Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Անվանակոչություն

Հոկտեմբեր 17,2002 00:00

Անվանակոչություն Քաղաքապետարանի հուլիսի մեկի թիվ 10 որոշմամբ Դավիթաշենի թիվ 199 դպրոցը երեկ անվանակոչվեց գիտնական, իրավաբանական գիտությունների դոկտոր Հենրիկ Խաչատրյանի անունով։ Հենրիկ Խաչատրյանը Սահմանադրական դատարանի նախկին անդամներից է եղել, 1997-ից՝ ՀՀ գլխավոր դատախազ: Հենրիկ Խաչատրյանը բազմաթիվ իրավաբանական գրքերի հեղինակ է եւ իր մեծ լուման է ներդրել ՀՀ սահմանադրության ստեղծման գործում: Այս դպրոցը ռուսական թեքումով դպրոց -վարժարան է, որը Սահմանադրական դատարանի կազմակերպած Պետություն եւ իրավունք առարկայի օլիմպիադայի առաջին մասնակիցն է, եւ առաջին հաղթող աշակերտներն այս դպրոցից են եղել։ Դպրոցի տնօրեն Վահագն Գրիգորյանի հավաստմամբ, մինչեւ կրթության եւ գիտության նախարարության կողմից Պետություն եւ իրավունք առարկան դպրոցներում համընդհանուր ուսուցանվելը, այս դպրոցում արդեն ուսուցանվում էր։ Եվ այսօր դպրոցը մեծ պլաններ ունի Իրավագիտություն առարկայի ավելի խոր ուսուցման վերաբերյալ։ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն իր ելույթում նշեց, որ Հ. Խաչատրյանը ապագա սերնդի մասին մտածող մարդ էր, եւ նրա հետ շփվողները նաեւ ուսանում էին եւ կարողանում էին դպրոց ձեւավորողի մակարդակով շփվել Հենրիկ Խաչատրյանի հետ։ Գիտնականի հարազատները շատ հուզված էին եւ միաժամանակ զգացված, որ դպրոցը Հենրիկ Խաչատրյանի անունով անվանակոչելու միտքը դպրոցի կոլեկտիվինն է եւ ծնողական կոմիտեինը։ Գիտնականի քույրը՝ Եղնիկ Խաչատրյանը ուրախ էր, որ գնահատվել էին եղբոր ոչ միայն իրավաբանական, այլ նաեւ մանկավարժական արժանիքները։ Նա նշեց նաեւ, որ իր եղբայրը միշտ աշխատել է իր շրջապատի մարդկանց վարակել գրքի նկատմամբ ունեցած իր մեծ սիրով։ Անվանակոչման օրը դպրոցի բակում տեղադրվեց Հենրիկ Խաչատրյանի կիսանդրին, որի հեղինակն է քանդակագործ Արա Շիրազը։ ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել