Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ընտրամարաթոն… դատարանում

Հոկտեմբեր 16,2002 00:00

Ընտրամարաթոն… դատարանում Հոկտեմբերի 11-ին Վանաձորում Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանը քննության առավ քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Ղուկասյանի հայցն ընդդեմ Լոռու մարզի թիվ 36 ընտրատարածքային հանձնաժողովի (քաղաքապետի թեկնածու Սամվել Դարբինյանին որպես թեկնածու գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջի մասին)։ Նիստի սկզբում դատավոր Վահան Հովհաննիսյանը զգուշացրեց, որ «Հատուկ հայցային վարույթի կարգով քննվող գործ է» եւ «Դիմումատուն պարտավոր չէ իր հիմնավորումները ապացուցել», ինչը հարուցեց պատասխանող կողմի դժգոհությունը, սակայն հայցվորի ներկայացուցիչն էլ առանձնապես ուրախանալու առիթներ չունեցավ, մանավանդ որ, «Հատուկ հայցային վարույթի» վերջը բավականին «օրիգինալ» էր, որին կանդրադառնանք վերջում։ Հայցվորի լիազոր ներկայացուցիչ Ռաֆիկ Սահարյանը դժգոհություն հայտնեց Վանաձորի պաշտոնական մամուլում տպագրված բողոքի հիմք հանդիսացող մի հրապարակումից, այն համարելով ժամկետից շուտ քարոզչություն՝ հօգուտ գործող քաղաքապետ Ս. Դարբինյանի (որը նույնպես քաղաքապետի թեկնածու է)։ Նա քարոզչություն էր համարում այն, որ քաղաքապետը պատրաստակամություն է հայտնել հովանավորելու մի երեխայի (այդ մասին էլ գրել էր թերթը)։ «Բայց չէ՞ որ չի գրվել, որ քաղաքապետը որպես թեկնածու է այդ առաջարկն արել»,- առարկում էր պատասխանող կողմը՝ դատավորի հետ միասին։ «Հոդվածում գրված է, որ երեխային հովանավորել են մարզպետը եւ ինչ-որ ընկերության նախագահ, ինչո՞ւ քաղաքապետի լուսանկարն է պատկերված»,- համառեց հայցվորի ներկայացուցիչը։ Պատասխանող կողմի ներկայացուցիչները պնդում էին, որ հրապարակումը քարոզչություն չէ, այլ ընթացիկ լրատվություն՝ քաղաքապետի գործունեության հետ կապված։ Ըստ դատավորի, քաղաքապետի լիազորությունները օրենքով դադարեցված չեն, պարզապես՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության կապակցությամբ գտնվում է արձակուրդի մեջ, հետեւաբար մամուլը կարող է նրա մասին գրել՝ որպես քաղաքապետի։ «Նա արդեն թեկնածու է, քաղաքապետ չէ»,- դիրքերը չէր զիջում Ռ. Սահարյանը։ «Ոչ, նա այդ ժամանակ դեռ չէր գրանցվել»,- պնդում էր թիվ 36 ընտրատարածքային հանձնաժողովի 1-ին լիազոր ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանը։ Քաղաքապետ Ս. Դարբինյանի կողմից լիազորված, 3-րդ պատասխանող Տիգրան Պապյանն էլ նշեց, որ եթե անգամ հայցվորի դիտարկումները ճիշտ են, ապա դրա համար քաղաքապետը պատասխանատու չէ, քանի որ նա չէ հոդվածագիրը։ «Ի՞նչ կապ ունի քաղաքապետը թերթում տպված հոդվածի հետ»,- հարցրեց վերջինս։ Ռ. Սահարյանը նաեւ դժգոհեց, որ տեղական մամուլում գրվել է, որ գործող քաղաքապետը մրցակից չունի եւ թե իբր կա միայն 1 թեկնածու (ի դեմս գործող քաղաքապետի)։ Այս առնչությամբ էլ թիվ 36 ընտրատարածքային հանձնաժողովի երկրորդ լիազոր ներկայացուցիչը փորձեց սրամտել, թե՝ «Էլի ա մի թեկնածու, էլի, մեկը քաղաքապետն ա, մեկն էլ քաղաքապետի թեկնածուն ա»։ …Ավելի քան 1 ժամ տեւողությամբ դատաքննությունից հետո դատարանը վճռեց հայցը մերժել, եւ, քանի որ հայցը քննվում էր «հատուկ վարույթի» կարգով, ուստի նշվեց, որ «վճիռը ենթակա չէ բողոքարկման»։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել