Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԱՆՔ ՏԱՆԵԼ»

Հոկտեմբեր 17,2002 00:00

«ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԱՆՔ ՏԱՆԵԼ» Հայտարարում է վերջապես դատարան ներկայացած Սմբատ Այվազյանը «Սրանք հայրենիքի հանդեպ դավաճանություն են արել, կսպանեմ ձեզ, տականքներ, վիժվածքներ… Ամեն ինչ կարող եմ ասել նրանց հասցեին: Ժողովուրդը սպասում է այս դատավարության ավարտին, սրանք գերեզման չեն ունենալու, ես չգիտեմ, թե սրանց ինչ կարգով պիտի քառատեն կամ գնդակահարեն»,- երեկ «Հոկտեմբերի 27»-ն իրականացրած խմբին ի լուր դատարանում հայտարարեց տուժող, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը: Վերջինիս բերման ենթարկելու կապակցությամբ դատարանը կայացրել էր որոշում, սակայն պարոն Այվազյանը դատարան եկավ առանց ՆԳՆ համապատասխան մարմինների «օգնության»: Տուժողն, ի պատասխան լրագրողների հարցերի, իր՝ դատարան գալուց խուսափելը մեկնաբանեց այսպես. «…Ուղղակի 3-4 ամիս առաջ ես դատավորին ասել եմ, որ ավելի ուշ կներկայանամ: Դրանից հետո ինքը չի կարողացել ինձ գտնել եւ կայացրել է այդ որոշումը»: Տուժողների՝ դատարան ներկայանալուց խուսափելու պատճառն, ըստ Սմբատ Այվազյանի, այն է, որ «Տուժողների մեջ որոշ հոգեբանական խնդիր կա դահլիճ մտնելու եւ այս վիժվածք տականքներին տեսնելու համար: Եվ, ասենք, եթե դատավորը կամ մյուս մարմինների աշխատակիցները որոշակի զրույց անցկացնեն իրենց հետ, իրենք այդ բարդույթը շատ արագ կհաղթահարեն եւ կգան դահլիճ»: Դատավարության ամբողջ ընթացքից մեր զրուցակիցը եզրակացրել է, թե «տուժողները մտածում են, որ սա կարծես թե ներկայացում է: Այսինքն մտածում են, որ հանրապետությունում ստեղծվում է մթնոլորտ, որը չի նպաստում, որ «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչները բացահայտվեն: Դա է պատճառը, որ նրանց առանձնապես չի հետաքրքրում այս դատը: Կազմակերպիչների մասով պետք է աշխատանք տանել, թե չէ՝ ինչ եղել է, բոլորս տեսել ենք, գիտենք: Բայց այս ամբողջ դատավարության ընթացքում հարցնում են՝ ահաբեկիչներն իրենց զենքերին կանա՞չ թել կապեցին, թե՞ կապույտ…»: Ցուցմունք տալու ընթացքում Սմբատ Այվազյանը հայտարարեց, որ «27»-ի արյունալի դեպքերից հետո պատգամավորներից ոմանք հաճույքով էին կատարում ահաբեկիչների հանձնարարությունները: «Տարեգիրի» հետ կայացած զրույցի ընթացքում պարոն Այվազյանն ասաց, որ այդ հանձնարարությունները հաճույքով կատարում էին «Սամվել Ավետիսյանը, Հայկ Բաբուխանյանը (որ գնում-գալիս էր), մի երկուսն էլ կային, չեմ ճանաչում»: Իսկ ինչ էր անում այդ ժամանակ Սմբատ Այվազյանը. «Օրինակ, որ ինձ ասում էին՝ էս խոսքը փոխանցի, ես դուրս չէի գալիս, ասացին՝ գնա, պատի տակ կանգնիր, ես չգնացի, թեկուզ մյուսներին ասում էի՝ որ եթե պետք է՝ գնացեք-կանգնեք»: www. taregir.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել