Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՔՈՒՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆՑՈՒ ԱՉՔԵՐՈՎ

Հոկտեմբեր 18,2002 00:00

ԲԱՔՈՒՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆՑՈՒ ԱՉՔԵՐՈՎ Հոկտեմբերի 10-11-ը ԵԱՀԿ շրջանակներում Բաքվում տեղի ունեցավ «Կրոնական ահաբեկչության դեմ պայքարին» նվիրված խորհրդաժողով, որին մասնակցում էին Եվրախորհրդի անդամ երկրների պաշտոնական եւ ոչ կառավարական պատվիրակություններ: Հայաստանն այդ խորհրդաժողովին պաշտոնապես ներկայացված չէր, որով հետեւ ավելի վաղ հայտարարել էր, թե նպատակահարմար չի գտնում խորհրդաժողովն անցկացնել Ադրբեջանում: Պատճառն այն է, որ երբ վերջին անգամ Հայաստանի պատվիրակությունը մասնակցել էր այդ երկրում տեղի ունեցած միջոցառմանը, Բաքվում ցույցեր էին եղել: Պաշտոնական Երեւանը հայտարարել էր, թե նման պայմաններում Հայաստանի արդյունավետ մասնակցությունն այդ խորհրդաժողովի աշխատանքներին հնարավոր չի կարող լինել: Հայաստանն այդ խորհրդաժողովում ներկայացված էր ի դեմս ոչ կառավարական՝ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության», հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Դանիելյանի: Նա տեղեկացրեց «Առավոտին», թե Հայ Առաքելական եկեղեցիների խորհրդի երեւանյան ներկայացուցիչը, հակառակ նախապես ձեռքբերված համաձայնության, խորհրդաժողովից երկու օր առաջ հրաժարվեց Բաքու մեկնել: Իսկ ահա խորհրդաժողովի շրջանակներում կազմակերպված կլոր սեղանին, որին մասնակցում էին միայն պաշտոնական պատվիրակությունների ներկայացուցիչները, Հայաստանի տեղն այդպես էլ թափուր էր մնացել: Խորհրդաժողովի հայաստանյան պատվիրակ Ստեփան Դանիելյանի կարծիքով, հանդիպումը հաջողված չէր, որովհետեւ որոշակի կոնկրետություն, կոնկրետ խնդիրների քննարկում այդպես էլ տեղի չէր ունեցել: Այդուհանդերձ, ինչպես Ադրբեջանում անցկացվող որեւէ միջոցառում, այս մեկն էլ Ադրբեջանի ներկայացուցիչները վերածել էին «հայկական ահաբեկչության» դեմ պայքարի միտինգի: Ստ.Դանիելյանը տեղեկացրեց, որ խորհրդաժողովի աշխատանքների առաջին օրը ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիեւը: «Ինչպես միշտ, նրա զեկույցի կեսից ավելին նվիրված էր Ղարաբաղին: Բայց առավել հետաքրքիրը նրա ելույթի տրամաբանությունն էր: Ըստ Ալիեւի, Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ ահաբեկչություն է իրագործել, գրավել նրա տարածքների 20 տոկոսը եւ, քանի որ Հայ Առաքելական եկեղեցին այդ ահաբեկչությունը չի դատապարտել, ուրեմն նա եւս ահաբեկչական կազմակերպություն է: Բնականաբար, առաջարկվում էր պայքարել ահաբեկչության, այդ թվում՝ «հայկական ահաբեկչության» դեմ: Ադրբեջանի պատվիրակներն իրենց ելույթներում այդ գիծը պահում էին. նրանց գլխավոր թեման ոչ թե, ասենք՝ «Սեպտեմբերի 11»-ի ենթադրյալ հեղինակներն էին, այլ՝ Հայաստանը: Մյուսների համար «հայկական ահաբեկչությունն» ընդհանրապես հետաքրքրություն չէր ներկայացնում: Նրանց ելույթները հիմնականում նվիրված էին իսլամական ահաբեկչությանը եւ դրա դեմ պայքարի խնդիրներին»,- պատմեց պրն Դանիելյանը: Նա միաժամանակ նշեց, թե ադրբեջանցիները, իհարկե, դեմ են իսլամական ահաբեկչությանը, բայց, նրանց կարծիքով, ահաբեկչության վտանգ առաջին հերթին ներկայացնում է ոչ թե Ալ Ղաիդը, այլ՝ Իրանը: Հասկանալի է, որ Ադրբեջանն Իրանի հետ լուրջ խնդիրներ ունի եւ այդ հարցը միշտ բարձրացնում է: «Այդուհանդերձ, որքան ես եմ տեղյակ, Իրանն Ադրբեջանում ավելի շատ ներդրումներ է անում, քան Հայաստանում: Պաշտոնական տվյալներին չեմ տիրապետում, բայց ոչ պաշտոնապես այդ ներդրումների հարաբերակցությունը հինգը մեկին է՝ հօգուտ Ադրբեջանի»: Իսկ ինչպիսի՞ն է Բաքուն հայաստանցու աչքերով: «Ինչ վերաբերում է Բաքվին, ապա դա արդեն մոտ 3 մլն-անոց քաղաք է: Դա ասում են ոչ միայն ադրբեջանցիները, այլ Բաքվում աշխատող օտարերկրացիները: Բաքվում զգալի ներդրումներ են կատարվում եւ դրանք, իրոք, զգացվում են նույնիսկ անզեն աչքով: Բավականին մեծ շինարարություն է ընթանում. հյուրանոցներ, 20-30 հարկանի շենքեր են կառուցվում, եվրոպական չափանիշներին եւ որակին համապատասխան ճանապարհաշինարարություն է կատարվում: Բայց միայն Բաքվում է, որ հնարավոր է աշխատանք գտնել, եւ այդ պատճառով ամբողջ Ադրբեջանից մայրաքաղաք մեծ հոսք կա: Միջազգային շատ կազմակերպություններ, որոնք նաեւ ներդրումներ են անում Բաքվում, համարում են, որ Ադրբեջանի մայրաքաղաքը Հարավային Կովկասի եւ Կասպից ծովի ավազանի հիմնական մեգապոլիսն է, որտեղ երկարաժամկետ եւ լուրջ ներդրումներ պետք է արվեն»,- իր տպավորությունները մեզ հետ կիսեց Ստ. Դանիելյանը: Նրա տեղեկություններով՝ 2003 թ. Ադրբեջանի պետբյուջեն կազմելու է 1 մլրդ 200 մլն դոլար: Ալիեւը խոստացել է հաջորդ տարի բարձրացնել կենսաթոշակները, նպաստները եւ պետական համակարգի աշխատողների աշխատավարձերը: Դատելով ադրբեջանական մամուլից, դրանք կաճեն մոտ 30-100 տոկոսով: «Իհարկե, մայրաքաղաքում էլ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր լավ չեն ապրում: Ի վերջո, Բաքուն նաեւ դեռեւս ողջ Ադրբեջանը չէ, իսկ մայրաքաղաքից դուրս տնտեսական շատ ծանր վիճակ է, գործազրկություն: Կարծում եմ, շատ կարեւոր է, որ մենք դրա մասին իմանանք, որովհետեւ մենք Ադրբեջանի հետ, կարելի է ասել, պատերազմական վիճակում ենք դեռեւս եւ պետք է տեղյակ լինենք Ադրբեջանում տիրող իրավիճակին, այդ երկրի մասին ճիշտ պատկերացում կազմելու համար: Չպետք է վախենալ Ադրբեջանի տնտեսության զարգացումից: Պարզապես մենք նույնպես պետք է մտածենք, որ Հայաստանի համար եւս առաջնայինը տնտեսական զարգացումն է: Մյուս կողմից, ես դրական եմ համարում Ադրբեջանի տնտեսական զարգացումը, որովհետեւ ավելի լավ է ունենալ կուշտ, քան սոված հարեւաններ: Այդ դեպքում իրական փող վաստակող մարդիկ, բնականաբար, չեն ցանկանա պատերազմել: Բացի այդ, այն երկրները, որոնք Ադրբեջանում մեծ ներդրումներ են կատարում, նրան նաեւ որոշակի կախվածության մեջ են պահում»: Ամեն անգամ, երբ խոսքը վերաբերում է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, հատկապես ադրբեջանական կողմը սկսում է սպառնալ պատերազմի վերսկսմամբ: Արդյո՞ք այդ երկրի մայրաքաղաքում իրականում նման տրամադրություններ կան: «Իմ տպավորությամբ, պատերազմի պատրաստվում են: Պետական եւ անկախ ԶԼՄ-ներում նման կոչեր հնչում են օրվա մեջ գոնե մեկ անգամ: Ադրբեջանցիների հետ շփումներից էլ այդ պատրաստվածությունը զգացվում էր: Հասարակությունը հոգեբանորեն պատրաստ է պատերազմի: Չեմ կարող ասել, թե դա Ադրբեջանում ինչ տոկոս է կազմում, բայց որ անզեն աչքով նկատելի է՝ միանշանակ է: Բայց նաեւ պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանը բազմազգ երկիր է, եւ ազգային փոքրամասնություններին այդ պատերազմը բացարձակապես չի հետաքրքրում: Չէինք կարող շրջանցել նաեւ ադրբեջանցիների՝ Քոչարյան-Ալիեւ «դեմ առ դեմ» բանակցությունների նկատմամբ վերաբերմունքը: «Ինչպես մենք, այնպես էլ ադրբեջանցիները դրանց չեն հավատում, որովհետեւ սպասելիքներ չունեն»,- նկատեց պրն Դանիելյանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել