ՄԵԶ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ Հիշո՞ւմ եք, թե մութ տարիներին բաժանվող ընտրակաշառքն ինչ մեծ ազդեցություն էր ունենում մեր անլույս ուղեղների վրա: Այդ ժամանակ շատ շատերին էր պետք թե նավթը, թե բրինձը, թե սպիտակ լոբին ու ոսպը: Ու շատ շատերն էին պատրաստ հավատալ ամեն մի խոստումի, որովհետեւ այդ ժամանակվա մթից ավելի մութ չէր կարող լինել, համենայնդեպս, ավելի վատ չէր կարող լինել. էլ տեղ չկար: Եվ մարդիկ մտածում էին՝ գոնե սրանք մեզ մի փոր հաց են տալիս այսօր, մենք էլ փոխհատուցենք: Ու ազնվորեն, իրենց սեփական խղճի ձեռքը կրակն ընկած, գնում-ընտրում էին ընտրակաշառողին: Գնալով մարդիկ սկսեցին «խիղճները կորցնել». վերցնում էին ընտրակաշառքը մեկից, բայց ընտրում էին մյուսին, հաճախ՝ ի հեճուկս նախորդի, որովհետեւ կաշառքն արդեն սկսել էր վիրավորել նրանց ինքնասիրությունը, չէ՞ որ նրանց ինքնագիտակցությունը լույսի հետ վերականգնվել էր: Բայց՝ մասամբ (որովհետեւ, այնուամենայնիվ, չէին հրաժարվում կաշառքից) եւ ժամանակավորապես: Մինչեւ հաջորդ ընտրությունները: Նորից աճուրդի հանվեցին մարդկային ձայները: Թաղապետերն սկսեցին մրցել, թե ով ավելի քաղաքակիրթ ձեւով կտանի քարոզարշավը: Հավատալով թեկնածուի խոստումին, ընտրողն, ամեն դեպքում, որեւէ բան չի կորցնում, եթե անգամ խոստումը չիրագործվի: Բայց իր ընտրողին հարգող թեկնածուն գոնե պետք է հավանականությանը մոտ խոստումներ տա: Օրինակ, Կենտրոնի թաղապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանը Հյուսիսային պողոտայի բնակիչներին խոստանում է 2-3 անգամ բարձրացնել փոխհատուցման գինը, որ տրվելու է նրանց բնակարանների դիմաց: Իսկ հիմնականում անտեղյակ ընտրողներն էլ չգիտեն, որ վերոնշյալը թաղապետարանի լիազորությունների մեջ չի մտնում. փոխհատուցման չափը եւ դրա հետ կապված այլ հարցեր որոշում է միայն ՀՀ կառավարությունը: Հիշենք, որ թեկնածուները քարոզարշավի սկզբից կենտրոնացան կրթօջախների վրա: Համաձայնեցին հավաքել-թափել նույնիսկ դպրոցի աղբը (Գ. Բեգլարյանի այս քայլը Նար-Դոսի դպրոցում հաստատեցին): Ընդհանրապես դպրոցներում թեկնածուն պաշտպանների լայն շրջանակ կարող է ձեռք բերել, որովհետեւ գիտեն, որ ուշ թե շուտ դպրոցներն անցնելու են համայնքների ենթակայությանը: Մանավանդ որ, վերջերս ՀՀ նախագահն էլ ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ հավանություն տվեց այդ քայլին. «Համայնքների հետ պետք է ավելի ակտիվ աշխատել»: Նկատենք, որ «Տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքով նախատեսվում է մեծացնել թաղապետարանների բյուջեն, իսկ շահութահարկի որոշակի տոկոս, որ միայն կառավարության բյուջե էր գնում, հունվարից ըստ ամենայնի կիջնի թաղապետարանի բյուջե: Հետեւաբար կմեծանա դպրոցներին կամ մանկապարտեզներին օգնելու հնարավորությունը: Որքան էլ ԿԳ նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները դեմ էին, բայց ի՞նչ կարող էին անել. օրենքը չի արգելում ընտրատեղամասը տեղակայել դպրոցում կամ մանկապարտեզում: Իսկ դա նշանակում է, որ տնօրեններն էլ ներքաշվում են քաղաքականության մեջ՝ հաճախ չկողմնորոշվելով այս կամ այն թեկնածուի ընտրության հարցում, եւ հայտնվում մի քանի քարի արանքում: Վաղը կարող է ընտրված թեկնածուն նրանց հետ հաշվեհարդար տեսնել՝ իր թեկնածությունը չպաշտպանելու համար: Բայց կարող է պաշտպանես մեկին, եւ այդ մեկը, խիղճը կորցրած, վաղը քեզ հանի ու տնօրեն նշանակի իր բարեկամին: Ինչպես պատրաստվում են խիղճները կորցնել Արաբկիրի համայնքի Գայդար փողոցի բնակիչները, ում տուն մտել է մի երիտասարդ եւ առաջարկել 5 հազար դրամով յուրաքանչյուր ընտրողից խլել ձայնը՝ իր թեկնածուին տալու համար: Եվ հետաքրքիրն այն է, որ այդ ընտրակաշառողները վստահում են դիմացինի խղճին եւ համոզված են, որ եթե իրենք մեքենայով ընտրողին հասցնեն տեղամաս, վերջինս մտնելու է ընտրախցիկ ու ընտրելու է հենց իրենց թեկնածուին: Նույն Արաբկիրի համայնքի բակերից մեկը վերջերս աչքիս առաջ կերպարանափոխվեց. տեղադրվեցին կարուսելներ, մանուկների զվարճանքի համար այլեւայլ հարմարություններ եւ ընդամենը՝ մի քանի ժամում: Չէ, էս երկրին հաճախակի կրկնվող ընտրություններ են պետք: Չէ, շարունակական նախընտրական քարոզարշավներ՝ լիքը-լիքը թեկնածուներով: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ