Լրահոս
Օրվա լրահոսը

Հակամարտությունները Հարավային Կովկասում

Հոկտեմբեր 19,2002 00:00

Հակամարտությունները Հարավային Կովկասում Ով, ինչպես եւ ինչի համար Նուգզար Գոգորիշվիլի- Բախումնաբան, պաշտոնաթող փոխգնդապետ (Վրաստան) Պանկիսի կիրճի գործոնը կարելի է համեմատել մի քանի ջոկերների կիրառմամբ թղթախաղի հետ: 1. Միջազգային բոլոր կառույցներում (ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵՄ) իրավաբանորեն ամրագրված է, որ Վրաստանում հակամարտությունները հրահրվել եւ ուղղորդվում են արտաքին գործիչների կողմից (ներմուծված են): Մինչդեռ ի սկզբանե Պանկիսի գործոնը նպաստում էր այն տեղեկատվական ֆոնի ձեւավորմանը, թե հակամարտությունն արտահանվում է Վրաստանից Ռուսաստան: Եվ հետեւաբար՝ այստեղ չեչենների «հայտնաբերումը» անհրաժեշտության դեպքում Վրաստանում ահաբեկչական օջախի մասին հայտարարություն անելու հնարավորություն է: Օջախ, որը վտանգ է ներկայացնում հարեւան երկիր Ռուսաստանի համար: 2. Շիկացնել ներքաղաքական իրավիճակը (մարդկանց առեւանգումներ, գողություններ, նարկոբիզնեսի զարգացում) եւ ամեն ինչ կապել Պանկիսի կիրճի հետ, որտեղ կոմպակտ բնակվում են Չեչնիայից եկած փախստականները: Միջազգային կազմակերպությունները գիտեին նման քրեականության մասին դեռեւս Չեչնիայում լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակներից: 3. Օգտվել ռուսաստանյան հատուկ ծառայությունների վերահսկողության տակ գտնվող, չեչեններից բաղկացած զինված ջոկատներից (նրանց Վրաստան ներթափանցումը կատարվել է հենց այդ հատուկ ծառայությունների միջոցով) եւ Վրաստանի բախումնային գոտիներում իրականացնել ավելի լավ մշակված սադրանքներ: Ինչպես՝ 1998 թվականի մայիսյան իրադարձությունները Աբխազիայի Գալիի շրջանում: Նման գործողություն կազմակերպվեց նաեւ 2001 թվականի աշնանը: 4. Ռուսաստանի իշխանությունների՝ իրենց հատուկ ծառայությունների ուժերով Պանկիսի կիրճում հակաքրեական (սեպտեմբերի 11-ից հետո՝ հակաահաբեկչական) գործողություն անցկացնելու պահանջների ժամանակ հաշվի էր առնվում XIX դարի պատմական փորձը: Այն ժամանակ ռուսաստանյան կայսրությանը հաջողվեց զսպել չեչեն ժողովրդի ազատագրական պայքարը, եւ դա կատարվեց վրաց գեներալ Օրբելիանու գլխավորած ուժերով: Այս փաստը երկար ժամանակով պայմանավորեց չեչենների (եւ լեռնային այլ ժողովուրդների) անբարյացակամ վերաբերմունքը վրացիների նկատմամբ: Այդ վերաբերմունքի պատճառով էլ 1992-1993 թվականներին Վրաստանի դեմ ռազմական գործողություններին մասնակցում էին չեչենական զինված ստորաբաժանումները: 5. Նավթատարի եւ գազատարի ճանապարհներին մշտապես գործում է քրեական մի օջախ, ընդ որում՝ ռուսաստանյան սահմանին անմիջական հարեւանությամբ, որը, բացի այդ ամենից, կազմված է Չեչնիայում ռուսաստանյան արդարադատությունից փախած մարդկանցից: Այս հանգամանքները թույլ էին տալիս Ռուսաստանի հատուկ ծառայություններին ի շահ միջազգային հանրությանը գտնվել Վրաստանի տարածքում: 6. Վրաստանի ուժային համակարգի մարդկանց ռուսաստանյան քաղաքական սերուցքին բավարարողներով փոխարինելու եւ Պանկիսում մի շարք ապակայունացնող գործոնների վերացման դեպքում զինված չեչենները կհեռանան կիրճից: Բնականաբար նրանք կշարժվեն դեպի իրենց հարազատ վայրերը՝ Չեչնիա, որը ՌԴ իրավական սուբյեկտն է: Նման սցենարի իրագործման պարագայում գործի կգցվի տեղեկատվական մեքենան, որը կսկսի պնդել, թե չեչեն ահաբեկիչները Վրաստանից ուղղվում են Ռուսաստան: Վրաստանն Աֆղանստանի հետ կդրվի մի շարքում, եւ ահաբեկչության դեմ պայքարի միջազգային ծրագրի հիմքով կօրինականացվի ռուսաստանյան զինուժերի հերթական մուտքը երկիր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել