Լրահոս
Օրվա լրահոսը

«Մուժիկին ի՞նչ էր հարկավոր …»

Հոկտեմբեր 19,2002 00:00

«Մուժիկին ի՞նչ էր հարկավոր …» ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինը Հայաստան էր եկել ոչ միայն շրջագայելու, այլեւ երկու խիստ կարեւոր հայտարարություն անելու։ Նախ՝ նա հայտարարեց, թե Հայաստանի նախագահի իր համար ընդունելի թեկնածուն Ռոբերտ Սեդրակովիչն է։ Հետո էլ, իր վրա վերցնելով ողջ պատասխանատվությունը, հերթական հայտարարությունն արեց այն մասին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրելու իր թեկնածությունը։ Մինչ Հայաստանում ամիսներ շարունակ վերոհիշյալ հարցը ծանրութեթեւ էր արվում, հազար ու մի ենթադրություններ էին հնչում, Ռուսաստանի առաջին նախագահը միանգամից հարցը կտրեց։ Անսպասելին կամ հետաքրքիրը, իհարկե, սա չէ։ Ոչ ոք չէր էլ կասկածում, որ եթե Քոչարյանը հրավիրել է Ելցինին, ուրեմն նախընտրական հերթական քայլն է կատարել։ Հետաքրքիրն ուրիշ բան է՝ ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ոչ նրա աշխատակազմը, ոչ էլ նրա կուսակցությունը որեւէ կերպ չեն հերքում Ելցինի հայտարարությունը։ Ուրեմն, ի՞նչ՝ հայ հասարակության առաջ տարիներով լուռ առաջին նախագահը խիստ պատասխանատու հայտարարությունն անպայման պետք է ռուսական առաջին նախագահի շուրթերով հնչեցնե՞ր։ Որոշ գործիչներ կարծիք հայտնեցին, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը դժվար թե նման բան ասած լիներ։ «Ազատություն» ռ/կ-ի ներկայացմամբ նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանն ընդգծել է. «Այն, ինչ արեց Ելցինը, էթիկայի տեսակետից ճիշտ չէր»։ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը՝ «Ազատություն» ռ/կ-ի հարցին պատասխանելով, ասել է, թե Հայաստանի նախագահին պետք է ընտրի Հայաստանի ժողովուրդը։ «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանն ասաց, թե Բորիս Ելցինը, ամենայն հավանականությամբ, Ռոբերտ Քոչարյանին հորդորել է հետեւել իր օրինակին. «Այն է՝ դեկտեմբեր ամսին հայտարարությամբ հանդես գա, աղերսի ժողովրդի ներողամտությունը, հայցի ժողովրդի ներողամտությունը եւ լքի քաղաքական ասպարեզը»։ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Ալբերտ Բազեյանն իր ասելով Բ. Ելցինի հայտարարություններին անտարբեր է վերաբերվում, որովհետեւ որեւէ պետության քաղաքական գործիչը չէ, որ կողմնորոշելու է մեր ընտրողին։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել