Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՆՔ ԵՎ ՄԵՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ

Հոկտեմբեր 19,2002 00:00

ՄԵՆՔ ԵՎ ՄԵՐ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ Երեք հայացք Հարավային Կովկասին Հետաքննող լրագրողների ընկերակցության «Ռեգիոն» կենտրոնը շարունակում է ներկայացնել Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի վերլուծաբանների տեսակետները Հարավային Կովկասի համար արդիական խնդիրների շուրջ: Այսօրվա թեման է՝ «Հակամարտությունները Հարավային Կովկասում»: Նույն հիմքով տարբեր հակամարտություններ Սերգեյ Շաքարյանց- Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոն (Հայաստան) Հարավային Կովկասում ներկայումս առկա բոլոր հակամարտությունների հիմքում ընկած է տարբեր բնույթի խնդիրների մի ամբողջ կոմպլեքս, որը տարածաշրջանի ժողովուրդները ժառանգել են նախորդ դարաշրջաններից: Սրա հետ մեկտեղ անդրկովկասյան հակամարտությունների ընդհանուր գծերն այդքան էլ շատ չեն: Ասենք, արցախահայության շարժումը նախեւառաջ Ադրբեջանի կազմում գտնվելու ողջ ընթացքում կուտակված ուժեղ զգացական սթրեսի հետեւանք է: Արցախցիները ղարաբաղյան խնդրում, ինչպես եւ օսերը վրաց-օսական հակամարտության մեջ ձգտում են հաղթահարել «բաժանված» ժողովուրդ լինելու հանգամանքը, միավորվել ազգի այն մասի հետ, որն ապրում է միջազգային-իրավական ավելի բարձր կարգավիճակ ունեցող ազգային պետական կազմավորման սահմաններում: Վերջապես, ԼՂՀ հայերի համար Հարավային Կովկասում ձեւավորված պայմանների պարագայում կենսական նշանակություն է ունեցել նույնիսկ ոչ այնքան «միացումի» գաղափարի իրականացումը, որքան Բաքվի վերահսկողության տակից դուրս գալը եւ Ադրբեջանից փաստացի կամ իրավական անկախություն ստանալը: Աբխազիայի վարչական ենթակայության հարցը լուծում էր միայն Մոսկվան: Եվ հասկանալի է, որ եթե 1991 թվականին Աբխազիային հաջողվեր պահպանել միութենական հանրապետության իր վաղեմի կարգավիճակը, ապա Անդրկովկասի մյուս հանրապետությունների հետ նա էլ փլուզված ԽՍՀՄ-ից անկախություն կստանար: Աբխազական հակամարտության մյուս առանձնահատկությունը դրան հյուսիսկովկասյան ժողովուրդների, նույնիսկ վրաց-օսականի համեմատ ավելի լայն, մասնակցությունն է: Երկրորդ՝ չնայած Գամսախուրդիայի ռեժիմի ազգայնականությանը, նրա նախագահության ընթացքում, Աբխազիայում ազգամիջյան փոխհարաբերությունների հետ կապված, իրավիճակը երկար ժամանակ հանգիստ էր: Ավելին, Գամսախուրդիան նույնիսկ նպաստեց աբխազական խորհրդարանի նախագահի պաշտոնում Վլադիսլավ Արձինբայի ընտրությանը (1990թ. դեկտեմբեր), որը աբխազական ազգային շարժման ղեկավարներից մեկն էր: Ի տարբերություն հարավ-օսական խնդրի, աբխազականը սրվեց հենց նախագահ Գամսախուրդիայի տապալումից եւ Շեւարդնաձեի Վրաստան վերադառնալուց հետո, երբ Թբիլիսիի վերահսկողության թուլացման պատճառով աբխազական ազգային առաջնորդները ջանացին ամրացնել եւ ընդարձակել հանրապետության ինքնավարության կարգավիճակը: Տարօրինակ կարող է թվալ, բայց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի խնդիրները կապված են նախեւառաջ ռուսական գերիշխանությունը Հյուսիսային Կովկասում, այլ ոչ թե Անդրկովկասում հաստատելու հետ: Ինչպես նաեւ՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի սուր հակադրության հետ: Այն դեպքում, երբ Արցախի խնդիրը, ինչպես եւ լեզգիների հարցը գալիս են Արեւելյան Հայաստանի եւ Պարսկաստանից անդրկովկասյան մի շարք խանությունների Ռուսաստանի կողմից ազատագրվելու պատմությունից: Արցախի, Հարավային Օսիայի եւ Աբխազիայի կարգավիճակների սահմանման մեջ իր որոշիչ դերը Ռուսաստանը խաղացել է դեռեւս Հարավային Կովկասի խորհրդականացման տարիներին: Այսպիսով, տրամաբանական կլիներ ենթադրել, որ որպես ռուսական կայսրության եւ ԽՍՀՄ-ի իրավահաջորդը, այժմ Հարավային Կովկասի ժողովուրդների հետ միասին Ռուսաստանի Դաշնությունն իր եւ միջազգային հանրության առջեւ պատասխանատու է տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ անվտանգության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել