Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ընտրությունները Եհովայի վկաների համար չեն

Հոկտեմբեր 18,2002 00:00

Ընտրությունները Եհովայի վկաների համար չեն Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները մոտենում են, սակայն այդպես էլ անհայտ է մնում՝ գյումրեցիները օրենքի ուժի՞ն են ենթարկվելու, թե՞ ուժի օրենքին: Գյումրիի քաղաքապետի նախկին 4 թեկնածուներից (Վարդան Ղուկասյան՝ անկուսակցական, ներկա քաղաքապետը, Մարտին Զիլֆիմյան՝ անկուսակցական, «Հանրապետական» կուսակցության նախկին անդամ, Լեւոն Գալստյան՝ «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության փոխնախագահ եւ Հովսեփ Սիմոնյան՝ ՀՅԴ-ից (վերջինս ամսի տասին հայտարարեց ինքնաբացարկ) ոչ բոլորի անուններն իմանալը, ինչպես նաեւ բնակիչների մեծ մասի ՀՀ Ընտրական օրենսգրքին բացարձակապես անծանոթ լինելը արդեն իսկ թուլացնում է օրենքի ուժը, սակայն ուսանողներից շատերի պնդմամբ՝ ընտրություններին մասնակցելը «սուրբ պարտք» է, բոլորին դեմ գրելը՝ առավել եւս (թեեւ վերջիններիս գաղափարապես ճնշելու փորձեր եղել են): «Աթոռի համար պայքարողներ», «իշխանության ձգտողներ», «անձնական շահ հետապնդողներ» եւ այլ բնութագրերի արժանացած թեկնածուների ինքնագովազդը կարծես ջուրն է լցվում: Սակայն հասկանալի է, որ ցանկացած գովազդ ունի իր հակագովազդը: Քաղաքի ծերերից շատերի պնդմամբ էլ արդի երիտասարդների կարծիքն իմիջիայլոց է, օդի մեջ ձեւավորված, քանի որ վատերի մեջ էլ համեմատության աստիճան կա: Ի դեպ, ուսանողներից ոչ մեկը չի հակառակվում իր քաղաքականապես հասուն չլինելու, քաղաքականությամբ ընդհանրապես չհետաքրքրվելու փաստին (ծերերից շատերի նախընտրած թեկնածուն էլ կուսակցությունների նախընտրածների պես հաճախակի է փոփոխվում): Չնայած Գյումրիում հասարակական կարծիքը ձեւավորվում է առավել շատ տարածված ասեկոսեների հիման վրա, այնուամենայնիվ, անկախ ճիշտ կամ սխալ ընտրությունից, քաղաքապետի պաշտոնի հավակնորդների ճոխ խոստումներին համընթաց՝ նրանց առջեւ դրված պահանջներն էլ ճոխանում են. «անարատ վարք», «մեծ բարոյականություն», «տնակներից ձերբազատում», «փողոցների կապիտալ բարեկարգում», «նախկին քաղաքի՝ Լենինականի տեսքի վերականգնում» ու անգամ այնպիսի գործերի իրականացում, որոնք չեն մտնում քաղաքապետի ֆունկցիաների մեջ՝ «ուսանողների վարձավճարների իջեցում», «արդյունաբերության զարգացում», նաեւ «մարդկանց մռայլ տրամադրության բարձրացում»…8230 Քաղաքի մեռած կյանքն աշխուժացնող ընտրությունները թերեւս ամենից շատ չեն հետաքրքրում մի խավի՝ աղանդավորական շարժման ներկայացուցիչներին: Փոքր քաղաքում բավականին մեծ թվաքանակ կազմող ու անընդմեջ քարոզարշավի մեջ գտնվող Եհովայի վկաներին զարմացնում է ընտրազանգվածի իրար խառնվելն ու ընտրություններին մասնակցելու պատրաստակամությունը: «Ի տարբերություն ձեզ, մենք կատարել ենք մեր ընտրությունը»,- ասում են Եհովայի վկաները: «Ժողովրդի ընտրյալի» ընտրությունը ժողովրդի մի մասին իրոք հետաքրքիր չէ։ ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել