Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ

Հոկտեմբեր 18,2002 00:00

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ ՏՀՏ-ի զարգացման ծրագրեր. իրականությո՞ւն, թե՞ միֆ Այսպիսով, կարծես տեղի է ունեցել ՏՀՏ-ին վերաբերող խնդիրների, հասարակության եւ տնտեսության համար դրանց նշանակության աստիճանական որոշակիացում պետության, մասնավոր սեկտորի եւ այլ դերակատարների մոտեցումներում եւ հասարակական գիտակցության մեջ։ Թվում է, թե Հայաստանում ոլորտի զարգացման վերաբերյալ ձեւավորվել է որոշակի տեսակետ, ամրագրվել են գերակայություններ եւ ազդարարվել ծրագրեր ու հեռանկարներ։ Հայաստանի կառավարության ՏՏ-ի արդյունաբերությունը տնտեսության գերակա ճյուղ հայտարարելը, բավական ժամանակ տարբեր մակարդակներում Հայաստանի՝ ՏՏ-ի ոլորտում տարածաշրջանային առաջատարության մասին խոսակցությունները եւ այլ հանգամանքներ խոսում են այն մասին, որ կատարվել է ռազմավարական սկզբունքների՝ մասամբ բացահայտ, իսկ մասամբ էլ անբացահայտ ուրվագծում: Միաժամանակ առաջ է եկել ՏՀՏ-ի մասին պատմող, պարզաբանող եւ կանխագուշակող մի որոշակի լեզու, որն ունի մեկնաբանության անհրաժեշտություն։ ՏՀՏ-ի հարցի ակներեւ քաղաքականացումը սահմանում է այս հռետորության ուղեծիրը, Հայաստանի «գիտատեխնիկական ներուժը» եւ ՏՏ-ի ոլորտում ունեցած կարողությունները կազմում են հիմնավորումների բուն զինանոցը, իսկ «լավատեսությունը» ծնում է խոսքի տոնայնությունը… Ինչ բացահայտ կամ անբացահայտ կանխադրույթներից եւ կանխակալություններից է սնվում այդ հռետորությունը, որով այսօր մեզ պատմում են Հայաստանում ՏՀՏ-ի զարգացման եւ հեռանկարների մասին, եւ թե ինչ տեսական դրույթների վրա են հիմնված հայաստանյան համապատասխան ծրագրերը։ Այս առնչությամբ խիստ բնութագրական է, օրինակ, այն հանգամանքը, որ խոսելով ետարդյունաբերական կամ տեղեկատվական նոր հասարակարգի մասին, որոշ ծրագրերի հեղինակներ ու մեկնաբաններ նոր տեխնոլոգիաներին վերաբերող հայացքներն ու հեռանկարները ակնհայտորեն հիմնում են տնտեսության եւ հասարակության հին՝ արդյունաբերական մոդելի վրա։ Դրանից էլ հետեւում է ՏՀՏ-ի զարգացման ծրագրերի եւ քննարկումների ավելի արդյունաբերական, քան տեղեկատվական բնույթը, երբ հիմնական թեմաները ՏՏ-ի արդյունաբերությունը եւ ակնկալվող աշխատատեղերի քանակն են։ Հնդկաստանի եւ սովորաբար վկայակոչվող այլ երկրների փորձառությունն այստեղ ուսանելի պետք է համարել ոչ միայն կրկնօրինակելու, այլեւ բացթողումները չկրկնելու առումով։ Ամեն դեպքում թվում է, թե ՏՀՏ-ի ոլորտը Հայաստանում թեւակոխում է նոր փուլ, թեեւ ոչ այնքան նպատակամետ գործունեության, որքան անկառավարելի արտաքին հանգամանքների բերումով։ Այդուհանդերձ, տեղին է որոշ ամփոփումներ կատարել։ Ինչպես արդեն նկատեցի, վերջին մի քանի տարվա ընթացքում, կամա թե ակամա, տեղի է ունեցել ընդհանուր կողմնորոշման կամ առնվազն որոշ սկզբունքային նախապատվությունների, ուստի եւ հավակնությունների, նպատակների, լեզվի եւ այլնի, փոփոխություն ԱՊՀ-ի շրջանակից դեպի Եվրախորհուրդ եւ եվրոպական հեռանկար։ Ճիշտ է, ԱՊՀ շրջանակում ազգային ծրագրերի իմաստով լուրջ բան այդպես էլ չարվեց, իսկ դեպի Եվրոպա շրջադարձը առայժմ ավելի շատ երեւութական է եւ թերեւս որպես շրջադարձ չի էլ գիտակցվում։ Հասկանալի է, ուրեմն, թե ինչու առկա ծրագրերը գործնականում չեն հարում այս շրջանակներից ոչ մեկին, եւ սա հստակորեն խոսում է ընդհանուր ռազմավարության եւ նույնիսկ դրա նախադրույթների չգոյության մասին: Ակնհայտ է, որ ռազմավարական ծրագրերը չեն կարող չունենալ տարածաշրջանային համագործակցության շեշտված տարրեր, իսկ, այսպես կոչված, հարավկովկասյան երկրների համագործակցությունը ինքնին առայժմ որեւէ իրական իմաստ չունի։ Առավել հավակնոտ նախաձեռնությունները կատարվում են այս երկու շրջանակներից դուրս։ Կարելի է հիշատակել, օրինակ, Համաշխարհային բանկի հովանու ներքո իրականացվող ծրագրերը, ինչպես, օրինակ, Armania Gateway Project նախագիծը։ ՏՏ-ի ասպարեզում ունեցած կարողությունների կամ ներուժի մասին արվող պնդումներն այսօր էլ շարունակվում են։ Այս մասին մենք լսում ենք արդեն քանի տարի եւ հետաքրքրական է տեսնել, թե իրականացված ուսումնասիրություններն իսկապես ի՞նչ կարողությունների մասին են վկայում։ Իսկ վերջին տարիներին կատարված ուսումնասիրությունները ինչպիսի՞ փոփոխություններ են արձանագրում իրենց եզրակացություններում եւ գնահատականներում։ Ի՞նչ կարողություններ չկա՛ն Հայաստանում, եւ որո՞նք են դրա պատճառները։ Ինչպիսի՞ն է Հայաստանում Ինտերնետի եւ ինտերնետային ծառայությունների զարգացման ներկա վիճակը, կրթության համակարգի՝ ՏՀՏ-ի ներդրմամբ արդիակականացումը, ՏՀՏ-ի հասարակագիտական եւ մշակութային ուսումնասիրությունները եւ այլն։ Ծրագրեր առանց դիրքորոշման Եթե ուշադրություն դարձնենք «ԱՊՀ-ի տեղեկատվականացման հայեցակարգի» ներածության մեջ սահմանվող հիմնական հասկացություններին՝ «ԱՊՀ172ի տեղեկատվական տարածություն», «ԱՊՀ-ի անդամ երկրների տեղեկատվական ենթակառույց», «Տեղեկատվական տեխնոլոգիա», «Տեղեկատվական պաշարներ» եւ այլն (իսկ նույն բանը վերաբերում է նաեւ այդ շրջանի հայաստանյան փաստաթղթերին), ապա անմիջապես կնկատենք դրանց եւ այսօր Հայաստանում շրջանառության մեջ գտնվող ծրագրերի եւ զեկույցների մեջ օգտագործվող հասկացությունների միջեւ առկա ցայտուն տարբերությունը։ Մի շարք կենտրոնական հասկացություններ՝ «Տեղեկատվական հասարակություն», «Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաներ», «Ինտերնետ», «Թվանշային տեխնոլոգիաներ», «Թվանշային բաժանում (կամ խզում)», «Էլեկտրոնային զարգացում» եւ այլն, միայն վերջին մի քանի տարում են հայտնվել բառապաշարի մեջ, բայց եւ այնպես գործածվում են առանց օգտագործման պատշաճության մասին հարցեր հարուցելու։ Այնինչ հասկանալի է, որ նախքան ծրագրային դրույթներում տեղ գտնելը, ազգային կամ տարածաշրջանային ռազմավարություններ մտնելը, ՏՀ, ՏՀՏ եւ հարակից այլ հասկացություններ Արեւմուտքում տասնամյակներ շարունակ մշակվել են տեսական ուսումնասիրությունների եւ բանավեճերի ասպարեզում (սկսած 20-րդ դարի 70-ական թվականներից)։ Ահա թե այս կապակցությամբ ինչ է ասում արեւմտյան նշանավոր տեսաբան Ֆ. Վեբսթերը։ «Տեղեկատվական հասարակության տեսություններ» գրքի առաջաբանում նա նկատում է, որ «տեղեկատվական հասարակություն» հղացքը (կոնցեպտը) բնավ չեզոք չէ եւ իր հետ բերում է մի շարք ենթադրություններ տեղի ունեցած եւ շարունակվող փոփոխությունների մասին, ինչպես նաեւ այն մասին, թե ինչպիսի ներգործությունների արդյունք են եղել այդ փոփոխությունները։ Այս պարագային, ընդգծում է նա, «ապշեցուցիչ է այն բանը, որ սոցիալական գիտությունների շրջանակից դուրս հազվադեպ են կասկածները «տեղեկատվական հասարակություն» տերմինի օգտագործման վերաբերյալ»։ Առանց խնդրականացման, առանց անդրադարձի ենթարկվելու բառն ազատորեն օգտագործվում է մոտեցումների եւ կարծիքների ընդարձակ տիրույթում։ Ի վերջո, ինչպես նկատում է Վ. Հ. Դութոնը, ՏՀՏ-ի հետ կապված մի շարք տարածված հասկացությունների շարքում՝ վիրտուալ հասարակություն, կիբեռմշակույթ եւ այլն, «տեղեկատվական հասարակության» տարբեր ըմբռնումները ջանում են որսալ հենց ՏՀՏ-ի հեղափոխության սոցիալապես նշանակալի լինելը։ Սակայն, շարունակում է հետազոտողը, «Թեեւ այս հղացքները շեշտում են հասարակության համար ՏՀՏ-ի աճող կարեւորությունը, դրանք անկարող են պատշաճ գաղափարներ տրամադրել սոցիալական փոփոխության մեջ ՏՀՏ-ի դերի մասին։ Ավելին, ընկալվելով բառացիորեն, տեղեկատվական հասարակության հետ կապված բազմաթիվ հասկացություններ պարզապես ապակողմնորոշում են»: Տեսաբանների այս պնդումները շատ լավ լրացնում է եվրոպացի փորձագետ, Եվրախորհրդի Զանգվածային տեղեկատվության միջոցների բաժանմունքի մշտական հանձնախմբի ղեկավար Բ. Մյովեսի պարզաբանումը, որը շատ հետաքրքրական է որպես փորձագետի աշխատանքի նկարագրություն եւ խիստ ուսանելի։ «Տեղեկատվական մայրուղիներ. երազի եւ իրականության միջեւ» (1997թ., Շվեյցարիա) կոլոքվիումում արված «Էթիկան կիբեռտարածության դարաշրջանում» թեմայով իր զեկուցման մեջ նա ասում է. «Ես ո՛չ բարոյագետ եմ, ո՛չ փիլիսոփա։ Ես իրավաբան եմ եւ պետական պաշտոնյա, որի աշխատանքը քաղաքական ռազմավարություններ նախագծելը եւ դրանք կոնկրետ օրենսդրության փոխակերպելն է։ Այսպիսով, ես ուղղակիորեն զբաղված եմ այն բանով, որ գործնական ազդեցությամբ եմ օժտում եւ հակակշռում այն գաղափարները, որ փիլիսոփաները մշակում են եւ որոնց նրանցից յուրաքանչյուրը հաղորդում է տարբեր շեշտադրություն»։ Նպատակս Մյովեսի աշխատանքի սկզբունքը քննարկելը չէ, անշուշտ, այլ ընդգծելը, որ որոշակի լեզվով անթերի ձեւակերպված փաստաթղթերի ետեւում մասնագետների կատարած վճիռներն են եւ լիովին չխզված կապը որոշակի տեսական համակարգերի, տեսության բնավ ոչ միանշանակ եւ վիճահարույց գաղափարների հետ։ Վճիռներ, որոնք թելադրված են միանգամայն որոշակի քաղաքական, տնտեսական եւ այլ հանգամանքներով։ Տեսական այս հիմնաշերտի եւ փորձագետների վճիռները որոշադրող տարաբնույթ հանգամանքների մասին պարտավոր են հիշել նրանք, ովքեր տեղական ծրագրեր են ստեղծում՝ հենվելով տարբեր երկրներում մշակված փաստաթղթերի վրա, իսկ ավելի հաճախ՝ պարզապես կրկնօրինակում դրանք։ Հարկ է իմանալ, որ ո՛չ ՏՀՏ-ը, ո՛չ էլ դրանց զարգացման եւ տարածման ծրագրերը ունիվերսալ չեն, չունեն համընդհանրական նշանակություն։ Տեղափոխվելով մի հասարակությունից մյուսը, մշակութային մի միջավայրից մեկ ուրիշը, դրանք կարիք ունեն արմատական վերաիմաստավորման՝ զետեղվելով տեղական սոցիալական, մշակութային համատեքստի մեջ։ Իսկ առայժմ հայաստանյան ծրագրերի հիմնական տեղական բաղադրիչը մնում է «լավատեսությունը»։ Կարծես Հայաստանին չեն վերաբերում տեխնոլոգիաների տեղափոխման խնդիրը եւ դրանց յուրացման դժվարությունները, տեղեկատվական արդի տեխնոլոգիաների բերած վտանգների ու սպառնալիքների մասին պնդումները՝ հիմնված այլ երկրների փորձառության ուսումնասիրության վրա։ Այնինչ, իմ խորին համոզմամբ, հենց դժվարություններն ու բարդությունները, ՏՀՏ-ի հարուցած վտանգները դիմագրավելու պատրաստակամությունը կարող են իրական հիմք դառնալ հավաստի եւ գործուն տեղական ծրագրերի եւ քաղաքականությունների համար։ (շարունակելի) ՀՐԱՉ ԲԱՅԱԴՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել