Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՀԻՆ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐԸ ՉԵՆ ԴԱՎԱՃԱՆՈՒՄ

Հոկտեմբեր 18,2002 00:00

ՀԻՆ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐԸ ՉԵՆ ԴԱՎԱՃԱՆՈՒՄ Ամսի 20-ին սպասվելիք ՏԻՄ ընտրություններին առավել ակտիվ մասնակցությամբ աչքի են ընկնում ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն։ Ընդ որում, երկու կուսակցությունների տարածքային կազմակերպությունների ակտիվության հիմնական դրսեւորումներն էլ կապված են ընտրապայքարի կոպիտ խախտումներով եւ ընտրակաշառքների բաշխմամբ։ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի պարագայում անհեթեթությունն իր գագաթնակետին է հասել։ ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի պաշտպանյալ Բյուրեղավանի քաղաքապետի թեկնածու Շավարշ Սեդրակյանը իր քաղաքական կարիերան սկսելուց առաջ հասցրել է երեք անգամ դատապարտվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի խաբեություն եւ խուլիգանություն (երկու անգամ) հոդվածներով։ Ընդ որում, ճակատագրի հեգնանքով, Սեդրակյանին երեք անգամն էլ դատապարտելու «պատիվ» է ունեցել Բյուրեղավանի գործող քաղաքապետ եւ քաղաքապետի թեկնածու Արարատ Խանզադյանը։ Այս պարագայում, Սեդրակյանի՝ Խանզադյանին «հաղթելու» անձնական շահագրգռությունը թերեւս պարզ է։ Մինչդեռ ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի, նաեւ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանի՝ քրեական տարրին հրապարակավ պաշտպանելու հիմքերը բավականին ստվերային են։ «Առավոտի» ունեցած տեղեկություններով, «ընտրապայքարի» շրջանակներում, հոկտեմբերի 10-14-ը ընկած ժամանակահատվածում էլցանցի Բյուրեղավանի տեղամասի պետ Սամվել Գեւորգյանը համայնքի Սարալանջ թաղամասի 48 բնակարանները հոսանքազրկել է՝ պահանջելով, որ «ընտրությունների ժամանակ բնակիչներն իրենց ձայնը տան Շ. Սեդրակյանին»։ Երբ բնակիչներն ըմբոստացել են այդօրինակ պահանջի դեմ՝ նրանց գլխին հայհոյանքների տարափ է տեղացել։ Շարունակելով «ընտրապայքարը», իշխանության հովանավորյալ նախկին դատապարտյալը Հանրապետական հիվանդանոցից բժիշկ է հրավիրել (բնակիչների վկայությամբ՝ աչքի բժիշկ, որն առավելապես անփորձ պրակտիկանտի տպավորություն է գործել), որպեսզի վերջինս ընտրողներին նախընտրական բժշկական ծառայություն մատուցի։ Դեպքերը զարգանալով՝ ի վերջո տրամաբանական գագաթնակետին են հասնում. հոկտեմբերի 15-ին Շ. Սեդրակյանը Բյուրեղավան է «ներմուծում» 40 տոննա ալյուր (երեք բեռնատար՝ ԿամԱԶ 09SL609, ՄԱԶ 43OS249 պետհարմարանիշերով եւ Բյուրեղավանի բնակիչ Բագրատի առանց պետհամարանիշի մեքենաներով)։ Սույն ընտրակաշառքի 10 տոննան բեռնաթափվել է թիվ 6 շենքի առաջին հարկում գտնվող տարածքում եւ բաժանվում է թիվ 5 շենքի ճակատային մասում գտնվող խանութից։ Մեկ ընտանիքին տրվող մեկ պարկ ընտրակաշառքի դիմաց հնազանդ ընտրողներն իրենց «բարերարին» ընծայում են իրենց ընտանիքի անդամների անձնագրերը։ Ի դեպ, բերված փաստերի առիթով Բյուրեղավանի բնակիչների եւ գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու, անկուսակցական Արարատ Խանզադյանի բազմաթիվ բողոքների արդյունքում իրավապահ մարմիններն էլ են գործին խառնվել։ Սակայն նախընտրական այս թոհուբոհի համար՝ բավականին դանդաղ եւ անպտուղ։ Որոշ տեղեկություններով, քաղաքապետի թեկնածու նախկին դատապարտյալ այս անձի նկատմամբ բացահայտ համակրանք են տածում ԸԸՀ-ի եւ ՏԸՀ-ի նախագահի կողմից նշանակված անդամները։ Չնայած այս ամենին, մեր աղբյուրները փաստում են, որ գործող քաղաքապետ Արարատ Խանզադյանի դիրքերն, այնուամենայնիվ, բավականին ամուր են։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել