Լրահոս
Օրվա լրահոսը

Ճշմարտությունների արյունալի վերաիմաստավորում

Հոկտեմբեր 19,2002 00:00

Ճշմարտությունների արյունալի վերաիմաստավորում Իբրահիմ Բայանդուրլու- Անկախ քաղաքագետ (Ադրբեջան) Հարավային Կովկասի տարածաշրջանում հակամարտությունների նմանությունը մոդելային է, տրաֆարետային են նաեւ դրանց ֆաբուլաները: Դառնանք, օրինակ, ցխինվալյան սինդրոմին: Ինչպես հայտնի է, հարավային օսերը, որոնք իրենց մենթալիտետով տարբերվում են «հյուսիսցիներից» (ճիշտ այնպես, ինչպես Ղարաբաղի հայերն են տարբերվում իրենց «մայրցամաքային» ազգակիցներից), Վրացական ԽՍՀ կազմում ունեին ինքնավար մարզի կարգավիճակ: Այդպիսի կարգավիճակ ունեին նաեւ Լեռնային Ղարաբաղի հայերը: Պետք է նշել, որ նրանց այդ կարգավիճակները միեւնույն էթնոսի ինքնորոշման իրավունքի կրկնակի իրագործման արդյունք էր: Չէ որ «լենինյան ազգային քաղաքականության» եւ խորհրդային բազմաստիճան ֆեդերալիզմի շրջանակներում առաջին դեպքում օսերը ինքնահաստատվեցին, ստացան ինքնավար հանրապետության կարգավիճակ ՌԽՖՍՀ կազմում, երկրորդ դեպքում՝ բազմաֆունկցիոնալ ինքնավարություն ձեռքբերեցին Խորհրդային Վրաստանում: Նույն բանը տեղի ունեցավ հայերի հետ: Ընդ որում, ի տարբերություն օսերի, իրենց ինքնորոշման իրավունքով հայերը դարձան նաեւ ԽՍՀ Միության լիասուբյեկտ հիմնադիրները, ստեղծեցին տասնհինգ միութենական, սահմանադրորեն անջատվելու եւ սեփական պետությունը հիմնելու իրավունքն ունեցող հանրապետություններից մեկը: Շարունակենք համեմատությունը: Ինչպես եւ Լեռնային Ղարաբաղի դեպքում, ԽՄԿԿ գերիշխանության ժամանակաշրջանում, խորհրդային երկաթյա թվացող կայունության պայմաններում վրաց-օսական հարաբերությունները ամենեւին էլ իդիլլիկ չէին: Մտավորականների մեջ պարբերաբար բռնկվում էին հիմնականում կեղծ գիտական բանավեճեր այն հարցի շուրջ, թե որ ժողովուրդն է տվյալ տարածքում ավելի հնակյացը: Խնդրի էությունն այն չէ, թե ով էր ճիշտը: Ես առհասարակ պատմական հնակյացության հիմքով էթնոքաղաքական ձգտումների մասսայականացումը անախրոնիզմ եմ համարում: Իսկ թերարժեքության զգացողությունն այն պատճառով, որ ինչ-որ մեկը քո ժողովրդին համարում է եկվոր տվյալ տարածքում, եւ մանավանդ օր ու գիշեր այդ եկվորությունը հերքելու անհաղթահարելի ցանկությունը, ես առհասարակ, կներեք, անվանում եմ էթնոպաթոլոգիա: Վերջիվերջո բալթյան ժողովուրդները իրենց երկրների տարածքներում աբորիգեններ չեն: Եվ ի՞նչ: Չէ որ նրանք դրա համար ոչ ուրիշների, ոչ էլ միմյանց կոկորդները չեն կրծում: Լինելով հակամարտության նշանային սուբյեկտ, աբխազական վերնախավը հավանաբար ի վիճակի չէ հասկանալու, որ գամսախուրդիական գերազգայնամոլական ներարկումը անբուժելի կաթված առաջացրեց վրացիների ազգային գիտակցության մեջ: Ինքնագիտակցություն, որը պատրանք էր «ծնում», թե հնարավոր է լուծել հակամարտությունը էթնիկական զտման եւ աբխազական ինքնավար գոյացության լուծարման միջոցով: Ավելին, վրացական հասարակությունը, որն ի վիճակի չի վերջնականապես կորցնելու Աբխազիան, լիովին հասունացել է Վրաստանի ամբողջական, ֆունկցիոնալ եւ ժողովրդավարական ֆեդերալիզացիայի համար: Սա աբխազական վերնախավի մեծ դժբախտությունն է, քանի որ Եվրոպայի Միությունում Վրաստանի անդամության լիովին տեսանելի հեռանկարը Աբխազիային, որպես Դաշնային Վրաստանի սուբյեկտի, «սպառնում է» սոցիալ-տնտեսական եւ մշակութային ավելի մեծ արտոնություններով, քան նրան կարող է տալ ռուսաստանյան աշխարհաքաղաքական պատվիրաններին կուրորեն հետեւելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել