Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՐՑԸ»

Հոկտեմբեր 17,2002 00:00

«ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՐՑԸ» Շահե արքեպիսկոպոս Աճեմյանի հովանավորությամբ լույս է տեսել պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վ. Գ. Թունյանի «Էջմիածնի հարցը Ռուսաստանի քաղաքականությունում՝ 1873-1903թթ.» մենագրությունը՝ ռուսերեն լեզվով։ Առաջին անգամ պատմագրության մեջ «Հայկական հարց» եւ «ցեղասպանություն» հասկացությունների հետ մեկտեղ շրջանառության մեջ է դրվում «Էջմիածնի հարց» հասկացությունը։ Հեղինակն առանձնացրել է հարցի բաղադրիչները՝ 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի Ամենայն հայոց վեհափառների գործունեությունը, հայկական ուսումնարանները, եկեղեցու ունեցվածքը, հոգեւորականների մասնակցությունը հեղափոխական շարժմանը, փոխհարաբերությունները իշխանության հետ եւ Էջմիածնի Մայր աթոռի քաղաքական իշխանությունը։ Էջմիածնի Մայր աթոռի եւ ցարիզմի փոխհարաբերություններում քննարկվող ժամանակահատվածը ներկայացված է որպես ամբողջական դարաշրջան։ Այդ ընթացքում տեղի է ունենում Էջմիածնի վերագնահատումը Ռուսաստանի արտաքին եւ ներքին քաղաքականությունում։ 1873-1890թթ. ինքնակալությունը ձգտում է օրենսդրական միջոցառումներով հայ հոգեւորականներից ստեղծել հոգեւոր կոլեգիա։ 1890- 1903թթ. ձեռնարկվում են պատժամիջոցներ՝ ընդդեմ հոգեւորականության ազատատենչ ձգտումների, ապա հաջորդում է հայ եկեղեցու գույքի բռնագրավումը։ Ցուցադրված է ինքնուրույն հայկական մարզի ստեղծումը ռուսական կայսրությունում՝ դպրոցներ, սեմինարիաներ եւ բարձրագույն հաստատություն։ Ազգանվեր գործի սկզբնավորողն է «հայրենյաց պաշտպան» Ներսես Աշտարակեցին, որի ջանքերով 1848-ին բացվեցին ծխական դպրոցներ։ Հայրապետ Գեւորգ Բրուսիացին 1874-ին հիմնադրեց Էջմիածնի ակադեմիան։ Ռուսաստանի կառավարության հովանավորչական քաղաքականությունը դպրոցական հարցում թելադրված էր Էջմիածնի՝ մերձարեւելյան քաղաքականության նշանակությամբ։ 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո, երբ տեղի ունեցավ Ռուսաստանի անդրկովկասյան տիրույթների ընդլայնում, ինքնակալության քաղաքականության հետադիմական տարրերի ուժեղացումն իր արտահայտությունը գտավ ազգային դաստիարակությունը վերահսկելու ձգտման մեջ։ Կաթողիկոս Մարգարը ձեռնարկեց հսկայական ջանքեր ազգային ուսումնական հաստատությունների ինքնատիպության պահպանման համար։ Ներքին գործերի նախարարության ճնշումը Ամենայն հայոց կաթողիկոսի մահվան պատճառը դարձավ։ Դպրոցական համակարգում հետեւեցին սահմանափակող տարբեր կանոններ։ Ի վերջո, տեղի ունեցավ հայկական դպրոցների փաստական փակումը 19-րդ դարի վերջում։ Ապստամբական շարժման հակազդեցության համար 1891թ. մարտից ցարիզմը կիրառեց «Կանոններ վարչական ասպարեզում հայ հոգեւորականության նկատմամբ պատժամիջոցների մասին» հրամանագիրը։ Սկսվեցին աքսորներ եւ ձերբակալություններ, որ պետք է թուլացնեին ազգային-ազատագրական շարժումը Օսմանյան Թուրքիայում։ Հոգեւորականության հեղափոխական ակտիվացումը տեղի ունեցավ Խրիմյան Հայրիկի օրոք։ Մենագրության հեղինակը ներկայացնում է 1894թ. մարտի 8-ի Խրիմյանի կոնդակը՝ հասցեագրված Կոստանդնուպոլսի պատրիարք Աշիկյանին, որով վեհափառը պահանջում է զբաղվել արեւմտահայ բնակչության անվտանգության հարցերով։ Արյունարբու սուլթան Աբդուլ Համիդը Հայրիկի կոնդակը բնութագրեց որպես միջամտություն Թուրքիայի ներքին գործերին, առաջ բերելով Ռուսաստանի ներքին գործերի նախարարի դիտողությունները Խրիմյանի հասցեին։ Աշխատության մեջ բավականաչափ նորահայտ նյութեր կան։ Մենագրությունը նոր լույս է սփռում ցարիզմի եւ հայ եկեղեցու փոխհարաբերությունների վրա։ Դրանով ամբողջանում է հայ ժողովրդի պատմության մի կարեւոր դրվագը։ ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել