Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Կուսակցական մեծարում՝ հնդկական մոտիվներով

Հոկտեմբեր 17,2002 00:00

Կուսակցական մեծարում՝ հնդկական մոտիվներով Շենգավիթի համայնքում գտնվող եւ ժամանակին հնդկական ֆիլմերի ցուցադրմամբ հայ հանդիսատեսի բուռն համակրանքը վայելող «Սեւան» կինոթատրոնը վերջին շրջանում վերափոխվել է «Օրինաց երկրի» Շենգավիթի տարածքային խորհրդի «կուսակցական մեծարումների» հիմնական վայրի։ Դա, թերեւս, պայմանավորված է նրանով, որ կինոթատրոնի տնօրենը ՕԵ-ի անդամ է եւ ջատագով։ Հավանաբար թաղապետերի որոշ թեկնածուներից ետ չմնալու նկրտումներով եւ առաջիկա նախագահական ու պատգամավորական ընտրություններին ընդառաջ՝ «Օրինաց երկիրը» Շենգավիթ համայնքի ուսուցիչների եւ մանկապարտեզների տնօրենների ու մյուս աշխատողների մեծարման երեկո է կազմակերպել սույն կինոթատրոնում։ Երեկոն, բնականաբար, ուսուցչի օրվան է նվիրված եղել։ Վերջում հրավիրյալներին անակնկալ է մատուցվել՝ օճառի, հեղուկ օճառի (շամպուն) եւ օծանելիքների տեսքով։ Մեզ հետ հեռախոսազրույցում կինոթատրոնի տնօրեն Ստեփան Միրզոյանը այսպես արձագանքեց. «Շամպուն-մամպունը չգիտեմ, բայց «Օրինաց երկրի» Շենգավիթի տարածքային խորհուրդը ոչ թե ամբողջ դպրոցների, այլ թիվ 50 դպրոցի եւ թիվ 244 մանկապարտեզի կուսակցականներին է հրավիրել»։ Երեկույթ կոչվածին մասնակցել են, ըստ տնօրենի, 8-9 մարդ։ Ապա պարոն Միրզոյանը հռետորական հարց ուղղեց. «Լա՞վ բան են արել»։ Մեր խնդրանքով էլ ինքը իր հարցին պատասխանեց՝ բնականաբար, դրական երանգելով սույն փաստը։ Եվ որպեսզի ասվածն առավել պատկերավոր դառնա, տնօրենը հավելեց՝ «տարիքով ուսուցիչներ կային, որոնք ասում էին, թե երկրորդ տարին է եւ միակ կուսակցությունն է, որ այդ օրվա առթիվ շնորհավորում է»։ Այս ենթատեքստում պատկերն ամբողջացրեց «շատ շոյված էին» հուզմունքախառն վերջաբանը։ Պարզաբանումների հաջորդ բաժնում Ստեփան Միրզոյանը ջանք չխնայեց բարձր պահելու սեփական կուսակցության պատիվը։ Վերջինս ըստ ամենայնի համոզում էր, որ դա «կաշառք չի եղել, իրանցով չեն արել», այլ ընդամենը «կուսակցական մեծարում» է եղել։ Առավել իրատես երեւալու համար պարոն տնօրենը հասավ իր երեւակայության գագաթնակետին. «Եթե, ասենք, մարտի 8-ի առթիվ ձեր խմբագիրը ձեզ մի-մի ծաղիկ նվիրի՝ կաշառք չի լինի… լավ կլինի, չէ՞»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել