Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Վստահ է՝ կհաղթի

Հոկտեմբեր 18,2002 00:00

Վստահ է՝ կհաղթի Առաջին անգամ Լիլիթին լսել էի ոչ պաշտոնական հավաքույթի ժամանակ. «Ավե Մարիա»-ն կատարեց: Չնայած երգի արվեստից այնքան էլ չեմ հասկանում, բայց պարզ էր, որ այս դժվար գործը, այն էլ՝ առանց երաժշտական նվագակցության, Լիլիթը շատ լավ ու կարեւորը՝ ճաշակով կատարեց: Համբարձումյանց Լիլիթը դեռ մանկուց էր որոշել, որ երգչուհի է դառնալու, երբ հինգ տարեկան հասակում լսել էր Լուսինե Զաքարյանին։ «Ճակատագիրս ծննդյանս օրվանից էր կանխորոշված,- ասում է Լիլիթը,- մեկ անգամ հեռուստացույցով լսեցի, որ մանկական երգչախմբի ընդունելություն է հայտարարված: Չնայած փոքր հասակիս, ինքս զանգահարեցի եւ ներկայացա ընդունող հանձնաժողովին: Եվ ինձ ընդունեցին»: Դա «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն էր, որի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժորն է Տիգրան Հեքեքյանը: «Դրանք իմ մանկության լավագույն տարիներն էին (1992-1999թթ.),- պատմում է Լիլիթը,- երգչախմբի ծրագրում ընդգրկված էր միջնադարյան երաժշտություն, դասական եւ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ: Հյուրախաղերի էինք մեկնում աշխարհի տարբեր պետություններ՝ Գերմանիա, Լեհաստան, Շվեյցարիա, Ֆրանսիա, Բելգիա, Հոլանդիա, ԱՄՆ, Եգիպտոս, Հունաստան»: 1995թ. Շվեյցարիայի 8220Basel8221 միջազգային փառատոնին 24 պետություններից հրավիրված երգչախմբերից «Փոքրիկ երգիչները» լավագույնն են ճանաչվել: Նույն թվին այն Սան-Ֆրանցիսկոյում 8220Golden Gate8221 միջազգային մրցույթին գրավել է առաջին տեղը, մեկ ոսկե եւ երկու արծաթե մեդալ նվաճել: «Չեմ կարող նկարագրել եւ երբեք չեմ մոռանա հպարտության, ուրախության եւ երջանկության զգացումս, երբ մեզ մրցույթի հաղթող հայտարարեցին»,- հիշում է Լիլիթը: Այժմ նա սովորում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վերջին կուրսում (Լիլիթի ձայնը լիրիկա-կոլորատուրային սոպրանո է), դոցենտ Ս.Կորգանովայի մոտ, որին համարում է հանրապետության լավագույն դասախոսներից մեկը: Լիլիթը երգում է Տիգրան Լեւոնյանի ստուդիայում եւ բազմաթիվ համերգներով է հանդես եկել՝ այս տարի հայ-գերմանական առաջին մրցույթին կոնսերվատորիայի քսան ամենավառ վոկալիստներից լավագույնն է ճանաչվել: Չնայած Լիլիթը այս ամենի հետ նաեւ մայր է (նա փոքրիկ Միլենա ունի), ցանկություն չունի կարիերային վերջ դնել՝ պատրաստվում է Վերդիի «Տրավիատայից» հատվածում Վիոլետայի դերերգը կատարել, 2003թ. գարնանը մենահամերգ տալ: «Իմ ուժերին վստահ եմ, ես կկարողանամ հաղթահարել դժվարությունները, քանի որ ամենից շատ մասնագիտությունս եմ սիրում: Եվ եթե ամեն ինչ հաջողվի, կուզեի սիրածս երգիչների՝ Ջոան Սազերլենդի, Պլաչիդո Դոմինգոյի հետ երգել»,- ասում է Լիլիթը: Մ. ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել