Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԹԻԿՈՒՄ ԸՆՏՐԱՐՇԱՎՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԼԱՐՎԱԾ Է ԱՆՑՆՈՒՄ

Հոկտեմբեր 18,2002 00:00

ԱՐԹԻԿՈՒՄ ԸՆՏՐԱՐՇԱՎՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԼԱՐՎԱԾ Է ԱՆՑՆՈՒՄ Արթիկի քաղաքապետի թեկնածու, ՀՀՇ վարչության անդամ 1995-1999 թվականներին ԱԺ պատգամավոր Սերգեյ Բաբոյանը, 1991-1996-ն Արթիկի քաղխորհրդի գործկոմի նախագահն էր, 1996-1999-ը՝ քաղաքապետ: – Հաշվի առնելով այն բոլոր որակումները, որ վերագրվում են ՀՀՇ-ի հանդեպ ժողովրդի վերաբերմունքին, այդ կուսակցությանն անդամակցությունը չի՞ խանգարում Ձեր ընտրարշավին: – Նախ, իմ կարծիքով, ժողովուրդը ապագայում դեռ պիտի ասի իր խոսքը ՀՀՇ-ի գործունեության մասին: Որպես ՀՀՇ ներկայացուցիչ՝ իմ նկատմամբ ժողովրդի վերաբերմունքը բնականոն է, քանի որ կենսագրությամբս ու 10 տարիների աշխատանքով եմ ապացուցել, թե այն գործիչն եմ, որին կարելի է վստահել ձայները: – Ձեր գնահատմամբ, Արթիկի բնակչությունը դրականորե՞ն է վերաբերվում քաղխորհրդի գործկոմի նախագահի պաշտոնում Ձեր նախկին գործունեությանը: – Քանի որ թեկնածությունս առաջադրելով ակնկալում եմ հաջողություն՝ արդեն վկայում է, որ եթե չզգայի մարդկանց դրական վերաբերմունքը՝ հազիվ թե առաջադրվեի: – Արթիկի քաղաքապետի թեկնածուներ են նաեւ գործող քաղաքապետը եւ «Օրինաց երկիրի» ներկայացուցիչ Արծրունի Աղաջանյանը: Կարծես թե իշխանությունների «դաբրոն» ստացել է անկուսակցական քաղաքապետ Հմայակ Աբրահամյա՞նը: – Գործող քաղաքապետը «Հաղթանակ» շարժման տարածքային կազմակերպության ղեկավարն է, որին սատարում են բոլոր իշխանամետ ուժերը՝ Դաշնակցությունից, ՀՀԿ-ից ու ՀՌԱԿ-ից, մինչեւ ԺԴԿ-ն: Իշխանությունների թեկնածուն, այո, գործող քաղաքապետն է: – Եվ ինչպե՞ս է անցնում ընտրարշավը: Երեւանում արդեն բացահայտ են ընտրակաշառքի դեպքերը, Սիսիանում եւ Կապանում կրակոցներ հնչեցին, գուցե Արթիկն այս առումով դրականորեն առանձնանո՞ւմ է: – Եթե Արթիկում ընտրությունները միշտ համեմատաբար անցել են առանց ավելորդ միջադեպերի, սուր ընդհարումների, այս ընտրություններում լարումն ավելի շատ է: Ճիշտ է, առայժմ չեն եղել կոպիտ միջամտության դեպքեր: Բայց տարբեր պետական մարմինների միջոցով ընտրողներին կաշառելու փորձերն ունեն բաց եւ լկտի դրսեւորումներ: Ասենք, սոցիալական ծառայությունը, որ անմիջականորեն է շփվում մարդկանց հետ, եւ նրանց կախվածությունն այդ կառույցից, բնականաբար, մեծ է, ուղղակի «հրաշքներ» է գործում: – Որոշակի օրինակներ կմատնանշե՞ք: Ինչ է, ընտրություններից առաջ բոլոր կուտակված վճարումներն անո՞ւմ են: – Դա՝ իր հերթին: Բայց եթե սովորական ամիսներին փաստագրվում էին 200-300 նպաստառուներ, հոկտեմբերին նրանց քանակը հասավ շուրջ 700-ի: Չես կարող այս ամենում չտեսնել միտում: Կան նաեւ այլ իրողություններ, որ դժվար ապացուցելի են. չես կարող ապացուցել, թե տվյալ մարդուն կանչել ու տվել են այսպիսի հանձնարարություն: Թեեւ դա երեւում է, եւ գիտեն բոլորը: – Հնարավոր համարո՞ւմ եք, որ ընտրությունների օրը լարումն ավելի մեծանա: – Ես մի քանի անգամ եմ մասնակցել ընտրությունների եւ հաղթել: Եվ երբեւէ բողոքներ չեն եղել ընտրախախտումների վերաբերյալ: Այնքան համոզիչ է եղել հաղթանակը, որ որեւէ մեկն ուղղակի անիմաստ է համարել շահարկումները: Հաղթելով մրցակիցներիս, ես նրանց նկատմամբ երբեք որոշակի ուժային լծակներ չեմ օգտագործել, որեւէ մեկին չեմ պատժել կամ աշխատանքից հեռացրել, ինչպես սովորաբար անում են: Բայց երեւի այժմ մի քիչ ավելի շատ են գործադրվում ուժային մեթոդներ, ուստի մարդիկ չեն էլ թաքցնում, թե վախենում են: Այս է մթնոլորտը: – Բայց Ձեր իսկ պնդման համաձայն, առայժմ չկան ուժային միջամտություններ եւ միայն սոցիալական կամ այլ ծառայություններն են խառնվում ընտրարշավին: Ուրեմն, ինչի՞ց են վախենում ընտրողները: – Գործող քաղաքապետի կեցվածքի հետեւանքն է, որ այլ թեկնածուների կողքին մարդիկ վախենում են կանգնել, զգուշանալով նրա վրեժխնդրությունից: Կարծես մարդաորս սկսված լինի Արթիկում: Բավական է՝ տեսնեն մեկին մեր նախընտրական շտաբ մուտք գործելիս, հենց հաջորդ օրը փորձում են նրան ինչ-որ կերպ լռեցնել: – Հարաբերականորեն վերջերս եք պաշտոնանկ եղել: Արթիկի քաղաքապետարանից Ձեր թիմը դո՞ւրս է մղվել: – Ամբողջությա՛մբ: Չի մնացել եւ ոչ մի պաշտոնյա, որն այսօր կարող էր դիտարկվել իբրեւ իմ վարչական հենարան: Իմ հենարանը միայն եւ միայն ժողովուրդն է, որի թեկուզ վախվորած, բայց աջակցությունը զգում եմ: – Իսկ ինչպե՞ս կբնորոշեիք Արթիկի ընտրողներին. նրանց մտահոգո՞ւմ են քաղաքական խնդիրները, թե՞ վճռորոշը միայն կենցաղի հարցերն են: – Արթիկցիները միշտ աչքի են ընկել բարձր ինտելեկտով՝ սա արտահայտվում է ե՛ւ ուսանողների թվաքանակով, ե՛ւ այլ հարցերով: Հանրապետության ամենաքաղաքականացված վայրերից մեկն է Արթիկը, եւ չկա մի կուսակցություն, որն այստեղ չունենա մասնաճյուղ: Բնակչությունը միշտ էլ ակտիվ է եղել, ընտրություններին մասնակցության տոկոսը միշտ էլ եղել է բարձր: Բայց ինչպես եւ այլ վայրերում՝ դեռ շարունակում է գործել հայտնի բանաձեւը՝ «խնամի-ծանոթ-բարեկամ»: Դրան գումարվում է նաեւ ընտրակաշառք կոչեցյալը: – Կարո՞ղ եք կանխատեսել, թե ձայների ինչ հարաբերակցություն կարձանագրվի հոկտեմբերի 20-ին: – Ես վայելում եմ Արթիկի ընտրողների ճնշող մեծամասնության համակրանքը եւ ապավինում նրանց աջակցությանը: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել