Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՄԵԿՆՈՂՆԵՐԸ ՇԱ՜Տ ԵՆ

Հոկտեմբեր 16,2002 00:00

ՄԵԿՆՈՂՆԵՐԸ ՇԱ՜Տ ԵՆ Հանրապետության երկրորդ՝ Գյումրիի օդանավակայանի 6 հազար քառակուսի մետր թռիչքավազքուղին անցյալ տարի հիմնովին նորոգվել է իր իսկ խնայողությունների հաշվին։ Եվ քանի որ ունի բավարար տեխնիկական հնարավորություններ, այսուհետեւ համարվելու է պահեստային օդանավակայան (մինչ այժմ Հարավային Կովկասի տարածաշրջանում այդպիսին համարվում էր Թբիլիսիի օդանավակայանը)։ Ինչպես տեղեկացանք օդանավակայանի տնօրեն Սեյրան Չուխաջյանից, ընթացիկ տարվա հոկտեմբերի 15-ից երեքով կավելանա Գյումրի իրագործվող չվերթերի թիվը։ Ներկայումս գործում են շաբաթական 4 թռիչք՝ Մոսկվա-Գյումրի-Մոսկվա եւ Սոչի-Գյումրի-Սոչի մեկական չվերթերը։ Առաջինը իրագործում է «Չեռնոմորավիա», երկրորդը՝ «Կրուիզ» ավիաընկերությունները։ Նորաբաց չվերթերը շահագործելու է «Չեռնոմորավիան»՝ դեպի Ռոստով, Կրասնոդար եւ Բաթում ուղղություններով։ Ըստ պրն Չուխաջյանի, բոլոր ուղղություններով ավիատոմսերը մոտ 20 դոլարով էժան են «Հայկական ավիաուղիներ» ընկերության համապատասխան չվերթերի արժեքից։ Մոտ 330 աշխատող ունեցող Գյումրիի օդանավակայանը աշխատում է իր հնարավորությունների 30 տոկոսով։ Իրագործվող չվերթերը ապահովում են 90 տոկոս ուղեւորահոսքի ծանրաբեռնվածություն։ Ըստ տնօրենի, ամսական մոտ 3500 ուղեւոր մեկնում է, վերադառնում՝ 3000-ից պակասը։ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ Ուղեւորահոսքի հետ առնչություն ունեցողները, այնուամենայնիվ, վկայում են, որ ուղեւորահոսքն ավելացել է երկու ուղղություններով էլ (դեպի Հայաստան եւ հակառակը) եւ ինքնաթիռները միշտ լիքն են։ Նշում են, որ այս առումով սա աննախադեպ տարի էր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել