Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՍԱ, ԻՐՈՔ, ԴԱՌՆՈՒՄ Է ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբեր 17,2002 00:00

ՍԱ, ԻՐՈՔ, ԴԱՌՆՈՒՄ Է ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ Ի հակակշիռ Ն. Գեորգուլասի ազատման մասին նախորդ օրը տարածված լուրերի, երեկ շրջանառության մեջ դրվեցին նորերը, թե տեխնիկական գծով նրա տեղակալը՝ Անդրեաս Վորվոլակոսն ազատվել է աշխատանքից։ Ըստ երեւույթին, «ԱրմենՏելում» կամ դրա շուրջն ինտրիգներ են զարգանում։ Իսկ ինտրիգների ու հասարակական սկանդալների համար այս ընկերությունը միշտ էլ ապահովել է առատ «թեմա»։ Այս դեպքում հետաքրքիրն այն է, որ տեխնիկական գծով տեղակալը դեմ է արտահայտվել իզի քարտերի նոր խմբաքա նակի վաճառքին, իր դիրքորոշումը պատճառաբանելով ընկերության ունեցած ցանցի աղքատ տեխնիկական հնարավորություններով։ «ԱրմենՏելը» չդիմանալով նոր շահույթի գայթակղությանը, այնուամենայնիվ, սկսեց վաճառել իզի քարտերը, հետագայում համոզվելով Ա. Վորվոլակոսի պնդումներում։ Ինչպես երեկ հայտնել էինք, իզի քարտերի վաճառքը դադարեցվել է, մինչեւ վաճառվածները «համակերպվեն ցանցին»։ Մինչ այդ, «ԱրմենՏելը» ոչ մի անգամ ներողություն չխնդրեց իր բաժանորդներից ու սպառողից, սպասարկման խայտառակ որակի ու պատճառված անհանգստությունների համար։ Երեւի այն պատճառով, որ «ԱրմենՏելում» չեն հավատում այն բոլոր բողոքներին, որ ունեն սպառողները։ Ուստի ավելո՞րդ է եւս մեկ անգամ նշել, որ բջջային կապը գնալով վատանում է, կամ վկայել, որ այս օրերին հնարավոր չէր կապվել անգամ 2332 համարով՝ բաժանորդային բաժնի հետ։ Արդյոք ավելո՞րդ է եւս մեկ անգամ հիշեցնել, որ ազատ շուկայական տնտեսության պարագայում անհեթեթ է պահանջարկին չարձագանքելն ու սեւ շուկա գոյացնելը, առավել եւս՝ մենաշնորհի պայմաններում։ Չէ՞ որ կարելի է գերշահույթ ստանալ։ Այստեղ արդիական է դառնում այն հարցը, թե ընկերությունը ինչ ճանապարհով է ուզում գերշահույթ ստանալ։ Հիշեցնենք, որ «Երկիր» շաբաթաթերթը «ԱրմենՏելին» մեղադրել է սպեկուլյացիայի (այսինքն, թե սեւ շուկայում էլ է «ԱրմենՏելը» գործում) մեջ, ինչը անպատասխան է մնացել ընկերության կողմից։ Հետեւաբար փող աշխատելու սեւ շուկայի ճանապարհն ավելի կարճ է։ Ինչի առումով, ի դեպ, հրավիրում ենք համապատասխան մարմինների ուշադրությունը։ Սեւ կամ սպեկուլյատիվ շուկայում որպես «ԱրմենՏելի» գործընկեր տալիս են բավականին ազդեցիկ մարդկանց անուններ։ Հարց է առաջանում, թե ինչու չի «ԱրմենՏելը» քարտերի վաճառքը դադարեցնելու, եղած գծերն անորակ մատուցելու փոխարեն նոր ներդրում անում ցանցը հզորացնելու համար։ Մանավանդ որ, այն ամեն րոպե «պայթելու» վտանգի տակ է։ Ե՛վ որակը լավ կլիներ, ե՛ւ բաժանորդների թիվը մեծ կլիներ, սպասարկման գներն էլ հո բարձրից բարձր են։ Եկամուտներ ստացիր ինչքան ուզում ես։ Այս ամենը միասին կոչվում է անգրագետ մենեջմենթ։ Սա էլ նշվում էր որպես Նիկոս Գեորգուլասի՝ աշխատանքից ազատման պատճառ, ինչին, ինչպես գրել էինք, դեմ են որոշ ազդեցիկ գործիչներ, նրանք, ովքեր շահեր ունեն «ԱրմենՏելի» «շուրջը»։ Երկուսի ազատման մասին լուրերն էլ հերքեցին «ԱրմենՏելից», ավելացնելով, որ Անդրեաս Վորվոլակոսը շուրջ 1 շաբաթ է, ինչ արձակուրդում է։ Արդյոք «ԱրմենՏելն» աշխատանքից ազատման հայկական ձեւե՞ր է կիրառում, մարդուն նախ արձակուրդի ուղարկելով, ապագայում կերեւա։ Իսկ ընկերության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի որակմամբ, «սա հիվանդություն է դառնում»։ Միայն թե նա չմասնավորեցրեց, թե ինչն է հիվանդություն դառնում՝ սպասարկման վատ որա՞կը, բաժանորդների նյարդային համակարգը քայքայե՞լը, նրանց նյութական վնասներ պատճառե՞լը, սեւ շուկա տեղափոխվե՞լը, թե՞ հաճախակի տնօրեն փոխելը։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել