Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաները Հայաստանում

Հոկտեմբեր 17,2002 00:00

Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաները Հայաստանում Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաները՝ տեսության մեջ եւ ազգային ծրագրերում 1980-ականների վերջին, միտինգներում Հայաստանի անկախության մասին խոսելիս, որպես անկախ գոյության տնտեսական կռվաններ հիշատակվում էին ջերմուկը, տուֆ քարը, մոլիբդենը եւ այլ հարստություններ։ Տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ) այն ժամանակ չէին հիշատակվում, այդ մասին դեռ չգիտեին։ «Ազգային արժեքների» շարքում ՏՏ-ը հայտնվեցին վերջին մի քանի տարվա ընթացքում։ Տարիներ, որ Հայաստանում եղան ՏՏ-ի նկատմամբ աճող ուշադրության, Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի՝ ի լուր բոլորի հայտարարված նպատակների եւ հավակնությունների շրջան։ Ձեւականորեն հաշվարկը կարելի է սկսել 1996 թ-ից, որը ԱՊՀ անդամ երկրների միասնական տեղեկատվական տարածքի ձեւավորման կամ տեղեկատվականացման (ինֆորմատիզացիայի) Հայեցակարգի առաջադրման տարին է, երբ ստեղծվեց նաեւ անդամ երկրների ներկայացուցիչների Համակարգող խորհուրդ, մշակվեց գործողությունների Հեռանկարային պլանի առաջին տարբերակը։ Հաջորդ տարի, 1997թ. Հայաստանը առաջին անգամ հրավիրվեց Եվրամիության շրջանակում որպես դիտորդ մասնակցելու (մեդիայի համար պատասխանատու) Եվրոպական նախարարների հինգերորդ խորհրդաժողովին՝ «Տեղեկատվական հասարակություն. մարտահրավեր Եվրոպայի համար», փաստորեն հնարավորություն ստանալով ծանոթանալու եւ մասնակցելու Տեղեկատվական հասարակության (ՏՀ) եվրոպական ծրագրերին։ Եթե ԱՊՀ-ի նախաձեռնության շրջանակում մինչեւ այժմ իրականացվել են միայն որոշ մասնավոր ծրագրեր եւ միասնական տեղեկատվական տարածքի գաղափարն այդ հայեցակարգի իմաստով դժվար է այլեւս լուրջ ընդունել, ապա ընթացիկ տարին պետք է գոնե ձեւականորեն արդյունավետ գնահատվի եվրոպական համագործակցության զարգացման առումով։ Այդուհանդերձ, հակառակ այն բանին, որ 2002թ. եվրոպական հովանավորությամբ Երեւանում տեղի ունեցավ ՏՏ-ին նվիրված միջազգային խորհրդաժողով եւ հայտարարվեց Հայաստանում տարածաշրջանային կենտրոն հիմնելու նախագծի մասին, իրական արդյունքների եւ հեռանկարների մասին դեռեւս վաղ է խոսել։ Այս տարիներին ՏՏ-ի ոլորտին վերաբերող ուսումնասիրություններ են իրականացվել տեղի եւ օտարերկրյա մասնագետների ու կազմակերպությունների կողմից, որոնք փորձում են գնահատել Հայաստանի կարողությունները եւ հեռանկարները, ՏՏ-ի զարգացման համար նպաստավոր եւ աննպաստ հանգամանքները։ Կարելի է հիշատակել Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (USAID) «Հայաստանի Հանրապետություն. ՏՀՏ-ի գնահատում» (2000թ.) ծավալուն հետազոտությունը։ Ընդունվել են ծրագրային բնույթի փաստաթղթեր՝ ռազմավարական նպատակակետեր ընտրելու եւ քաղաքականության ուղղություններ ճշգրտելու, ինչպես նաեւ իրականացման մեխանիզմներ մշակելու հավակնությամբ։ Իշխանության՝ մասնավոր սեկտորի հետ համագործակցությամբ ՏՏ-ի արդյունաբերության զարգացման վերաբերյալ հանձնառությունը, օրինակ, մոտ երկու տարի առաջ հիմք է դարձել «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունաբերությունը ՀՀ տնտեսության զարգացման գերակա ճյուղ հայտարարելու վերաբերյալ» կառավարության որոշման համար։ Թե՛ տեղական, թե՛ օտարերկրյա եւ միջազգային կազմակերպությունները շարունակում են իրականացնել ՏՀՏ-ի ոլորտի զարգացման նախագծեր։ Սրանք ընդգրկում են արդյունաբերության եւ առեւտրի զարգացման, ենթակառույցների նորացման, կրթության համակարգի արդիականացման, օրենսդրության բարեփոխման եւ այլ ծրագրեր։ Այս ընթացքում կազմակերպվել են տեղական, տարածաշրջանային եւ միջազգային խորհրդաժողովներ եւ տարաբնույթ սեմինարներ ու քննարկումներ։ Նման միջոցառումներով հարուստ էր հատկապես ընթացիկ տարին։ Նաեւ տպագրվել են ՏՏ-ի ոլորտին վերաբերող, կյանքի կարճ տեւողությամբ պարբերականներ, որոնց ուսումնասիրությունը բարդ խնդիր է, եւ այսօր հազիվ թե հնարավոր է գնահատել դրանց կատարած աշխատանքն ու նշանակությունը։ Այս ժամանակահատվածը մոլորակով մեկ Ինտերնետի ծավալման եւ զարգացման շրջան էր։ Միաժամանակ առաջացել եւ բուռն զարգացում է ապրում հետազոտության մի նոր ասպարեզ՝ Ոստի (Վեբի) հետազոտություն կամ Ինտերնետի ուսումնասիրություններ անունով։ Զգալի փոփոխություններ են կատարվել նաեւ Հայաստանում, եւ այստեղ նույնպես կարելի է արձանագրել քննության եւ հետազոտության կարոտ բազմաթիվ հարցերի ու խնդիրների առկայությունը, ինչպես նաեւ, ցավոք, համապատասխան ուսումնասիրությունների իսպառ բացակայությունը։ Այս ամբողջ ընթացքը՝ ԱրմենՏելի մենաշնորհի, այս մենաշնորհի շուրջ բանավեճի ու պայքարի, ԱրմենՏել-կառավարություն, իսկ վերջերս էլ՝ ԱրմենՏել-Արմինկո բարդ ու խճճված հարաբերությունների միանգամայն ոչ նպաստավոր պայմաններում։ (շարունակելի) ՀՐԱՉ ԲԱՅԱԴՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել