Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԿԱԹՆԱՇՈՌ ԳՈՎԱԶԴԵԼՈՒՑ

Հոկտեմբեր 17,2002 00:00

ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԿԱԹՆԱՇՈՌ ԳՈՎԱԶԴԵԼՈՒՑ «Ի տարբերություն մյուս թատրոնների, մեր թատրոնի հիմնական այցելուն երիտասարդությունն է, ինչը չափազանց ուրախացնում է ինձ»,- ասում է Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանը։ Այսօր նա աշխատում է նոր ծրագրերի վրա, պատրաստվում է առաջիկայում հաղորդաշար սկսել հեռուստաընկերություններից մեկում։ Հեռուստադիտողների մեծամասնությունը դերասանուհուն ավելի շատ ճանաչում է որպես համերգավար, հաղորդավար ու կոշիկ, լվացքի փոշի պրոպագանդող ինչ-որ մեկի, որը ողջ հանրությանը կոչ է անում ըմպել բնական հյութեր։ Զարմանալի չէ, որ այսօր Լուիզան ու նրա կոլեգաները չնչին գումարով նկարահանվում են կենցաղային բնույթի գովազդներում՝ անգամ գովաբանում եվրոպական նոր «կոնքամաններն» ու պարսկական «առանց խոլեստերինի բուսական յուղերը»։ Ի դեպ, դերասանուհին տեղեկացրեց, որ որոշել է այլեւս գովազդային հոլովակներում չնկարահանվել, նույնիսկ մերժել է գովազդել նոր տեղական «անարատ կաթնաշոռը»։ Ի դեպ, դրամատիկական թատրոնում Լուիզա Ղամբարյանը ամենազբաղված դերասաններից է։ Եթե թատերաշրջանը բաղկացած է լինում տասներկու ներկայացումից, ապա դրանից տասում հաստատ դերասանուհին դեր ունի։ Նա պատրաստվում է շուտով խաղալ իր հերթական գլխավոր դերը Շեքսպիրի «Լեդի Մակբեթ» ներկայացման մեջ։ Նկարահանվել է նաեւ «Խենթ հրեշտակը», «Երգեհոնային համերգ», Գոռ Վարդանյանի հայկական առաջին «Խավարման օրը» մարտաֆիլմում, ռուսական TB6 հեռուստաընկերության նկարահանած հայկական կոնյակի գործարանի մասին պատմող բազմասերիանոց ֆիլմում, որի յուրաքանչյուր մասը բաղկացած է ութ րոպեից։ Դերասանուհուն առաջարկել են նաեւ հայերեն կրկնօրինակել լատինամերիկյան հեռուստասերիալներ, սակայն նա մերժել է դրանց թարգմանության ցածրարժեք ու ոչ հայեցի լեզվական մակարդակի պատճառով, թեեւ կրկնօրինակման համար նրան առաջարկել էին չափազանց հրապուրիչ ու կլորիկ գումար։ Լուիզան իրեն համարում է հաջողակ դերասանուհի, քանզի իրեն բախտ է վիճակվել խաղալ մի շարք հայ մեծությունների (այդ թվում եւ Խորեն Աբրահամյանի) հետ։ Ինչպես դերասանուհին է ասում. «Իմ այս խաղընկերը մի հանճարեղ մարդ է եւ կարծում եմ, որ հենց նրա նմաններին են ուղղված Սեւակի «ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած…» խոսքերը»։ Լուիզան խաղացել է նաեւ «Խոր Վիրապ» ներկայացման մեջ։ Ինչ վերաբերում է սերնդափոխությանը, ապա, ըստ դերասանուհու, այն տեղի է ունեցել մարդավարի ու նախանձելի կերպով՝ շնորհիվ Վ. Մսրյանի, Լ. Շարաֆյանի, Ա. Ութմազյանի ոչ այնքան «ժամանակակից» կամեցողության եւ ոչ մոդայիկ պարկեշտության։ Իսկ թատրոնի երիտասարդությունն առաջնորդվում է Նժդեհի խոսքերով. «Ամենալավ զենքը միշտ էլ եղել է ոգին, թեկուզեւ մեկ օր մի մարեք ոգին»։ Դերասանուհին իր հավատամքը համարում է մեծն լոռեցու այս խոսքերը. «Երնեկ նրան, ով մարդ կգա ու մարդ կերթա անարատ»։ ՆԻԿՈԼԱՅ ՄԵԼԻՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել