԱՔԱՐՏ ՉԷ Պատմում են, ժամանակին, երբ Սարտրը Հայաստան է այցելել, սովորականի պես նրան ուղեկցող խումբ են կցել՝ գրողներ, արվեստագետներ, կուսակցական աշխատողներ։ Էկզիստենցիալիզմի հիմնադրին, որին Հայաստանում դեռ լավ չէին ճանաչում, հյուրասիրել են հայկական խոհանոցով, այդ թվում՝ խորովածներով… Ասում են, Սերո Խանզադյանը տեսնելով Սարտրի համեստ հյուրասիրվելը, զարմացել է՝ «Սրա կերածն ի՞նչ է, որ գրածն ինչ լինի…»։ Ժամանակը, իհարկե, ցույց տվեց, ով ինչ տեղ է զբաղեցնում մեծ գրականության պատմության մեջ։ Ի տարբերություն Սարտրի, Ատոմ Էգոյանի մասին ողջ աշխարհի հետ միասին Հայաստանում էլ բավականաչափ ինֆորմացված են, քիչ թե շատ ծանոթ են նրա ֆիլմերին, սակայն նրա ստեղծագործությունը սկսում են մարսել նախ նրա անունից եւ ոչ ֆիլմերից։ Հրեա պրոդյուսերների եւ հայ ռեժիսորի «Արարատ» ֆիլմի շուրջ Թուրքիայի կառավարության բարձրացրած աղմուկը տարածվեց աշխարհով մեկ՝ ֆիլմին միանշանակ քաղաքական աստառ տալով։ Թուրքիայի կառավարությունը, անշուշտ, պետք է արձագանքեր, աղմկեր՝ պետական PR-ի առջեւ պարտքը կատարելով։ Միջազգային մամուլի արձագանքները եւս քաղաքական ենթատեքստերով էին, այն մասին, որ համաշխարհային arthous-ի լիդերներից մեկը՝ հայկական ծագումով կանադացի ռեժիսոր Ատոմ Էգոյանը ներկայացնում է «Արարատ» ֆիլմը, որը կինո է ազգի ողբերգության մասին, որը զոհ դարձավ անցյալ դարի սկզբին։ «Էգոյանը արդիականն ու պատմությունն է ներկայացնում, որպեսզի պատմի այն մասին, թե ինչպես գենետիկական վերքերը կարող են հարյուրավոր տարիներ անց աշխարհի մյուս ծայրում իրենց երեւալ տալ»։ Ատոմ Էգոյանը 2001թ. դեկտեմբերին, ֆիլմի համար ձայնագրությունների նպատակով Հայաստանում էր։ Այդ օրերին արդեն լսելի էր թուրքական կառավարության աղմուկը։ Էգոյանը նշեց, որ ֆիլմը պարզապես խոսում է ցեղասպանության մասին, իբրեւ անհերքելի պատմական փաստի, թուրքական կողմի աղմուկը ոչ թե կապում էր ֆիլմի հետ, այլ՝ «Կանադայի Ազգային ժողովում արտաքին գործերի նախարարի տեղակալը թուրքական դիրքորոշումը բառ առ բառ ներկայացրեց, որից հետո ես հանդես եկա կանադական մամուլում։ Ֆիլմը քաղաքական հիմք չունի, բայց թուրքական կողմը գիտե ջարդի վերաբերյալ իմ դիրքորոշումը»։ Իսկ ֆիլմի ցուցադրումից հետո արդեն Ա. Էգոյանն ասաց. «Մենք իրավունք ունենք մեր պատմությունը պատմելու՝ առանց որեւէ բանից երկյուղելու»։ Ֆիլմի շուրջ մեկնաբանությունների 99%-ը, կարելի է ասել, քաղաքական էր։ Եվ բուն ֆիլմի կամ ֆիլմի գեղարվեստական արժանիքների մասին խոսակցություն կամ վերլուծություն գրեթե չկա։ Տորոնտոյի փառատոնում ֆիլմի ցուցադրման ընթացքի մասին միջազգային մամուլը գրում է, որ «Արարատում» ռեժիսորը վերականգնում է 1915-17թթ. պատմական դեպքերը. «Օսմանյան կայսրության կազմում ապրող 1,3 մլն խաղաղ բնակչության սպանություն։ Էգոյանն ասում է, որ այս ֆիլմը նոր իրականության մասին իր մտորումներն են, որի հետ ախարհը բախվեց Ամերիկայում սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո»։ Ատոմ Էգոյանի ֆիլմերը դասվում են էլիտար, ոչ մասսայական ֆիլմերի շարքին։ Էգոյանի ֆիլմերն առանձնանում են կառուցվածքով եւ մտածողությամբ, խորհրդանիշների գործածմամբ եւ նոր խորհրդանիշների ստեղծմամբ։ «Արարատում» եւս սցենարը ստանդարտ զարգացում չունի, այլ «մատրյոշկայի» սկզբունքով այն անընդհատ բացվում է՝ նոր ինֆորմացիայի, այլ պատմության, այլ տեսարանի տեսքով։ Ֆիլմի մասին խոսելուց առաջ, չպետք է մոռանանք, որ ցանկացած ստեղծագործություն մի արվեստագետի, մարդու միտք եւ աշխատանք է։ Եվ «Արարատը» պետք է դիտել ոչ թե որպես մի պետության ռազմավարություն կամ դիրքորոշում, այլ մի արվեստագետի մտահղացում, ստեղծագործություն, վերապրում, տեսակետ։ «Արարատի» մաքուր ընկալմանը խանգարեցին ոչ միայն թուրքական կառավարության մանր իրարանցումները, այլեւ Հայաստանում եւ Սփյուռքում ֆիլմի գովազդման ձեւերը։ «Արարատում» պատմափաստագրական նյութեր օգտագործված չեն, այլ իրականությունը վերապատմվում էր սերունդների կյանքի եւ գործունեության միջոցով։ Եթե զուտ քաղաքական տեսանկյունով դիտենք ֆիլմը, ապա այնտեղ կհայտնաբերենք թույլ հիմնավորումներ՝ դիալոգներ, որոնք հիմնականում հիմնված են ոչ թե պատմագրական փաստերի, այլ սերունդների վերապրումների, կրած հետեւանքների եւ էմոցիաների վրա։ Այդ իսկ պատճառով ֆիլմը գեղարվեստական է եւ ոչ թե պատմափաստագրական։ Պատմությունը այս ֆիլմում կենսագրությունն է մի մարդու, մի խումբ մարդկանց եւ մի ազգի, իսկ կենսագրությունը հնարավոր չէ խմբագրել։ Ակնհայտ է, որ Ա. Էգոյանը ի սկզբանե ենթադրում էր «Արարատ» ֆիլմի նման մեկնաբանությունը, աղմուկը, սկսած՝ «Արարատ» անվանումից, որը նաեւ որքան օգնում, նույնչափ էլ խանգարում էր ֆիլմի մաքուր ընկալմանը։ Այդ է վկայում Ա. Էգոյանի այն խոսքը, թե «ես գիտեի, որ թուրքերը շատ մոտիկից եւ ուշադիր են դիտելու այս ֆիլմը եւ ես նախօրոք պետք է փորձեի պատկերացնել նրանց ցանկացած քննադատություն»։ Ա. Էգոյանը խոսում է առկա եւ իր ստեղծած սիմվոլների լեզվով։ Մեր այն հարցին, թե ինչու են «Արարատում» առաջինը հայերը կրակ բացում, նա պատասխանեց. «Ես ուզում էի վեր հանել զոհ լինելու եւ դա հաղթահարելու հանգամանքը եւ այն զորությունը, որ գալիս է դա հաղթահարելուց։ Գիտեի, որ թուրքերը անպայման հղում էին անելու այդ հանգամանքին, որ պատմականորեն նախահարձակ են եղել հայերը։ Այս ֆիլմում ես հարցադրումը այսպես եմ անում. եթե անգամ հայերն են առաջինը նախահարձակ եղել, արդյո՞ք դա արդարացնում է այն, ինչը հետեւեց դրան»։ Ֆիլմը ավարտվում է այն տեսարանով, որ հերոսը ամերիկացի մաքսավորին համոզում է, որ կինոժապավենի տուփի մեջ ոչ թե թմրադեղ է, այլ Արեւմտյան Հայաստանի տեսագրությունը։ Ինչո՞ւ է կշեռքի նույն նժարին դրվում թմրանյութը եւ հայկական հողերի տեսանյութը։ Էգոյանը, ի պատասխան, ասաց. «Եթե հիշում եք, նույն մաքսավորը սկզբում նույնիսկ թույլ չէր տալիս ներմուծել նուռը, որը ինձ համար ազգային խորհրդանիշ է։ Սակայն վերջում մաքսավորը, լսելով հայ երիտասարդի պատմությունը եւ որոշ չափով նույնացում ապրելով նրա հետ, անգամ թույլատրում է ներմուծել ամենաանթույլատրելի նյութը, անպատիժ թողնելով»։ Բայց հիշենք մաքսավորի խոսքերը տեսանյութի վերաբերյալ. «Այստեղ ոչինչ չկա, որ ապացուցի, թե ինչ-որ բան է պատահել»։ Մաքսավորի հավատը վերջում փլուզվում է, տեսաժապավենի տուփի մեջ թմրանյութ էր։ Արդյո՞ք այս տեսարանից բխող հարցերը ռեժիսորն անպատասխան չի թողնում։ Ընդամենը մի ամերիկացի մաքսավորի հավատո՞վ է պայմանավորված այդ հարցը, որն էլ վերջում փուլ է գալիս։ Այս ամենին ակամա հակադրվում են թուրք երիտասարդի՝ Ալիի խոսքերը, որի սերունդը տեղյակ էլ չէ ցեղասպանության փաստերի մասին, միայն լսել է, այն էլ՝ մեր միջոցով։ Սակայն նույն Ալին, ֆիլմում նկարահանվող ֆիլմի մեջ թուրք առաջնորդի դերի մեջ մտնելով, բացահայտում է իր գենետիկ իրական եսը։ «Արարատ» ֆիլմը լի է վիճելի հարցադրումներով, եթե այն դիտում ենք իբրեւ զուտ ազգային քաղաքական ակցիա, որոնցում բերված սիմվոլներն ունեն հակասիմվոլներ, փաստարկները՝ հակափաստարկներ, որոնք մանրամասնելիս կարող է հարց ծագել՝ իրականում ո՞ւմ շահերից է այն բխում։ Սակայն ֆիլմը պետք է դիտել զուտ իբրեւ գեղարվեստական ֆիլմ, որում բացվող թեմաները բազմաթիվ են, սակայն գլխավոր թեման վերցված է պատմական իրողությունից։ Թերեւս Ա. Էգոյանը, գիտակցելով թեմայի ծանրությունն ու լրջությունը եւ ֆիլմի հավակնոտ անվանումը, սցենարում բացվող հարցերի վիճելիությունը եւ համոզիչ չլինելը, ռեժիսորական խորամանկությամբ ընտրել է ֆիլմում ֆիլմ նկարելու լուծումը։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել