Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ԹԱՏՐՈՆԸ ԲԱԼ-ՄԱՍԿԱՐԱԴ ԿԱՆԻ

Հոկտեմբեր 16,2002 00:00

ԹԱՏՐՈՆԸ ԲԱԼ-ՄԱՍԿԱՐԱԴ ԿԱՆԻ Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի կարծիքով, այսօր աշխարհում Հայաստանը դեռեւս չի ընկալվում իբրեւ լուրջ երաժշտության երկիր։ Ըստ նրա՝ չնայած հիմա մշակութային առումով աշխուժություն է նկատվում, սակա յն մեր երկիրը դեռեւս անելիք ունի աշխարհին հավուր պատշաճի ներկայանալու համար. «Մենք դեռ այն անունը չունենք մշակութային աշխարհում, եւ դրանից է, որ մեր ամենամեծ երաժիշտները միշտ ռուս են համարվել։ Հայաստանը պետք է երկար ճանապարհ անցնի, որպեսզի դառնա այն երկիրը, որին այլեւս չեն կապի Խորհրդային Միության հետ»։ Հայտնի է, որ օպերային թատրոնը մայիսին սկսած թատերաշրջանը դադարեցրել է. չեն ցանկանում այն վերսկսել Մարզահամերգային համալիրում՝ պատճառաբանելով բեմական անհարմարություններն ու դեկորային անհամապատասխանությունները։ Օպերային թատրոնի վերանորոգման պատճառով առաջացած խառնաշփոթը, սակայն, այնքան էլ չի հուսահատեցնում գեղարվեստական ղեկավարին։ «Ուրախ ենք, որ մեր թատրոնը վերջապես վերանորոգվում է, ինչի շնորհիվ մեկ տարի հետո կունենանք թե՛ նորմալ աշխատանք, թե՛ նորմալ հանգիստ եւ թե՛ նորմալ խաղաշրջան։ Իսկ մինչ այդ՝ կփորձենք հանդես գալ նաեւ համերգային կատարումներով, ինչն ընդունված է աշխարհում»,- ասում է Գ. Գրիգորյանը։ Կազմալուծված աշխատանքը, ըստ նրա, փորձում են սեփական ուժերով հունի մեջ գցել։ Նախ վարձել են Տերյան փողոցում գտնվող ձայնագրման ստուդիայի դահլիճը, բալետային մասը փորձում են խորեոգրաֆիկ դպրոցում, իսկ մենակատարներին Գ. Գրիգորյանը պատրաստ է թեկուզ իրենց տանը լսել։ Գեղամ Գրիգորյանից տեղեկացանք, որ հունվար ամսին «Նորմա» օպերան պատրաստվում են տանել Մոսկվա. հրավեր են ստացել Մեծ թատրոնից։ Օպերային թատրոնը հրավիրված է մասնակցելու նաեւ Սանկտ Պետերբուրգում կայանալիք «Ոսկե դիմակ» փառատոնին։ Ի դեպ, Գ. Գրիգորյանը հաստատեց տարածված այն լուրերը, որ «Նորման» պատրաստում է ձայնագրության, ինչի համար, բնականաբար, մեծ գումարներ են պահանջվում։ Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարը նշեց, որ հայտնի օպերան ոչ միայն կձայնագրվի, այլեւ կվերածվի համանուն ֆիլմի, որի համար անհրաժեշտ գումարները «շուտով գալու են Մոսկվայից»։ Գ. Գրիգորյանը մտադիր է իր այդ երազանքն իրականացնելուց հետո, ֆիլմը վաճառելուց գոյացած հասույթն էլ ուղղել թատրոնի բարգավաճմանը։ Նա նաեւ տեղեկացրեց, որ ամանորի տոների կապակցությամբ օպերային թատրոնն անակնկալ ունի հայաստանցիներին. «Կազմակերպվելու է ճոխ բալ-մասկարադ, ուր հնչելու են նմուշներ ամենաընտիր էջերից»։ Սակայն «մոռացավ» նշել, որտեղ է կայանալու միջոցառումը, մանավանդ որ թատրոնի ողջ կոլեկտիվն առայժմ համատեղ փորձեր կատարելու հնարավորություն իսկ չունի, չի էլ ցանկանում թեկուզ կարճատեւ «բնավորվել» Մարզահամերգային համալիրում, մինչեւ վերանորոգումների ավարտը։ Չնայած լավատեսությանը՝ Գ. Գրիգորյանը մտահոգ է այն վիճակով, որ ներկայումս տիրում է երաժշտական աշխարհում. Հայաստանում ցածրաճաշակ երաժշտությունը դուրս է մղում լուրջ երաժշտությանը. «Ես դեմ եմ այն արվեստին, որ ոչինչ չի տալիս հոգեկան աճի առումով։ Բայց նաեւ գտնում եմ, որ կգան ժամանակներ ու մարդիկ կգիտակցեն, թե ինչը պետք է գնահատեն, ինչը՝ ոչ»։ Ի դեպ, Գ. Գրիգորյանը հայտարարեց, որ իբր խիստ անտարբեր է մամուլի այն հրապարակումներին, որոնցում քննադատական շեշտեր կան իր կամ թատրոնի հասցեին։ «Այս կամ այն թերթը չէ, որ պիտի որոշի, թե ինչպիսին պիտի լինի Հայաստանում մշակութային կյանքը»,- առանց ավելորդ համեստության ասաց նա։ Ինչ վերաբերում է իր կողմից օպերային երգեցողության ակադեմիա բացելուն, Գ. Գրիգորյանը համարեց հրաշալի գաղափար, որի իրագործման շնորհիվ, իր կարծիքով, օպերային թատրոնի համար եւս մի քանի կարգին կադր կպատրաստվի։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել