Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՀԱՅ ԲԵՄԻ ԿՈՐՈՒՍՏԸ

Հոկտեմբեր 16,2002 00:00

ՀԱՅ ԲԵՄԻ ԿՈՐՈՒՍՏԸ Հոկտեմբերի 12-ին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» ծրագրով Էջմիածնի քաղաքապետ Երվանդ Աղվանյանի վճարովի հայտնությունը մի տպավորություն թողեց. շատ դժվար է ասել, թե ինչ են շահել Էջմիածինն ու էջմիածինցիներն ի դեմս Երվանդ Աղվանյան քաղաքապետի, բայց հստակ է, որ ի դեմս նույն Երվանդ Աղվանյանի՝ հայ բեմարվեստը մեծ կորուստ է կրել։ Սույն հռետորի դերասանական շարժուձեւը թողնենք այլ օրերի համար։ Այժմ ներկայացնենք նրա խոսքի հակասական ու անտրամաբանական մասերը։ Հատուկ՝ էջմիածինցիների համար։ Աղվանյանի կարծիքով, Էջմիածինը բիզնեսի ու ներդրումների համար ռիսկային գոտի է։ Պարոնը, հավանաբար, նկատի ունի այն, որ Էջմիածնի գեներալներից մեկն ու մեկը կարող է խլել բիզնեսդ ու ոչ մի դատախազություն եւ դատարան քեզ չեն կարող օգնել։ Մինչդեռ բիզնեսի համար ռիսկային գոտի է մասնավորաբար Նոյեմբերյանը, ուր քաղաքի բարձր թաղամասերից երեւում են ադրբեջանական գյուղերը. այդ դեպքում Նոյեմբերյանի գործարարներն ու նրանց պաշտպան քաղաքապետը գլուխները ո՞ր պատին տան։ Աղվանյանն ընտրություններից առաջ իր ընտրողներին խոստում չի տալիս։ Լավ է, չէ՞։ Հետո որեւէ ընտրող չի կարող ասել, թե ինչու ոչինչ չես անում. չեմ խոստացել՝ չեմ անում։ Նրա կարծիքով՝ լուրջ չէ ընտրությունից ընտրություն կուսակցություն փոխելը։ Շատ ճիշտ է։ Բայց այսպիսով, փաստորեն, ստացվում է, որ Աղվանյանը «լուրջ» չի ընդունում իր կնքահայր Արտաշես Թումանյանին, որը նաեւ իր տանիքն է ներկա վարչապետի դեմ հոխորտանքներում։ Երեւի Աղվանյանն «անզգուշորեն» մոռացել է, որ ՀՀՇ-ին հավատարիմ Թումանյանն այժմ էլ Դաշնակցության երկրպագու է։ Այն Դաշնակցության, որի դեմ ՀՀՇ-ի հետ գործողություններին ինքը եւս մասնակից էր։ Գործող քաղաքապետը եւ քաղաքապետի թեկնածուն կարեւորում է էջմիածինցիների պատիվը պահելը։ Ինչպե՞ս։ Ո՞ւր էր Աղվանյանը, երբ գեներալներից մեկի մանկլավիկները ծեծում էին միլիցիայի աշխատողներին։ Ոչ ոք չպատժվեց։ Անգամ ներողություն չխնդրեց։ Թերեւս միակ բարոյական անձը Էջմիածնի միլպետն էր, որ հրաժարվեց իր պաշտոնից։ Աղվանյանն այդ բարձրության վրա չգտնվեց։ Իսկ երբ մի քաղաքացի հեռախոսով փորձեց ճշտել, թե ինչ է արել Աղվանյանն իր քաղաքի համար, «հարձակումը լավագույն պաշտպանությունն է» սկզբունքով՝ պարոն քաղաքապետը սկսեց հարց տվողին մեղադրել իբրեւ «անբարեխիղճ հարկատուի», որի՝ «վարձավճարները չվճարելու պատճառով» խեղճ պաշտոնյան այդպես էլ քաղաքի համար ոչինչ չարեց։ Աղվանյանը նաեւ հայտարարեց, թե երբեք նախընտրական շտաբ չի ունեցել։ Ուրեմն՝ ի գիտություն, նախընտրական շտաբը նշանակում է աշխատանքների կազմակերպում-համակարգում։ Ստացվում է, որ Աղվանյանի ընտրապայքարն անկազմակերպ է։ Ուրեմն ինչ երաշխիք, որ քաղաքապետի աշխատանքն էլ բարձիթողի չէ։ Այնպես որ, պարոն Աղվանյանի դերասանական բարձր արվեստը հեռուստադիտողին չշեղեց հիմնական խնդիրներից։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել