Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Մշակման» փուլ՝ Կենտրոնում

Հոկտեմբեր 17,2002 00:00

«Մշակման» փուլ՝ Կենտրոնում Երեկ ՀՀՇ վարչության փոխնախագահ, Կենտրոն համայնքի թաղապետ, նույն համայնքում թաղապետի թեկնածու Արարատ Զուրաբյանի վստահված անձ Համբարձում Ուշիկյանը ՆԳ բաժիններից մեկի աշխատակիցների կողմից հրավիրվել է «բաժին»՝ նրա հետ «զրուցելու» նպատակով: Հրավիրվել եւ մի քանի ժամ պահվել է բաժնում՝ նրա հետ «մշակման» անհրաժեշտ աշխատանք տանելու նպատակով: Եվ միայն այն բանից հետո, երբ կատարված ապօրինությանը միջամտել են մասնավորապես իրավապաշտպան կազմակերպությունները, իրավապահները ստիպված են եղել Հ.Ուշիկյանին ազատ արձակել, բայցեւ սեփական ապահովագրության համար՝ տուգանել 1000 դրամի չափով: Հատկապես այդքան է գնահատվել Հ.Ուշիկյանի՝ իրեն ՆԳԲ ուղեկցող, ոստիկանների հետ, իբր, զազրախոսելը: Հիշեցնենք, որ սա Ա.Զուրաբյանի վստահված անձանց դեմ ոտնձգության, այս շաբաթվա ընթացքում, արդեն երկրորդ դեպքն է: Անցյալ երկուշաբթի Կենտրոնի ՆԳԲ-ի աշխատակիցները բերման էին ենթարկել թաղապետի թեկնածուի մեկ այլ վստահված անձի՝ Արմեն Բաղդասարյանին՝ պատճառաբանելով, թե նա Կենտրոնի թիվ 15/12 ՏԸՀ-ում «ահաբեկել» է հանձնաժողովի անդամներին: Ուզում ենք վերհիշել դեռեւս երկուշաբթի օրը Կենտրոն համայնքի 15 ընտրատարածքային տեղամասում ծավալված քննարկումները, որտեղ ՀՀ նախագահի կողմից նշանակված առանձին մարդիկ եւ իշխանական կուսակցությունների ներկայացուցիչներ առաջարկում էին վստահված անձի պահվածքի համար պատժել Ա.Զուրաբյանին՝ նրան դուրս մղելով ընտրապայքարից: Նրանք արդեն որոշմամբ ամրագրել են, որ նման դեպքի կրկնության պարագայում Ա.Զուրաբյանին զգուշացնելու փոխարեն՝ նրա նկատմամբ ավելի խիստ միջոցներ կկիրառվեն, ընդհուպ՝ մինչեւ ընտրարշավին նրա մասնակցությունը կասեցնելը: Ըստ ամենայնի, իշխանությունները համարում են, որ Ա.Զուրաբյանին չեզոքացնելու եւ իշխանության թեկնածու Գագիկ Բեգլարյանին «ընտրված» տեսնելու միակ տարբերակը հենց այդ առաջարկությունները կյանքի կոչելն է: Ուստի պետք է, որքան հնարավոր է, սադրել Ա.Զուրաբյանի թիմակիցներին: Իշխանական համակարգում էլ են անխուսափելի համարում Ա.Զուրաբյանի վերընտրությունը, եւ դա նրանց նյարդայնացնում է: Այլ կերպ դժվար է բացատրել իշխանությունների գործադրած այն ճիգերը, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով ուղղված են Ա.Զուրաբյանի դեմ: Այս ամենը նաեւ զավեշտական է նրանով, որ սկսված պայքարում «թաղային հեղինակություն» համարվող Գ.Բեգլարյանը վայելում է «մենթերի» աջակցությունը, որոնք, թերեւս, նրա հաղթանակի երաշխիքներից մեկն են: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել