Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՏՈՒԺՈՂԸ ՎԱՏԱՑԱՎ

Հոկտեմբեր 18,2002 00:00

ՏՈՒԺՈՂԸ ՎԱՏԱՑԱՎ Հրաչիկ Հունանյանին մերժեց դատարանը «Հոկտեմբերի 27» քրգործով տուժող ճանաչված Հրանուշ Հակոբյանը երեկ վատացավ, եւ նրա ցուցմունք տալն ավարտվեց բուժօգնությամբ։ ԱԺ պատգամավորի ճնշումը կտրուկ իջել էր, իսկ արցունքները վկայում էին այն հոգեվիճակի մասին, որը նա ապրել էր ոճրագործության օրը։ Նախաքննության մարմնին տված իր ցուցմունքները տուժողը պնդեց։ Իսկ նա հայտնել էր. «Տեսա սոսկալի, սահմռկեցուցիչ մի տեսարան։ Սեւ մազերով, երկար անձրեւանոցով մեկը ավտոմատի փողը ուղղել էր Վ. Սարգսյանի վրա եւ կրակահերթ բացել… Առաջին ռեակցիան այն եղավ, որ պատսպարվեցի սեղանի տակ»։ Երեկ Հ. Հակոբյանը նկարագրեց իր՝ ԱԺ դահլիճից դուրս գալը. «Տեսա, որ հետեւի դռնից ներս մտավ երկար անձրեւանոցով, սեւ շալվարով եւ շագանակագույն կոշիկներով մեկը, որ կանգ առավ մուտքի մոտ, ինչ-որ խոսքեր էր ասում, պատի երկայնքով շարժվեց մեր կողմը։ Ես լսեցի, որ այդ նույն մարդը ասաց. «Դուրս արի»։ Ի դեպ, նույն մարդը (Վռամ Գալստյանը, ըստ որոշ վկաների) զինված է եղել, եւ տուժող Հակոբյանը կողքին զգացել է ինքնաձիգի փողի սեղմումը։ Տուժողը իջնում է բուժկետ, որտեղ էլ բժշկուհի Նելլին եւ բուժքույր Ռոզան ցույց են տալիս բժշկական առաջին օգնությունը։ Նախաքննական մարմնին Հրանուշ Հակոբյանը նաեւ հայտնել էր, որ «բուժքույրը ասում էր, որ լուսամուտի տակ կանգնած են զինված տղաներ»։ Որպես նախկին ՀԼԿԵՄ կենտկոմի քարտուղարի, մեղադրողներին հետաքրքրեց ամբաստանյալ Նաիրի Հունանյանի այն պնդման հավաստիությունը, թե ինքը մեծ դեր է խաղացել Արցախի եւ Հայաստանի կոմերիտական կազմակերպությունների միավորման գործում։ Այդ կապակցությամբ Հ. Հակոբյանը նկատեց. «1-2 մարդ չէր ղարաբաղյան շարժման մասնակից։ Եվ Ղարաբաղի կոմերիտմիությանը միավորել է պլենումը, դա եղել է հանրապետության ողջ երիտասարդության կամքը»։ Հաջորդ տուժողն էր Արտակ Գրիգորյանը, որը նախկինում եղել է Հայ ուսանողական դաշինքի հիմնադիրներից, Հանրապետական ուսանողական խորհրդի անդամ (բժշկական համալսարանից)։ Նա հայտնեց, որ տեղաշարժը չէր խրախուսվում, որ ինքը որպես կենդանի թիրախ կանգնած է եղել իր երբեմնի «բարեկամի» դիմաց, եւ որ իր տպավորությամբ Նաիրին չէր փոխվել, մնացել էր «պաթոսով, հեղափոխական, սիրում էր լինել առաջինը»։ Կիսատ մնաց Սուրեն Խաչատրյանի ցուցմունքը։ Այն կշարունակվի գալիք երկուշաբթի։ Դատարանը Հրաչիկ Հունանյանին մերժեց տեսակցել իր նախագահացու որդու հետ։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել