Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«ԿԱՐԴՈՒՄ ԵՄ ԱՅՆ, ԻՆՉԸ ՉԻ ՓՉԱՑՆՈՒՄ ԻՄ ՃԱՇԱԿԸ»

Հոկտեմբեր 17,2002 00:00

«ԿԱՐԴՈՒՄ ԵՄ ԱՅՆ, ԻՆՉԸ ՉԻ ՓՉԱՑՆՈՒՄ ԻՄ ՃԱՇԱԿԸ» Ասում է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը – Քրեական օրենսգրքի նոր նախագիծն ի՞նչ առավելություններ ունի գործող օրենսգրքի նկատմամբ: – Մինչեւ առավելությունների մասին խոսելը, հարկ է նշել, որ մեր երկիրը վաղուց պետք է ունենար քրեական նոր օրենսգիրք, քանի որ քրեական դատավարության նոր օրենսգիրքն արդեն երրորդ տարին է, ինչ կիրառության մեջ է: Ուսանելի է Ռուսաստանի օրինակը, որտեղ 1996-ից գործածության մեջ է դրվել քրեական նոր օրենսգիրքը, իսկ քրեական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտավ 2002թ. հունիսից: Այս դեպքում տրամաբանական հաջորդայնությունը պահպանվեց, իսկ մեր պարագայում՝ ոչ: Հիմա՝ ըստ բովանդակության: Քրեական նոր օրենսգիրքը հասարակական կյանքի զարգացման այս փուլում առաջացած հասարակական հարաբերությունները կարգավորելուն կոչված ներպետական պահանջ են: Բնական է, որ այն պետք է համահունչ լինի ժամանակաշրջանին: Նախագիծը մեծ առաջընթաց քայլ է գործող քրեական օրենսգրքի նկատմամբ այն առումով, որ արտահայտում է ժամանակի պահանջը: – Ձեր կարծիքով նախագծում կա՞ն կետեր, որոնք դատական համակարգի աշխատողներին, այսպես ասած, մանեւրելու հնարավորություն են տալիս: – Օրենքը չի գրվում այս կամ այն դատավորի համար: Դատավորին մանեւրելու հնարավորություն տրվում է սանկցիայի մասում եղած պատժաչափերի տարբերությունների շնորհիվ: Այդ հնարավորությունը տրվում է անկախ դատական համակարգի աշխատողների մասնագիտական մակարդակից եւ բարոյական չափանիշներից: Գոյություն ունեն անձին բնութագրող, հանցանքը ծանրացնող կամ մեղմացնող հանգամանքներ, առաջին անգամ հանցանք կատարող եւ նախկինում դատվածություն ունեցող անձինք: Այլ հարց է, որ պատժաչափերի տարբերությունը պիտի լինի խելամտության սահմաններում: Այդ ժամանակների տարբերությունները բավականին կրճատվել են նախագծում: – Իրավական թեմաներով ի՞նչ հանդեսներ եք կարդում, ո՞րն եք առավել գերադասում: – Կարդում եմ այն ամենը, ինչը չի փչացնում իմ ճաշակը եւ չի որակազրկում ինձ որպես իրավաբանի: Գիտական լուրջ ձեռնարկ եմ համարում մեր ֆակուլտետի գիտական կենտրոնի «Իրավագիտության հարցեր» միջբուհական հանդեսը, որը միակն է, որ գրանցված է որպես դոկտորական նյութեր տպագրող: Մյուսը իրավաբանների միության «Պետություն եւ իրավունք» հանդեսն է, որը հասարակական հնչեղություն ունեցող, բայց իրավական թեքումով հանդես է: – Հետաքրքրվու՞մ եք «աղմկահարույց» դատավարություններով: – Դրանց հանդեպ հետաքրքրությունս բավականին նվազել է: Բնականաբար, հնարավոր չէ մշտապես ներկա գտնվել դատավարության ընթացքին, իսկ եղած տեղեկատվությունն էլ թերի է այն իմաստով, որ բացակայում է մասնագիտական վերլուծությունը: Ես կուզենայի, որ յուրաքանչյուր լրատվամիջոց ունենար գոնե մեկ լրագրող-իրավաբան, որը հնարավորություն ունենար մասնագիտորեն վերլուծելու դատական պրոցեսը: Զրուցեց ՇՈՒՇԱՆԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել