«ՊԵՏՔ Է ՆՎԱՃԵԼ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ ԿՈՉՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ» Հարցազրույց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի հետ -Պրն Մանուկյան, վերջին շրջանում կարծես առավել ուշադրության կենտրոնում է «16»-ի արտաքին քաղաքականությունը։ Կարծես մի տեսակ խուլ պայքար է սկսվել ընդդիմության եւ իշխանության միջեւ՝ «ով ավելի ռուսամետ» նշանաբանով։ Դուք որպես քաղաքական ճանապարհ անցած գործիչ, ինչպե՞ս եք գնահատում այս ամենը։ – Նախ ասեմ, որ արտաքին քաղաքականության նախապատվությունները չէին, որ համախմբեցին 16-ին։ Եվ եթե կուսակցություններից մեկի ներկայացուցիչն այդպիսի հայտարարություն է անում, դա իր խղճի վրա է։ Ինչ վերաբերում է հարցի էությանը. ես կարծում եմ, Հայաստանում ոչ մի քաղաքական գործիչ չի ժխտում եւ չի դիմադրում այն մտքին, որ մենք Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակիցներ ենք։ Դա դրված էր ե՛ւ նախորդ իշխանությունների օրոք, ե՛ւ շարունակվում է այս իշխանության օրոք։ Այդ հարցը կասկածի տակ չի դրվում։ Կարծում եմ, մի քիչ հնամաշ պատկերացումներ կան, որ աշխարհը բաժանված է երկու մասի՝ ԱՄՆ եւ ՌԴ, եւ նրանց միջեւ պայքար է ընթանում, ու կամ պետք է երկուսի հետ լավ լինել, կամ անպայման անցնել մեկի կողմը։ Իրականում աշխարհը շատ ավելի բարդ վիճակում է գտնվում։ Ինչ վերաբերում է մեր արտաքին քաղաքականությանը, ապա Հայաստանն ու Ռուսաստանը նախորդ դարերի ընթացքում կրոնի, մշակույթի շնորհիվ միշտ ձգտում են ունեցել լինել եվրոպական երկրների ընտանիքում։ Եվ այժմ էլ Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունը դա պետք է լինի։ Ռուսաստանի այդ արտաքին քաղաքականության նախապատվության մասին Վ. Պուտինը հայտարարեց իր 50-ամյակի հարցազրույցում։ Հայաստանը եւս պետք է գնա այդ ճանապարհով։ Այդ ճանապարհով գնալիս մենք շատ լավ հարաբերություններ ենք ունենալու Ռուսաստանի հետ, որովհետեւ գնալու ենք իրար օգնելով եւ բարեկամական հարաբերությունները պահպանելով։ Եթե դուք ուշադիր նայեք, այս դեպքում մենք բավականին շատ բարեկամներ ենք ունենում տարածաշրջանում։ Մեզ համար հեշտանում են հարաբերությունները ե՛ւ Վրաստանի, ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Ռուսաստանի հետ։ Ադրբեջանի հետ մի խնդիր է մնում՝ Ղարաբաղը, բայց ընդհանուր կուրսի առումով, հարաբերությունները հեշտանում են։ – Թուրքիան ե՞ւս մտնում է Ձեր նշած շրջանակում, ի՞նչ հարաբերություններ, ուրեմն, կունենանք Թուրքիայի հետ։ – Թուրքիայի հետ մենք բարդ հարաբերություններ ունենք։ Թուրքիան համարվում է ԱՄՆ-ի ազդեցության տակ գտնվող երկիր, բայց Թուրքիայի արտաքին քաղաքականության նախապատվությունը նորից գնում է դեպի Եվրոպա։ Իրանը, որը շատ թշնամական վերաբերմունքի է արժանանում ԱՄՆ-ի կողմից, այնուամենայնիվ, բավական լավ հարաբերություններ ունի եվրոպական որոշակի երկրների հետ։ Այսինքն, մեր հարաբերությունները Իրանի հետ նորից արդարացված են։ Այդ տեսակետից՝ պրիմիտիվ հայտարարություններ անել, թե մենք այս կամ այն երկրի հետ ենք, կարծում եմ, սխալ է։ Մեր արտաքին քաղաքականության երկու կարեւոր ուղղություն կա։ Առաջինը. պետք է հայտարարենք, որ մենք եվրոպական երկրների ընտանիքի անդամ ենք եւ ամեն ինչ անելու ենք, որպեսզի դառնանք Եվրամիության լիիրավ անդամ։ – «Մենք» ասելով նկատի ունեք… – Նկատի ունեմ պետությունը, չեմ կարծում, որ արտաքին քաղաքականության շուրջ իմաստ ունի մեծ բանավեճ՝ իշխանության եւ ընդդիմության միջեւ։ Կան հարցեր, որոնք միասնական են, անկախ նրանից՝ դու իշխանություն ես, թե ընդդիմություն։ Երկրորդ կարեւոր քայլը, որը Հայաստանը պետք է նախաձեռնի, ռեգիոնալ կառույցներ ստեղծելն է, այնպես՝ ինչպես գոյություն ունի Եվրոպական միությունը։ Չպետք է մոռանանք, որ մենք Արեւելքի մի շատ կարեւոր մասն ենք, եւ մեզ համար շատ կարեւոր կլինի, որ Ռուսաստանը կամ Ռուսաստանի կովկասյան նահանգները, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, մենք, Իրանը, գուցե արաբական երկրներից Իսրայելը, միասնական մի բլոկ կազմենք, որը ապահովի մեր տնտեսական զարգացումը, կոմունիկացիաները, քաղաքական եւ պաշտպանության հարցերը։ Այսպիսի մեծ շրջանակի մեջ հնարավոր կլինի լուծել նաեւ Ղարաբաղի, Աբխազիայի, Ջավախքի եւ մնացած մյուս հարցերը, ինչպես դա արվեց Եվրոպայում 2-րդ համաշխարհային պատերազմից հետո։ – Այնուամենայնիվ, վերադառնալով «16»-ի միավորմանը, արդյո՞ք միասնական թեկնածուի ընտրության ժամանակ հաշվի է առնվում արտաքին աշխարհի կարծիքը. Ռուսաստանի, ԱՄՆ-ի, թե՞ ելնում եք տեղական նշանակության դարդուցավից։ – Ուրիշների կողմից չասեմ, բայց ինձ համար շատ երկրորդական է, թե ինչ կմտածի Ռուսաստանը, ԱՄՆ-ը, երբ մենք լուծում ենք մեր պետության ներքին հարցը։ Եվ ինչքան մենք ինքնուրույն լուծենք, այնքան ավելի մեծ կշիռ կունենանք նաեւ այդ պետությունների մոտ։ Ինչքան իրենց թելադրանքով գնանք, շատ ավելի խղճուկ վիճակում կհայտնվենք։ Ինչ վերաբերում է միասնական թեկնածուին. մի քիչ գերագնահատվում է միասնական թեկնածուի կարեւորությունը։ Ես երբեք չեմ խոսում միասնական թեկնածուի դեմ։ Բայց միշտ շփոթում են 96-ի հետ եւ ասում են, թե միասնական թեկնածու էր, դրա համար հաղթեց։ Սրանով երկու մեծ սխալ են անում։ Առաջինը՝ շատ է գերագնահատվում ժողովրդի ցանկությունը Լեւոն Տեր-Պետրոսյանից ազատվելու։ Այդպես չէր լինի, եթե դիմացը չլիներ այլընտրանքը, որպես կերպար, որպես ծրագիր, նաեւ՝ հետեւը կանգնած ուժ։ Այդ ուժը ձեւավորվեց, երբ ես դարձա միասնական թեկնածու։ Ամբողջ ընտրապայքարն այնպես էր կառուցված, որ միասնական թեկնածուն միանգամից իր ետեւից բերեց ժողովրդական ալիք, եւ այդ ալիքի վրա ապահովվեց ընտրությունների հաղթանակը։ Եթե հիմա 16 կամ 56 կուսակցություն միասնական քվեարկեն եւ ինչ-որ Պողոս Պետրոսյանի հայտարարեն միասնական թեկնածու, որեւէ ժողովրդական պոռթկում չի լինի։ – Անկախ նրանից, թե ո՞վ է լինելու միասնական թեկնածուն։ Իսկ եթե դո՞ւք լինեք։ – Նշանակություն ունի, բայց հաշվի առեք, որ միասնական թեկնածուն նշանակում է բոլոր թեկնածուներից մեկի ընտրություն։ Պետք է նվաճել մեկի ընտրությունը։ Պետք է նվաճել միասնական թեկնածու անվանվելու իրավունքը, ոչ թե ինտրիգների միջոցով 16 կամ 56 կուսակցության ներսում հասնել նրան, որ քեզ կողմ լինեն։ – Արդեն ինտրիգնե՞ր կան «16»-ի մեջ։ – Ինտրիգը միշտ կա։ Ես չեմ ասի, որ խոր ինտրիգներ կան, բայց ամեն մի խոսակցություն կասկածանքով է ընկալվում։ – Չե՞ք զգում, որ ընդդիմությունը հետզհետե վարկաբեկվում է։ – Վարկաբեկվում են բոլորը, եւ եթե մեկն էլ չի վարկաբեկվում, ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ իշխանամետ մամուլն աշխատում է նրան էլ վարկաբեկել, որպեսզի բոլորը հավասար լինեն։ Ժամանա՞կն է այդպիսին, թե՞ մենք ենք այդպիսին, ես չգիտեմ։ Հարցազրույցը վարեց ՄԱՐ ԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ