Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Վեհափառի հասցեին չարախոսելը հավատի կորուստ է

Հոկտեմբեր 16,2002 00:00

Վեհափառի հասցեին չարախոսելը հավատի կորուստ է Պատասխան Խորեն Թռչունիչին Չգիտեմ Դուք ինչպես, Խորեն Թռչունիչ, բայց Ամենայն Հայոց կաթողիկոս ասելիս ես խոնարհումի զգացողություն եմ ապրում եւ, բնականորեն, անձնապես վիրավորվում եմ, երբ Հայոց կաթողիկոսի հասցեին անհարկի խոսք է հնչում։ Գարեգին Բ Վեհափառն ինձ համար նույնն է, ինչպես Վազգեն Առաջինը, ինչպես Խրիմյան Հայրիկը… բոլոր կաթողիկոսները։ Հիմա, Ձեր հանդեպ լրագրողիս ունեցած հարգանքի թելադրանքով, մի երկու դեպք եմ ուզում համառոտ հիշեցնել ձեր տիրապետության օրերից։ Դուք պետք է որ լավ հիշեք, թե «Մարտնչող անաստվածների միություն»172ը ինչ գործունեություն էր ծավալում։ Այդ միություն կոչվածի անդամներից մեկը, առաջացած տարիքով մի մարդ, անկողնուն գամված, թոռանը պատվիրում է իր անդամատոմսը տանել Վազգեն Առաջին Վեհափառին՝ «Խնդրիր թող օրհնի, որ ես մաքրված խղճով հեռանամ այս աշխարհից»։ 1990 թվականին այդ մասին ինձ պատմեց Վազգեն Վեհափառը. «Ապշելու բան է, թե այսքան ճնշումների պայմաններում մարդիկ ինչպես են հոգեւոր մաքրության կարոտ մնում»։ Այդ տոմսը (համարը՝ 29.000) հիմա ինձ մոտ է, Խորեն Թռչունիչ, ինձ մոտ է նաեւ այն տեսագրությունը, որ Վազգեն Առաջինն այդ տոմսի առիթով պատմեց Ռումինիայից Հայաստան իր այցելության մի դրվագ։ Այս պատմությունը հար եւ նման է նախորդին, որը նաեւ Գարեգին Երկրորդի հասցեին ասված Ձեր անվայելուչ խոսքերի ամենադիպուկ պատասխանն է։ Ահավասիկ Վազգեն Վեհափառի պատմածը. «1955172ին Հայաստան էինք եկել կաթողիկոսական ընտրություններին մասնակցելու։ Դեպի Սեւան էքսկուրսիայի ճանապարհին դադար առանք Էլար կոչվող բնակավայրում։ Աղբյուրի մոտակայքում մի փայտաշեն տնակ կար, ես մի քիչ վախվորած, որովհետեւ մեզ ուղեկցողները արտասահմանցիներիս խումբը միշտ հեռու էին պահում տեղացիներից, առանձնացա խմբից եւ մտա այդ տնակը։ Մի երկաթագործ մարդ էր աշխատում։ Երբ տեսավ ինձ հոգեւորականի հագուստով, հասկացավ, որ արտասահմանցի եմ, եւ գիտե՞ք ինչ արեց՝ մուրճը թողեց, ձեռքերը վեր բարձրացրեց. «Տեր հայր,172 ասաց,172 ե՞րբ պիտի գա մեր ազատությունը»։ Ես այնքան հուզվեցի, որ չկարողացա պատասխան տալ, բայց անմիջապես հետեւիցս վազելով եկավ մեզ ուղեկցողներից մեկը եւ զայրացած հարցրեց. «Այդ մարդն ի՞նչ ասաց Ձեզ»։ Ասացի՝ «Բարով եք եկել, ասաց»։ Նայեցի երկաթագործին, որն այդ մարդու ներս գալով մի տեսակ վախեցել ու կուչ էր եկել, հանգիստ շունչ քաշեց, եւ աչքերի մեջ շնորհակալության կար. ես հասկացա այդ մարդու ողջ ողբերգությունը։ Իմ կյանքի այդ օրերին դա մի հուզիչ պահ էր ինձ համար եւ ցավ, որ մեր ժողովուրդը հոգեկան ծանր ապրումների մեջ է»։ Այսպիսի բաներ, Խորեն Թռչունիչ։ Հիմա դարձեք եւ մեկ անգամ էլ կարդացեք այս նյութի վերնագիրը։ Հարգանքներով՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել