ԵՐՐՈՐԴԸ ԷԼ ՉԻ ԱՍԻ՝ «ՍՏՈՊ» Ավարտվեց Բորիս Ելցինի այցը Հայաստան: Նրան ընդունեցին ամենաբարձր մակարդակով, պատշաճ հարգանքով եւ հյուրասիրությամբ: Այդպես էլ պետք է լինի՝ մեր հյուրն էր բարեկամական երկրի առաջին նախագահը: Պաշտոնական քարոզչությունը նրան հենց այդպես էլ անվանում էր՝ «ՌԴ առաջին նախագահ»: Այսինքն՝ ընդգծվում է այն հանգամանքը, որ Ելցինը, իր բոլոր արժանիքներով եւ թերություններով հանդերձ, ժամանակակից ռուսաստանյան պետության հիմնադիրն է: Հետաքրքիր է, ինչո՞ւ նույն քարոզչությունը եւ իշխանական թեւը ներկայացնող քաղաքական գործիչները նույն պետական մոտեցումը չեն դրսեւորում Հայաստանի առաջին նախագահի հանդեպ: Հակառակը՝ հինգ տարի շարունակ կատաղի ձեւով վայրահաչում են նրա հասցեին: Հակված եմ ենթադրելու, որ այդ ամենը գալիս է Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերմունքից: Եթե ոչ նրա հրահանգով, ապա բարեհաճությամբ է, որ իր գրպանում գտնվող քարոզչամիջոցներն ու գործիչները օր ու գիշեր փնովում են Երրորդ հանրապետության հիմնադրին: Պատճառները կարող են տարբեր լինել: Նախ՝ մեծ է գայթակղությունը նախորդին հարվածելու հաշվին դիվիդենդներ շահել: Երկրորդ՝ ինտելեկտուալ մակարդակների շեշտակի տարբերության պատճառով, հավանաբար, անընդհատ պահանջ է առաջանում իշխանությունն օգտագործել՝ այդ տարբերությունից «վրեժխնդիր» լինելու համար: Բայց նախագահը, կարծում եմ, պետք է բարձր լինի նման անձնական զգացմունքներից եւ իր վերաբերմունքով հիմք դնի նորմալ պետական ավանդույթների: Այնպես, ինչպես դա արեց Պուտինը, որը նախագահ դառնալուն պես, հստակ դրեց առաջին նախագահին հարգելու բարոյական եւ իրավական չափանիշները: Իսկ այդ չափանիշների բացակայության պայմաններում անխուսափելի է դառնում իրավիճակների կրկնությունը: Հայաստանի երրորդ նախագահը (եթե այդպիսին լինի) նույնպես քսի կտա իր «շավկեքին» Ռ.Քոչարյանի վրա: Եվ այդպես շարունակ: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ