«Վարչապետի ասածն ի՞նչ է, որ» Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Հրաչյա Աբգարյանի պապը «Ալլահյոխ» (անաստված) մականունը իր ժամանակակիցներից վաստակել է սեփական վարքի շնորհիվ։ Բանն այն է, որ նա եղել է ներքին գործերի ժողկոմի անդամ եւ մեծ լումա է ունեցել Էջմիածնում աքսորի իրագործման գործում։ Հրաչյա Աբգարյանին՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ցուցումով, պաշտպանում են Էջմիածնի «հեղինակությունները»՝ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանը։ Գեներալ Սեյրան Սարոյանը, որի համակրանքը գործող քաղաքապետ Երվանդ Աղվանյանի կողմն է, գերադասում է զերծ մնալ այս խաղերից, ինչպես ՏԻՄ նախորդ ընտրությունների ժամանակ։ «Առավոտի» տեղեկություններով, սակայն, Հակոբ Հակոբյանը վարչապետի «հանձնարարականը» ստանալուց հետո վրդովվել է. «Ինձ մինչեւ նախագահը չասի՝ վարչապետի ասածն ի՞նչ է, որ»։ Այնուամենայնիվ, պահի տակ արված նման տաքարյուն հայտարարությունից հետո Հակոբ Հակոբյանը, թեկուզ ձեւականորեն, բայց սատարում է Հրաչյա Աբգարյանին։ Բանն այն է, որ ԱԺ պատգամավորն այս ընտրություններում իր շահագրգռությունն ունի. առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են, եւ Հ. Հակոբյանին՝ վերընտրվելու համար, քաղաքապետի աջակցությունն է անհրաժեշտ։ Ով էլ ընտրվի Էջմիածնի քաղաքապետի պաշտոնում, Հ. Հակոբյանը, վերջ-առաջ, պիտի գնա քաղաքապետի դուռը։ Սակայն Հ. Հակոբյանի համար Ե. Աղվանյանը Հ. Աբգարյանից մի առավելություն ունի՝ առաջինի հետ պատգամավորը տնտեսական խնդիրներ չունի։ Ի դեպ, Հ. Հակոբյանը մտադիր էր Էջմիածնի քաղաքապետի պաշտոնում «իր մարդուն» առաջ տանել։ Վերջինս շրջանային փոստի տնօրեն Սամվել Մուրադյանն էր, սակայն, ինչպես ասում են, ուժերն անհավասար էին, ուստի պատգամավորը դիրքերը զիջեց։ Ե. Աղվանյանի հետ Հակոբյանի մարդկային հարաբերություններն են փչացած, որոնք միշտ էլ կարելի է ճշտել։ Ի դեպ, այդ լծակը Հ. Հակոբյանին կհաջողվի ձեռք բերել՝ իբրեւ ավագանու անդամ իր մարդկանց անցկացնելով։ Այժմ պատգամավորի գերխնդիրը դա է։ Սեփ. լր.