Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Պորտապար՝ անկախության տոնին

Հոկտեմբեր 16,2002 00:00

Պորտապար՝ անկախության տոնին Կամ հետտոնական մտահոգություն ՀՀ ԳԱԱ «Գիտություն» թերթի սեպտեմբերյան համարում «Սերս գաղտնի թող մնա…» վերտառությամբ նյութում «անարգանքի սյունին» է գամվում ռուսական էստրադայի հանրահռչակ աստղ, թյուրիմացաբար հայկական արմատներ ունեցող Ֆիլիպ Կիրկորովը, որը մոսկովյան մի ռեստորանում թուրքաբույր երգեցողության մի փառահեղ «շախ» էր տվել, ինչը մեր հայրենակից, նույնպես հանրահայտ Իրինա Ալեգրովայի զայրույթն ու վրդովմունքն էր առաջացրել։ Սակայն կարծում եմ, հարկ չկա բարդութավորվել, թող Ֆիլիպի խղճին մնան իր թուրքամետ տվայտանքները, մեր ազգը նման «հայերի» կարիքը չի զգում։ Ֆիլիպյան այս միջադեպը ստիպեց վերհիշել մեկ այլ, իմ կարծիքով առավել խայտառակ ու վրդովեցուցիչ փաստ, որին ականատես եւ ականջալուր եղա սույն թվի սեպտեմբերի 21-ին Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Հայաստանի անկախության տարելիցին նվիրված տոնական համերգի ժամանակ։ Հարկ չեմ համարում անդրադառնալ բոլոր ելույթներին, առկա էին տարբեր մակարդակի երգիչներ, պարային խմբեր եւ երաժշտություն։ Սակայն, երբ բեմ հրավիրվեց աստղ հորջորջված երգչուհի Արմենակյանը (թող ներեն ինձ հայ էստրադայի սիրահարները), ինձ համակեցին վրդովմունքի, զայրույթի, ափսոսանքի իրարամերժ զգացումներ, որոնց առարկան ոչ թե երգչուհու եւ խմբի վոկալ, ռիթմիկ ու պարային որակներն էին, այլ երաժշտությունը, բառային ատաղձը եւ պարային շարժումները։ Ամբողջ 5-6 րոպե ինձ զգացի Թուրքիայի ոչ մայրաքաղաքային մի գինետանը։ Աչքիս պարարտ, կիսամերկ, պորտից ներքեւ ճկուն շարժուձեւերով երգչուհին էր, շրջապատված համապատասխան մահմեդական տարազով պարուհիներով։ Իսկ հիացմունքից աչքերը շողացող, կուշտ սնված ունկնդիրները պատրաստ էին թուրքական լիրաները խոթելու երգչուհու «երկչոտ» հագուստի ծալքերը։ Հանկարծ սթափվեցի. թուրք-մահմեդական այդ պորտապարը հնչում էր հայերեն, հայ երգչուհու շուրթերով մայրենիս պղծվում էր։ Երգի ճիշտ անվանումը չեմ հիշում, սակայն մտքումս էր մնացել այն սուբյեկտը, որին ձոնված էր երգը՝ «ջիգյարը»։ Ես հայերենի պետականության, ժողովրդավարության, ազատության ջերմ կողմնակից եմ, սակայն ակամա հիշեցի խորհրդային տարիներին գործող տարբեր գեղխորհուրդները եւ պետական այն մարմինները, որոնք պատնեշում էին անճաշակ, գաղափարազուրկ, ոչ բարոյական (իրենց կարծիքով) ստեղծագործությունները հանրությանը ներկայացնելը։ Կարծում եմ, որ գոնե այս երգ կոչվածի համար կարելի էր վերստեղծել նման մի մարմին։ Եվ վերջապես ինձ համար ամենագլխավորը. իմ պետության անկախության օրը, այդ՝ դարեր շարունակ փափագված իղձը մարմնավորող տոնը ողջունվեց թուրքա-մահմեդական երգ-պորտապարով եւ ի ցավս՝ ծափահարվեց բազմաթիվ ունկնդիրների կողմից։ ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ Գիտաշխատող Մոտավորապես նույն բովանդակությամբ մի նամակ էլ խմբագրությունը ստացել է արեւելագետ Կարինե Սամվելյանից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել