Լրահոս
Օրվա լրահոսը

Իր նմանների շարքում ՀՌԱԿ-ն առաջինն է

Հոկտեմբեր 17,2002 00:00

Իր նմանների շարքում ՀՌԱԿ-ն առաջինն է Երեկ տեղի է ունեցել Հայաստանի Ռամկավար-ազատական կուսակցության 11-րդ համագումարը: Հաշվի առնելով, որ այդ համագումարը նախորդում է Հայաստանում նախագահական ընտրություններին, բնական է, որ կուսակցության քննարկման առարկաներից մեկն էլ այդ ընտրություններում թեկնածու առաջադրելու խնդիրն էր լինելու: Ու թեեւ այդ կուսակցությունը այդպես էլ պաշտոնապես չհայտարարեց առաջիկա ընտրություններում գործող նախագահի թեկնածությունը պաշտպանելու իր վճռի մասին, այդուհանդերձ, այդ իմաստով ստացված տպավորությունը ենթադրել է տալիս, որ ՀՌԱԿ թեկնածուն լինելու է հենց Ռ.Քոչարյանը: Ինչպես «Ա1+»-ն է տեղեկացնում, ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանի կարծիքով, Ռ.Քոչարյանն իսկական իրենց թեկնածուն է, որովհետեւ «նրա ներքին, առավել եւս տնտեսական քաղաքականությունը համահունչ է ռամկավար-ազատական գաղափարախոսությանը»: Կուսակցության ատենապետի պնդմամբ, գործող նախագահին ՀՌԱԿ-ը պաշտպանում է մեկ այլ պատճառով եւս՝ «1998-ին Քոչարյանը, ոչ թե նախկին նախագահը, ՄԱԿ-ում հայտարարեց հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին»: Ավելի մանրամասնելով ռամկավար-ազատականների համագումարի ընթացքը՝ «Ազատություն» ռ/կ-ն է տեղեկացնում, թե «Միրզախանյանի առաջարկությամբ համագումարը քվեարկությամբ որոշեց ՀՌԱԿ նորընտիր վարչությանը հանձնարարել սահմանված ժամկետներում վերահաստատել նախագահական ընտրություններում Ռ.Քոչարյանին պաշտպանելու որոշումը»: «Ազատություն» ռ/կ-ն վկայակոչում է դիտորդներին՝ նշելով, թե վերջիններս չեն բացառում, որ Ռ.Քոչարյանը ձեռնպահ է մնում՝ այս կամ այն կուսակցությանն արտոնել՝ հանդես գալ իր թեկնածության պաշտպանի, դրոշակակրի դերում: ՀՌԱԿ համագումարին ներկա են եղել իշխանական ճամբարը ներկայացնող գրեթե բոլոր կուսակցությունների՝ Դաշնակցության, ԱԻՄ-ի, «Օրինաց երկրի», «Արժանապատիվ ապագայի», ներկայացուցիչները, բացառությամբ՝ Հանրապետական կուսակցության: ՀՌԱԿ համագումարում անդրադարձ է եղել արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերին: Ռամկավարները քննադատել են մասնավորապես Իրաքի նկատմամբ վարվող ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի քաղաքականությունը՝ դա փաստարկելով մի քանի հանգամանքով, այդ թվում՝ նրանով, որ Իրաքում պատերազմի սանձազերծման դեպքում նավթի գները համաշխարհային շուկայում կբարձրանան, ինչը լավ հետեւանքներ չի ունենա Հայաստանի տնտեսության համար: Ռամկավարներն, օրինակ, Հայաստանի «բարեկամ» են համարել Իրանին եւ «մեծ բարեկամ»՝ Ռուսաստանին: Իսկ ահա Վրաստանի վերաբերյալ ՀՌԱԿ-ը, մեղմ ասած, վերապահումներ է ունեցել՝ շեշտելով այդ երկրում հայերի նկատմամբ «անբարյացակամ» վերաբերմունքը: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել