Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Չարդարացված զգուշավորություն

Հոկտեմբեր 17,2002 00:00

Չարդարացված զգուշավորություն «Հայաստան-Սփյուռք» առաջին եւ երկրորդ համաժողովներին առաջարկվել էր ստեղծել Հայ դատի մշտական գործող համահայկական հանձնախումբ՝ մի շարք հարցեր եւ խնդիրներ լուծելու նպատակով, որոնք նախապես հրապարակվել են «Առավոտում»։ Ցավոք, Հայաստանի Հանրապետության իշխանությունների մեղքով «Հայրենիք-Սփյուռք» համաժողովները այդ հարցերը չքննարկեցին եւ դրանց մասին ոչ մի որոշում չընդունվեց։ Դա նշանակում է, որ Հայ դատն ու պահանջատիրությունը փաստորեն դուրս են մղված մեր պետական արտաքին քաղաքականությունից։ Մինչդեռ մեր պետական այրերն իրենց նախընտրական ճառերում խոսք չէին խնայում ժողովրդին հավատացնելու, որ իշխանության գլուխ անցնելուն պես ձեռնամուխ կլինեն վերոգրյալ հարցերի ազգովի լուծմանը։ Այդ հարցերի արծարծմանը համաժողովներում չաջակցեցին նաեւ Հայաստանում սնկի նման աճած կուսակցությունները, առաջին հերթին երեք ավանդական կուսակցությունները, Հայկոմկուսը, որոնք նախօրոք քաջատեղյակ էին համաժողովներում վերոգրյալ հարցադրումների մասին։ Իր ապազգային դեմքը ցուցաբերեց համաժողովներում նաեւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան։ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Հովհաննիսյանը, ելույթ ունենալով պաշտոնական ամբիոնից, ոչ միայն չարծարծեց վերոգրյալ հարցադրումները, այլ կտրականապես պատասխանեց մեզ, որ Հայ դատի ու պահանջատիրության հարցերով նա չի զբաղվում։ Եվ այն հանգամանքը, որ ակադեմիան հաստատակամորեն է իրեն հեռու պահում վերոգրյալ հարցադրումներից, միանշանակ պարզ դարձավ մեր ազգին բթացնող Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Լավրենտի Բարսեղյանի ելույթից Հայաստանի հեռուստատեսությամբ՝ ս.թ. սեպտեմբերի 19-ին, որտեղ նա անհիմն փառաբանությամբ նշեց, որ իբրեւ Հայ դատի լուծման ուղղությամբ Հայոց ցեղասպանության թանգարանն ու երեք ավանդական կուսակցությունները մեծ ներդրումներ ունեն։ Մինչդեռ նախապես նա իր ձեռքին ուներ մեր «Բաց նամակը «Հայաստան-Սփյուռք» համաժողովին», որտեղ նշված է, որ 1915թ. առայսօր, մենք՝ հայերս, առաջին հերթին երեք ավանդական կուսակցությունները, ցեղասպանության փաստերը իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթերով չենք ձեւակերպել (այնպես, ինչպես Երուսաղեմի «Ողջակիզման թանգարանում» հրեաները ունեն երեք միլիոնից ավելի թղթապանակներ՝ ողջակիզման զոհերի ու տուժածների անվամբ)։ Եվ այդ գործը չիրականացնելու պատճառներից մեկն էլ այն է, որ ՀՅԴ-ն որդեգրել է այն տեսակետը, որ «միջազգային օրենսդրության մեջ չկա 1915թ. ցեղասպանության մասին հոդված, ուստի երիտթուրքերն օրենք չեն խախտել եւ քանի որ օրենքը հետադարձ ուժ չունի, ապա չի կարելի երիտթուրքերի հանցագործությունները դատել հետին թվով, այսօրվա օրենքներով», իսկ «Հայաստանը չկար 1915 թվականին, ուստի չի կարող համարվել ցեղասպանության զոհերի ժառանգորդը» եւ այլ նման ազգադավ դիրքորոշումներ, որոնց մասին, կասկածից վեր է, որ շատ լավ տեղյակ են մեր գիտությունների ակադեմիայում եւ անձամբ Լավրենտի Բարսեղյանը։ Կոչ ենք անում վերջ դնել Հայաստանի արտաքին քաղաքականության ասպարեզում առկա այս չարդարացված զգուշավորությանը եւ, հիմնվելով մեր ժողովրդի անկոտրում կամքի վրա, մեկ բռունցք դարձած առաջ մղել Հայոց դատն ու պահանջատիրությունը, հաշվի առնելով մեր կողմից առաջադրված վերոգրյալ հարցադրումները։ ՍԱՄՎԵԼ ՊՈՂՈՍՅԱՆ ՀՀ ցեղասպանության դեմ պայքարող վետերանների միության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել